Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան. Հետո նեղացող չլինի

Հոկտեմբեր 27,2012 14:35

Հայաստանի Հանրապետության անկախության 21 տարիների ընթացքում մեր քաղաքական բառապաշարում վստահաբար ամենաշատ գործածված բառը «բարեփոխում»-ն է։ Համաշխարհային բանկի, միջազգային տարբեր կառույցների դրամաշնորհներով ու ֆինանսավորմամբ եւ, անշուշտ, իշխանությունների «քաղաքական կամքով» բարեփոխել ենք առողջապահության ոլորտը, սոցիալական հիմնադրամ ենք ստեղծել, տասը եւ ավելի տարիներ եվրոպական կրթական դաշտին ինտեգրվելու ուղեգիծ ենք որդեգրել, դատաիրավական բարեփոխումների մի քանի փուլեր ենք անցել, մեր օրենսդրական դաշտը եվրոպականին համալրելու պարտավորություններ ենք ստանձնել՝ օրենքների մի ճնշող մասը միջազգային փորձաքննություն է անցել եւ, թվում է, թե իրագործում ենք… խոսքի ազատություն…. ազատ մամուլ… բարեփոխված ընտրական օրենսգիրք… Իրապես, ոլորտ չի մնացել, որ անցած չլինի բարեփոխման թրի տակով…. Դժվար չէ նաեւ պատկերացնել, թե այս բարեփոխումներն ինչ են արժեցել՝ բառի ուղիղ՝ թվային պատկերով ու նաեւ՝ բարոյական ընդգրկումով։

Զեկույցների, խորհրդատվությունների, մշտադիտարկումների ու հայեցակարգերի պակաս գրեթե չկա… Իսկ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական, իրավական եւ ժողովրդավարական պետության հանձնառությունն էլ կա ու կա։

Այս ամենն, իհարկե, հրաշալի է… բայց իրականում որտե՞ղ ենք մենք։ Իսկ թե իրականում որտեղ ենք մենք՝ նույնիսկ մակրոտնտեսական ցուցանիշների կամ խիստ մասնագիտական վերլուծությունների անհրաժեշտություն չկա։

Մինչ մենք «բարեփոխվում ենք»՝ այդպես էլ չհաղթահարելով անցումային շրջանը, ՀՀ բյուջեի մի լուրջ հատված լափվում-փոշիանում է «ատկատչիկների» կողմից, օլիգարխների մի հայտնի բանակ շարունակում է ամենաթողության ու ցինիզմի իր արշավը, իսկ հանրապետության ազգաբնակչության 30%-ից ավելին հայտնվում է աղքատության եզրագծից անդին։

Հավանաբար, առաջիկայում բարեփոխումների շարքին կդասվի եւ իբրեւ սոցիալական ձեռքբերում կներկայացվի քաղաքական մեծամասնության օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի՝ 2013-ից հանրապետության նվազագույն աշխատավարձը 35000 դրամ կդառնա։ Շտապեմ ավելացնել, որ առաջին հայացքից տպավորիչ այս գումարը մոտ 20000-ով պակաս է կենսապահովման նվազագույն զամբյուղից (նույնն է թե՝ կենդանի մնալու գնից)։ Իսկ… Հայաստանից հեռանում են ու հեռանում… արտագաղթի ծավալները վաղուց են մեր ազգային անվտանգության սպառնալիք դարձել։ Հայաստանում մնացած համառներն էլ իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանությունը Եվրոպական դատարանում են փնտրում, ու ամեն անգամ անարդար վճիռ կայացրած դատավորի դիմաց պարտվում է Հայաստանի Հանրապետությունը, ու մենք՝ հարկատուներս, իբրեւ պարտված դատերի հատուցում, մեր միջոցներից ենք վճարում։

Երբեմն մտածում եմ, թե թանձրացնում եմ գույները, անհամբեր եմ կամ անհավան։ Ինձ եւ շատերի ներշնչում եմ հավատալ, փոխվել. ի վերջո՝ Հայաստանի հեռանկարին չհավատալու իրավունք ոչ մեկը չունի։ Ու նաեւ դժվար է պարտվածի բեռով ապրելը…

Ու դարձյալ հերթական միջազգային զեկույցը. ըստ Freedom House-ի՝ Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող «հիբրիդային» տիպի պետությունների շարքում, եւ ընտրական գործընթացների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով վիճակն ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում, իսկ լրատվամիջոցների անկախությամբ նույն մակարդակին ենք, ինչ Տաջիկստանը:

Ըստ էության այս գնահատականները նորություն չեն մեր իրականության համար, ավելին՝ հենց այս շարունակվող եւ չփոփոխվող իրականությունն է համատարած անելանելիության ու բարոյական անկումի, անտարբեր ու սպառող քաղաքացու, ներքին պարտության ու հոռետեսության պարարտ հող ծնում։

Իսկ ազգի բարոյահոգեբանական վիճակը քաղաքական ուժի տարր է, երկրի քաղաքական որակների բաղադրիչ։ Կա՞ արդյոք այս անհանգստությունը մեր քաղաքական-իշխանական վերնախավում, կա՞ արդյոք գիտակցումը, որ ներքին պարտությունն ու հուսահատությունը ռազմավարական ձախողում է, ներքին իմունիտետի կորուստ… չեմ կարծում, վստահ չեմ։

Այս էլ քանի տարի կեղծված ընտրությունները մեր քաղաքական ավանդույթի անբաժանելի բաղադրիչն են, ողջ քաղաքական դիսկուրսը ոչ թե գաղափարների շուրջ է, այլ ամեն գնով իշխանություն պահելու եւ իշխանական կերակրատաշտին մոտ լինելու շուրջ: Ու այս ճանապարհին մենք չենք խնայում մեր քաղաքացուն՝ նրան ընտրակաշառք վերցնող, հանցակից ենք դարձնում։

Օսկանյանի հետ կապվածն անշուշտ պիտի դիտարկել նախագահական ընտրությունների համատեքստում, իսկ ուղերձը հստակ էր. իշխանության վերարտադրման տրամաբանությունից դուրս որեւէ վարքագիծ, քիչ թե շատ ընդդիմադիր կեցվածք անընդունելի է։ Եվ անհանգստացնողը բոլորովին էլ անձերը չեն, այլ այն քաղաքական մշակույթը, որի մեջ ապրում է Հայաստանը։ Արդյոք գիտակցվո՞ւմ է սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների բեռն ու համապատասխան օրակարգ ձեւակերպվում, եթե այո՝ ովքեր են դրա իրականացնողները։ Ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ո՞ւր է գնում այդ երկիրը, նրա քաղաքացու իրավունքներն ինչպե՞ս են պաշտպանված, տագնապալի աշխարհաքաղաքական զարգացումների, պատերազմների, քաղաքական ճգնաժամերի մեջ մեր տեղը ո՞րն է…

Սրանց լուծումներն, անշուշտ, մի կողմից՝ քաղաքական, բարոյական ու ինտելեկտուալ հեղինակություն ունեցող իշխանություն են ուզում, մյուս կողմից՝ հավասար իրավունքներով, ազգային ինքնագիտակցության կրող քաղաքացիներ. սահմանադրական պետության երկու կարեւոր հենասյուները։

Կա՞ արդյոք մեր իրականության մեջ բարոյահոգեբանական ու քաղաքացիական այն ներուժն ու մտածողությունը, որ միավորվի ու ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ խնդիր ձեւակերպի ու պարտադրի։ Դժվարանում եմ պատասխանել։

Առաջիկայում նախագահական ընտրություններ են՝ կկարողանա՞ն արդյոք ինչ-որ բան փոխելու հանձնառությամբ միավորվել քաղաքացիական ու քաղաքական առողջ ուժերը, թե՞ քաղաքացիական ապատիայի ու ընդդիմադիր ուժերի անհանդուրժողականության արդյունքում դարձյալ թավշե սահունությամբ կվերարտադրվի գործող իշխանությունը։ Ու ինչպես հայտնի դարձվածքն է ասում՝ հետո նեղացող չլինի…

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031