ԶԼՄ-ների միջեւ սեղանի թենիսի ավանդական առաջնությանը
«Առավոտ» օրաթերթը, VivaCell-MTS-ի եւ Coca-Cola HBC Armenia-ի հովանավորությամբ, «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում նոյեմբերի 3-ին կազմակերպում է զանգվածային լրատվամիջոցների միջեւ սեղանի թենիսի ավանդական դարձած` 5-րդ առաջնությունը:
Առաջնության նպատակն է` առողջ ապրելակերպ քարոզել եւ այն կենսակերպ դարձնել նաեւ լրատվական դաշտում:
Մասնակցության պայմանները.
Կարդացեք նաև
Առաջնությանը կարող են մասնակցել ԶԼՄ-ների հաստիքային աշխատողները` անկախ զբաղեցրած պաշտոնից:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է:
Առաջնությանը մասնակցել ցանկացողները դրա մասին իրազեկող հայտը պետք է ներկայացնեն անձամբ մարզական էջի պատասխանատուին` Աշոտ Հակոբյանին կամ այն ուղարկեն [email protected], [email protected], [email protected] հասցեներին: «Առավոտ» օրաթերթի խմբագրության հասցեն է Արշակունյաց 2, 15-րդ հարկ:
Հայտը պետք է լրացված լինի տվյալ լրատվամիջոցի բլանկի վրա եւ հաստատված` լրատվամիջոցի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:
Հայտում պետք է նշվի լրատվամիջոցի աշխատակցի անուն-ազգանունը եւ զբաղեցրած պաշտոնը:
Արգելվում է հայտավորել սեղանի թենիս պարապած, մարզաձեւի սեկցիա հաճախած անձանց` անկախ դրանց մասնակցելու ժամանակահատվածից:
Հայտավորման պայմանը խախտելու փորձը կհրապարակվի «Առավոտ» օրաթերթում եւ Aravot.am կայքում:
Առաջնության մրցավարությունն իրականացնելու են միջազգային կարգի սպորտի վարպետներ, Եվրոպայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գոհար Խանզրատյանը, տարբեր տարիքային խմբերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:
Առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 3-ին, ժամը 11:30-ին: Ուշացողները, անկախ ժամանակին հայտը ներկայացրած լինելուց, առաջնությանը մասնակցելու իրավունք չեն ունենա:
Մասնակիցների հաշվառման վերջնաժամկետն ավարտվում է նոյեմբերին 3-ին, ժամը 11:00-ին:
«Առավոտ» օրաթերթ