Հոկտեմբերի 24-26-ը Պրահայում անցկացված Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ընկերակցության վարչության նիստում որոշում կայացվեց ընկերակցության կազմում ընդգրկել երկու նոր անդամի՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին եւ Վարշավայի մանկավարժական համալսարանի ռեկտոր Յուլիանա Աուլեյտներային։ Ընկերակցության վարչության նիստին մասնակցում էին եվրոպական 10 երկրների 15 բուհերի 21 ռեկտորներ կամ պրոռեկտորներ, դեկաններ եւ գիտական ինստիտուտների տնօրեններ։ Ընկերակցության հիմնադիր նախագահ, Ուկրաինայի Դրագոմանովի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Անդրյուշչենկոն իր ելույթում կարեւորեց Եվրոպայի մանկավարժական սահմանադրության ընդունումը եւ ներկաներին հրավիրեց ներկայացված փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով եւ դիտողություններով։ Բովանդակային քննարկումների արդյունքում որոշվեց մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը ավարտել մանկավարժական սահմանադության վերջնական տարբերակի շուրջ քննարկումները եւ մայիս ամսին Մայնի Ֆրանկֆուրտում կայանալիք ընկերակցության համագումարում ներկայացնել հաստատման։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ