Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչը ՀՀ իշխանություններին նմանեցրել է տեղափոխությունից քանդվող պահարանի

Հոկտեմբեր 27,2012 15:27

«Հոկտեմբերի 27-ի դասերից մեկն այն է, որ այդ ճշմարտությունը չենք կարողանում բացահայտել: Հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում այն վարկածին, որը ներկայացվեց, թե դա եղել է մի խումբ մարդկանց ինքնուրույն գործողություն»,- այսօր Հայաստանի քաղաքագետների միությունում լրագրողների ու քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: «Քանի նմանատիպ հարցերը լուծում չեն ստանում, հասարակության մեջ երբեւէ հավատ չի արթնանա, որ հասարակական շարժումների միջոցով կարելի է ինչ-որ բան փոխել»,- շարունակեց նա:

Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ պարոն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ դաշտում շիլաշփոթ է. «Մի ճահիճ է, որը նույնիսկ պատկերացումներ չի տալիս, թե որ կողմը կքաշի: Բոլոր կողմերից սկսում ենք հարվածներ ստանալ: Ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ի երկիր Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձներ, մենք էլ ընկնեինք այսպիսի ծանր կացության մեջ եւ չիմանայինք, թե ինչպես խուսափենք պատերազմական իրավիճակից: Որովհետեւ խորին համոզմունք ունեմ եւ լավ տվյալներ, որ դա արվել է պատերազմ հրահրելու ու քաոս ավելացնելու համար»:

Պարոն Կարապետյանի համոզմամբ, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցում Հայաստանի չկողմնորոշվելը նոր խնդիրներ է առաջադրում՝ գազի սակագնի նոր թանկացումները. «Դրա համար հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ դեռ այն ժամանակ քաղաքական նպատակներով էներգետիկ մեծ քանակությամբ հզորությունները եւ ձեռնարկությունները հանձնվել են Ռուսատանին եւ լուծում չենք կարողանում տալ արդյունաբերության զարգացմանը, ռուսական շուկայի բացմանը, ճանապարհների խնդրի լուծմանը: Երեւանում ահնդիպումներից մեկից հետո Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներևից մեկը Մոսկվայում փորձագիտական կարծիք էր հայտնել, թե Հայաստանի իշխանությունը նման է մի պահարանի: Մենք վերցնում, դնում ենք մի անկյունում ու ասում՝ այստեղ մնա, դու մերն ես, ամերիկացիները տանում են մյուս անկյունում դնում, ասում ՝ դու այստեղ խելոք մնա, դու մերն ես: Պահարանը փոխատեղումից սկսվում է քայքայվել, քանդվել»:

«Ինչպե՞ս կարող եք բնութագրել այսօրվա քաղաքական համակարգը»,- պարոն Կարապետյանն ինքն էլ պատասխանեց իր առաջադրած այս հարցին. «Ունենք ուժեղ նախագահ, կոալիցիա, եւ կոալիցիոն կառավարություն: Այս ինչ քաղաքական համակարգ է, որն իր մեջ արդեն դրել է այն սկզբունքները, որ իրար դեմ են բոլորը: Ուժայինները իրար դեմ են դրված, կուսակցությունները՝ իրար դեմ, քաղաքական դեմքերը՝ իրար դեմ: Դժվա՞ր է օրենք ընդունել, որ մարդիկ իրավունք չունենան 2 անգամից ավելի կամ պատգամավոր լինեն կամ նախագահ եւ կտեսնեք, ինչքան մարդ այլեւս չի ցանկանա հետ գալ: Մեզ սերնդափոխություն է պետք»:

Արամ Կարապետյանի հետ կազմակերպված այսօրվա հանդիպումը Քաղաքագետների միության նախաձեռնությունն էր: Նախագահական ընտրություններին ընդառաջ, միությունը հանդիպումներ է կազմակերպելու նախագահի բոլոր թեկնածուների հետ: «Փորձագիտական քննության ենք ենթարկելու բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը: Բոլոր թեկնածուներին ուղղելու ենք 10 առանցքային հարցեր, հիշենք 10 պատվիրանները, պարզենք թե ինչպես են վերաբերում այդ հարցերին ու ինչպես են պատկերացնում այդ հարցերի պատասխանները: Դրանցից կստանանք այն պատկերը, թե թեկնածուները ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան»,- ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ, թեկնածուների հետ հանդիպումները կնպաստեն քաղաքացիներին գնալ ավելի գիտակցված ընտրությունների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031