«ՄԱԿ-ը Երևանը դասակարգել է բնաջնջվող քաղաքների շարքին» թեմայով այսօր «Արմատ» ակումբում խոսեց վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանը, ով ներկայացրեց, թե ՄԱԿ-ի վերոնշյալ զեկույցում Երևանը բնաջնջվող քաղաքների շարքում դասելը որքանով է համապատասխանում իրականությանը:
Տնտեսագետի խոսքով` ՄԱԿ-ի զեկույցում ներկայացված տվյալներն իրականում չեն առնչվում միգրացիայի հետ. «Եզրակացությունը վերաբերում է էր ոչ թե Երեւանի բառացի բնաջնջմանը եւ մահանալուն, այլ բնակչության թվաքանակի նոսրացմանը` կապված ցածր ատադրողականության, միջին կենսամակարդակի, շրջակա միջավայրի աղտոտվածության եւ այլ ցուցանիշների հետ: Այդ ամենով հանդերձ` զեկույցում խոսք չկար միգրացիայի պատճառների եւ հետեւանքների մասին»:
Անի Քալաշյանը հայտնեց, որ արտագաղթի ծավալով ՀՀՀՀհՀՀԲՂԲՂՆՎ<այաստանը տարածաշրջանում առաջին տեղում է` համաձայն ՄԱԿ-ի 2009թ-ի «Միգրացիա եւ մարդկային զարգացում» զեկույցի. «Միգրացիան ՀՀ-ում հատկապես սրվել է վերջին երկու տարում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` 1990-ականներից մինչ 2000թ-ը Հայաստանից հեռացել է մեկ միլիոն քաղաքացի, ովքեր համարվում են մշտական միգրանտներ: 2000-2005թթ գերակշռում էին աշխատանքային միգրանտները, որոնց արտահոսքը շարունակվում է մինչ այսօր: Իսկ երրորդ արտահոսքը, ոչ պաշտոնական տվյալներով` կապված է Մարտի 1-ի դեպքերի հետ»:
Տնտեսագետն արձանագրեց, որ միգրացիայի հիմնական շարժառիթը զբաղվածության խնդիրն է, որն առաջնահերթ առկա է մարզերում. «Երիտասարդները դպրոցն ավարտելուց եւ ծառայելուց հետո մեկնում են այսպես կոչված խոպան` աշխատանք գտնելու նպատակով: Խոպան մեկնելու երեւույթը կարծես ավանդույթ է դարձել, քանի որ այդպես են վարվում ընտանիքների հայրերը եւ առհասարակ` շրջապատի մյուս տղամարդիկ: Ներկայումս շատերն են գալիս մարզերից եւ ակտիվ կյանք ու աշխատանք չգտնելով մայրաքաղաքում` մեկնում արտասահման»:
Կարդացեք նաև
Քալաշյանն ասաց, որ ընտանիքների 77 տոկոսում կա մեկ տղամարդ-միգրանտ, ինչը կապված է ազգային մենթալիտետի հետ. «Մեզանում ընդունված է, որ տղամարդիկ են ընտանիքը կերակրողները, իսկ կանայք տնային տնտեսուհիներն են: Ընդհանուր առմամբ, միգրանտների մեծամասնությունը 25-35 տարեկան է: Արտագնա աշխատանքի մեկնելը միգրանտները հիմնականում բացատրում են աշխատանք գտնելու, սովորելու կամ բանակից խուսափելու հարցերով: Միգրանտների «թիրախն» առաջին հերթին Ռուսաստանն է. ընտրությունը մեկնաբանում են լեզվի իմացությամբ եւ երկիր մուտք գործելու հեշտ եղանակով: Նույն պատճառն ասվում է նաեւ Ֆրանսիայի պարագայում, որը Ռուսաստանի պես ունի հայկական մեծ սփյուռք»:
Տնտեսագետի խոսքով. «Միգրանտները խոցելի են ՄԻԱՎ-ի դեմ: Հայաստանից դուրս գտնվող ՄԻԱՎ-ով վարակված տղամարդկանց թիվը գնալով աճում է: Հեռու գտնվելով մշտական զուգընկերոջից` միգրանտները հաճախ օգտվում են մարմնավաճառների ծառայություններից եւ թմրանյութերից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ