Այս կիրակի Հայ Առաքելական եկեղեցին նշում է խաչին նվիրված տոներից ընթացիկ տարում վերջինը` Գյուտ Խաչին: Տոնի խորհուրդի եւ արարողակարգի մասին այսօր «Արմատ» ակումբում խոսեց տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
Ներկայացնելով տոնի նախապատմությունը` քահանան ասաց, որ 313թ-ին, երբ Քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում հռչակվեց ազատ կրոն, հավատացյալները սկսեցին կառուցել վանքեր, եկեղեցիներ եւ ուխտագնացություններ կազմակերպել դեպի Երուսաղեմ` սրբազան մասունքներին հաղորդակից լինելու նպատակով. «Ուխտավորների թվում էր Հեղինե կայսրուհին, ով 327թ-ի ուխտի գնալով Երուսաղեմ` ձեռնամուխ է լինում խաչափայտի որոնմանը: Բարձրանալով Գողգոթայի գագաթը, որն այդ ժամանակ աղբանոցի էր վերածվել, որոնողները գտնում են երեք խաչ: Տիրոջ խաչը ճանաչելու համար դրանցից յուրաքանչյուրի վրա հերթով դնում են մի պատանու դիակ: Խաչերից մեկի վրա պատանին հարություն է առնում, եւ այդպես ճանաչվում է Քրիստոսի խաչափայտը:
Մեծ շուքով խաչափայտը իջեցնում են Գողգոթայից եւ գագաթին կառուցում սուրբ Հարություն եկեղեցին, որը մինչ օրս ուխտավայր է աշխարհի քրիստոնյա ժողովրդի համար: Խաչափայտի մասունքը բաժանվեց տարբեր եկեղեցիներին: Այդ ժամանակից ի վեր սկսեցին նշել խաչի տոները»:
Տեր Նիկողոսը փաստեց, որ Խաչի Գյուտի տոնը հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու կարեւոր տոներից. «Մինչ Քրիստոսի խաչելությունը խաչը պատժի գործիք էր, բայց խաչելության համար դարձավ փրկության գործիք: Երբ Քրիստոսի սուրբ արյունը թափվեց խաչի վրա, այն ծաղկեց եւ քրիստոնյաների համար դարձավ փրկության ամենազորավոր միջոցը: Հետեւաբար, յուրաքանչյուրս կրելով Տիրոջ խաչափայտը, դառնում ենք նրա մի մասունքը: Անհիմն են կարծիքներն այն մասին, որ եթե Քրիստոսին դանակով սպանեին, մենք դանակն էինք պաշտելու: Այս հարցում «եթե»-ներ չկան: Գոյություն ուներ նախախնամություն, համաձայն որի` Քրիստոս պետք է խաչվեր: Հին Կտակարանում հիշատակվում է Մովսեսի խաչանման գավազանը, որը Քրիստոսի խաչի նախատիպն էր»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով տոնի արարողակարգին` հոգեւորականը նշեց, որ
տոնին նախորդող երեկոյան տեղի է ունենում Ժամերգության արարողություն, որի ընթացքում երգվում են խաչին նվիրված շարականներ. «Հաջորդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ Պատարագ, անկախ նրանից` եկեղեցին կրում է սուրբ Խաչ անունը, թե` ոչ»:
Տեր Նիկողոս Հովհաննիսյանը հավելեց, որ Տիրոջ խաչափայտի մասունքը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ