Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային օպերային թատրոնը թանկ արժե»

Հոկտեմբեր 27,2012 14:41

Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանի համոզմամբ, Ազգային օպերային թատրոնն է կոչված  հայ կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործությունները պրոպագանդել:

Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի ղեկավարությունը ասուլիս էր հրավիրել վերջերս «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցության առիթով: Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Հովհաննես Միրզոյանը հայտնեց, որ ալավերդցիները առաջին անգամ էին իրենց տանը ներկա գտնվում օպերային բեմադրության: Բանախոսի խոսքերով՝ «Ալավերդիում եւ Վանաձորում ներկայացված  Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերային բեմադրությունը արժանացել է ոչ միայն «Թատերական Լոռի» փառատոնի մրցանակին, այլեւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը»: Նա հավելեց, որ ներկայացումն արժանացել է Տիգրան Լեւոնյանի անվան մրցանակի, իսկ Սերպինայի դերերգով հանդես եկած օպերային ստուդիայի մեներգչուհի Նվարդ Հովակիմյանը՝ Թատերական գործիչների միության դիպլոմին:

Օպերային ստուդիայի 32-ամյա գործունեության  ընթացքում ուսանող- արվեստագետները օպերային բեմադրություններով եւ համերգային կատարումներով հանդես են եկել Մոսկվայում, Իսպանիայում եւ հանրապետության մարզերում: Հ. Միրզոյանն ասաց, որ, ցավոք, քիչ են հանրապետության  ներսում կայացած իրենց բեմելները. «Կուտակված է օպերային գրականության հսկայական խաղացանկ, ավելի քան 20-ից ավելի ներկայացում, որոնցից Հայաստանում առաջին անգամ ստուդիան բեմադրել ու հանդիսատեսին է ներկայացրել Պուչինիի «Ծիծեռնակը», «Եռապատումը», Դոնիցետիի «Սիրո ըմպելիքը»,  Հայդնի «Դեղագործը», Ռոսինիի «Զանգակը» եւ «Ամուսնական մուրհակը»:

Aravot.am-ի հարցին, թե ինչու չեն անդրադառնում հայ հեղինակների օպերաներին, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Չենք անդրադառնում, որովհետեւ Ազգային օպերային թատրոնն է կոչված  հենց մեր կոմպոզիտորների մեծակտավ ստեղծագործությունները պրոպագանդելուն»: Մեր դիտարկմանն էլ, թե ինչո՞վ բացատրել, որ Հայաստանում Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատները ավելի շատ աջակցում են ստուդիային, քան Ազգային օպերային թատրոնին՝ բեմադրությունների կայացման համար, Հ. Միրզոյանը  կեսկատակ- կեսլուրջ ասաց. «Ազգային օպերային թատրոնը, բնականաբար, ավելի թանկ արժե»:

Հրավիրված ասուլիսից հետո  լրագրողների եւ այս օրերին Երեւանում անցկացվող Erasmus Mundus, Tempus, Linnaeus-Palme contact սեմինարի մասնակից բուհական համակարգի եվրոպացի մասնագետ հյուրերի համար օպերային ստուդիան  ներկայացրեց Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»-ն:

Aravot.am-ին պարոն Միրզոյանն ասաց, որ դասական երաժշտության սիրահար տարբեր մասնագիտությունների տեր հյուրերի ներկայությունը  հետապնդում է հետագա համատեղ ծրագրերի իրականացում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031