Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ մեղք ունեն մինի ՀԷԿ-երը

Հոկտեմբեր 27,2012 14:44

Որոշակի պարբերականությամբ հայաստանյան բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ ծագող «թեժ մարտերը» իհարկե, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ են: Բնականաբար, այսօր ոչ ոք չի կարող պնդել, որ հայրենի բնապահպանության համար պատասխանատու պաշտոնական մարմինը իր գործառույթները, մեղմ ասած, անթերի է կատարում: Ասվածի վկայությունն են նույնիսկ վերջին ժամանակների բնապահպանության ոլորտում արված կոռուպցիոն եւ այլ բնույթի պաշտոնական բացահայտումները: Միայն կարելի է կռահել, թե իրականում ինչ ծավալների են հասնում ոլորտում առկա օրինախախտումները: Այս առումով, բնապահպանների ընդվզումները, ինչ խոսք, գոնե որոշ չափով զսպում են պաշտոնական «բնապահպանների» անզուսպ ախորժակը: Եվ դեռ մեծ հարց է, եթե չլինեին որոշ բնապահպանական կազմակերպությունների ակտիվ ահազանգերը եւ գործողությունները, արդյոք իրավիճակը բնապահպանական բնագավառում եղածից էլ ավելի վատթար չէ՞ր լինի: Սակայն, դրանով հանդերձ, որոշակի տարակուսանք է առաջացնում նույն բնապահպանական հասարակական սեկտորի վերջին շրջանի ակտիվությունը՝ ուղղված Հայաստանում ՀԷԿ-երի եւ մասնավորապես փոքր ՀԷԿ-երի շինարարության եւ շահագործման դեմ: Եթե, օրինակ, Թռչկանում կառուցվող ՀԷԿ-ի պարագայում բնապահպանական անոմալիաները ակնհայտ էին, եւ խնդիրն արդարացիորեն հասարակական լայն աջակցություն ու պետության կողմից ճիշտ լուծում ստացավ, ապա նույնը չի կարելի ասել այլ ՀԷԿ-երի շուրջ բարձրացված աղմուկի մասին: Բնապահպանների դիրքորոշումն առավել քան տարօրինակ է եւ ոչ հետեւողական, քանի որ նրանցից շատերը ժամանակին, պայքար մղելով, օրինակ՝ հայկական ատոմակայանի շահագործման կամ վերաշահագործման դեմ, առաջարկում էին որպես այլընտրանք զարգացնել հայաստանյան հիդրոռեսուրսներով աշխատող էլեկտրակայանները: Բացի այդ, զարմանալի է, որ ՀԷԿ-երի եւ մինի ՀԷԿ-երի դեմ մաքսիմալիստական պայքարը ընթանում է գազի սակագների աճի վերաբերյալ խոսակցությունների ֆոնի վրա: Հասկանալի է, որ գազի սակագների անխուսափելի թվացող բարձրացման պայմաններում հիդրոէներգետիկան թերեւս միակ համեմատաբար էժան միջոցն է մնում էլեկտրաէներգիայի սակագների աճը ինչ-որ չափով զսպելու համար: Այս պարագայում հարց է առաջանում, թե, արդյոք, բնապահպանների կողմից բարձրացված վերոհիշյալ հարցերը իրոք բնապահպանակա՞ն, այլ ոչ թե այլ խնդիրներ են լուծում:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031