Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փուչիկների գործով» նոր հաղորդում՝ քրեական գործ սկսելու մասին. Ա. Սաքունցը դատախազություն է դիմել

Հոկտեմբեր 27,2012 17:54

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը «Փուչիկների գործով» քրեական նոր գործ սկսելու պահանջով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` ներկայացնելով նոր հիմքեր «Փուչիկների գործը» նորովի սկսելու եւ նոր նախաքննություն իրականացնելու համար:

«Ես ասել էի, որ եթե քննչական մարմինները, դատախազությունը Ս. Բոզոյանի կնոջ հարցազրույցի հետքերով նոր քրեական գործ չսկսեին, ապա ես էի դիմելու այդ պահանջով: Հիմա արդեն հաղորդումը մեր գրասենյակը պատրաստել է, ես էլ իմ ստորագրությունը դրել եմ եւ մնում եմ այն համոզմանը, որ դատախազությունը կոնկրետ նոր հանգամանքներով նոր քրեական գործ պիտի հարուցի, պիտի հարցաքննվեն նորից եւ՛ Ս. Բոզոյանը, ե՛ւ նրա կինը`Մարիա Բոզոյանը եւ էլի մարդիկ, ովքեր արդեն հարցաքննվել, կամ ընդհանրապես չեն անցել այս գործով»,- galatv-ին փոխանցեց իրավապաշտպան Ա. Սաքունցը: Նրա համոզմամբ` «Փուչիկների գործը» չի կարելի փակված կամ ավարտված համարել, քանի որ, ըստ էության, հնարավորություն կա փոխելու այդ գործի ընթացքը:

«Քանի որ Մուրադ Բոզոյանի կինը խոսքում վկայակոչել  է մի հանգամանքի մասին, որը քննությամբ գնահատական չի ստացել: Խոսքը գնում է փուչիկներ պատվիրողի  մասին: Քրեական գործով մեղադրանք առաջադրված է միայն փուչիկներ փչողին, բայց ո՞վ է պատվիրատուն եղել, ինչքա՞ն է օրինաչափ եղել այդ պատվերը, ո՞վ է վճարել եւ ինչու՞: Մարիամ Բոզոյանը անուն է նշում»,-համոզված է Ա. Սաքունցը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթել էին մեթանով լիցքավորված փուչիկները:

Տեղի ունեցածի առնչությամբ, մեղադրանք էր առաջադրվել միայն փուչիկները լիցքավորողին` Սերոբ Բոզոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անչափահաս երեխայի հայր Սերոբ Բոզոյանը, ով քաղցկեղով հիվանդ է, ազատազրկվել է 1 տարի ժամկետով: «168 ժամ»-ին տված հարցազրույցում Բոզոյանի կինը՝ Մարիա Բոզոյանը, նշել էր, որ ամուսնուն փուչիկները պատվիրել է Կարեն անունով մեկը, եւ որ պատվիրատուն ցանկացել է, որ Ս.Բոզոյանը մեթանով լիցքավորի փուչիկները, որպեսզի գումարը քիչ լինի, որովհետև հելիումովը՝ թանկ է:

« Խնդիրն այն է, որ քննչական մարմինը իրավական գնահատական պետք է տա ամեն մի գործողության, ուսումնասիրի բոլոր հանգամանքները, որոնք հանգեցրել են տվյալ դժբախտ դեպքին, որից մեկը չէ, երկուսը չէ, հարյուրավոր մարդիկ են տուժել»,-համոզմունք էր հայտնել իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցին անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ Ս. Բոզոյանի կինն իր հարցազրույցում խոսել է նաեւ ամուսնու «վախերի» մասին` ասելով, թե ինքը վախենում է խոսել.«Իսկ հիմա, էդ մարդիկ ընդհանրապես վախից ընդհատակ են անցել, պատկերացնում եք անգամ մենք զանգահարում ենք, ուզում ենք պայմանավորվել, որ հանդիպենք, բայց իրանց ընտանիքը, իսկականից, վախից չգիտի` ինչ անի: Սա ավելի մեծ խնդիր է»,-ասում է իրավապաշտպան Ա.Սաքունցը:

Հիշեցնենք նաեւ, որ անդրադառնալով «Փուչիկների գործին»՝ galatv.am– ի լրագրողի հետ զրույցում ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը ասել էր. «Այդ հարցը միանշանակ փակ է, մենք արդեն անդրադարձել ենք այդ հարցին եւ պարզաբանումներ տվել ենք: Հարցին, թե հանրապետականները իրենց մեղավոր չե՞ն համարում մայիսի 4-ի հայտնի իրադարձությունների համար, Կարեն Ավագյանը արձագանքել էր. «Ով մեղավոր է՝ ինքը կրում է իր պատիժը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031