Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտ է եւ սխալ ՀԱԿ-ին խաղից դուրս համարելը»

Հոկտեմբեր 27,2012 14:17

Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ Էդուարդ Շարմազանովը «դեռ երիտասարդ է» եւ «լավ չի պատկերացնում ՀԱԿ-ի իրական ուժն ու արժեքը»

«ՀԱԿ-ի դեմ այսօր սարսափելի մեծ հակաքարոզչություն է գնում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նկատի ունենալով վերջին շրջանում քաղաքական եւ հասարակական դաշտում առաջացած ակտիվ քննարկումները, որակումները եւ պիտակումները, որոնք հաջորդեցին հոկտեմբերի 23-ին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում պարոն Զուրաբյանն ասել էր, թե քաղաքական դաշտում միայն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն են ի զորու պայքարելու ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի դեմ, նաեւ նկատել է, որ նա, ով իշխանության գլուխ գա, տիրելու է սեփականությանը: «Սովորաբար, հարվածում են նրան, ով իրենից վտանգ է ներկայացնում»,- այս ամենի առիթով ասում է տիկին Սարգսյանը՝ հավելելով. «Անկախ իր բոլոր տեսակի՝ մեծ եւ մանր կորուստներից՝ ՀԱԿ-ն այսօր Հայաստանում գործող քաղաքական ուժերի մեջ միեւնույն է՝ առաջատարն է: Նախ՝ իր անցած ուղով, ապա այն քաղաքական միավորներով, որոնք այսօր ՀԱԿ-ում են: Շատ քաղաքական ուժերի ու լրագրողական աշխարհին մեկ հուշում ունեմ՝ պետք է գիտակցել, որ այն, ինչը որ ձեռք է բերվել ՀԱԿ-ի պայքարի արդյունքում, եւ որն այսօր կարողանում են օգտագործել նաեւ այլ քաղաքական ուժեր, չի կարելի փորձել ոչնչացնել»: Տիկին Սարգսյանը համոզված է, որ այսօր շատ թե քիչ ազատ գործունեություն ծավալելու հնարավորություններ ունեցող քաղաքացիական շարժումները եւս ինչ-որ առումով ՀԱԿ-ի տարած պայքարի շնորհիվ են: «Խոսքս նրա մասին չէ, որ իրենց կհաջողվի ՀԱԿ-ը թուլացնել կամ ոչնչացնել, այլ փորձել անգամ չի կարելի նման քայլեր մի քաղաքական միավորի նկատմամբ, որը հայոց պատմության մեջ միակն է, որ կարողացավ այդքան քաղաքական ուժերի միավորել եւ գործել առ այսօր: ՀԱԿ-ը ժողովրդի արժեքն է եւ ձեռքբերումը, պետք չէ նրա նկատմամբ նման դրսեւորում ցուցաբերել, այլապես կորցնելու են ժողովուրդը եւ պետությունը»,- ասում է տիկին Սարգսյանը:

Մեր դիտարկմանը, որ իշխանությունը 2008-ին չսարսափեց համաժողովրդական շարժումից, երբ այն իսկապես միահամուռ եւ ուժեղ էր, հիմա ինչո՞ւ պետք է ՀԱԿ-ից վախենա, երբ, մեծ հաշվով, քաղաքական դաշտում ՀԱԿ-ն այլեւս որոշիչ դեր չունի, մեր զրուցակիցը հակադարձեց. «Շուտ է եւ սխալ ՀԱԿ-ին խաղից դուրս համարելը: ՀԱԿ-ն ակտիվ դաշտում է եւ շատ ավելի ակտիվ է լինելու, քան ամիսներ առաջ էր: Ինչ մնում է իշխանություններին՝ եթե չվախենային, գիշերով գողեգող չէին հարձակվի համաժողովրդական շարժման վրա: Իշխանությունը գնաց այդ քայլին՝ սեփական վախը փարատելու համար, եւ այսօր ես կրկին վստահ եմ, որ իշխանությունը նույն չափով կամ մի քիչ այլ տեսակով, միեւնույն է՝ վախենում է ՀԱԿ-ի ակտիվությունից, որը մենք շատ արագ կարող ենք ապահովել»:

Ի դեպ, ՀՀԿ-ական ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Զուրաբյանի հարցազրույցից հետո հայտարարել էր, որ «ՀԱԿ-ը դարձել է այս կամ այն քաղաքական ուժի կցորդը»: Երեկ henaran.am կայքի հետ զրույցում Շարմազանովը մի քանի դիտարկումներ էլ էր արել ՀԱԿ-ի մասին: «Յոթ հոգով նույնիսկ մեկ երգ չեն կարողանում երգել, յոթ հոգով յոթ տարբեր երգ են երգում, էլ ուր մնաց՝ յոթանասունին նեղեն»,- հակադարձելով խորհրդարանական բրիֆինգներում արած Լեւոն Զուրաբյանի դիտարկմանը՝ ասել էր Էդուարդ Շարմազանովն ու հիշել «հսՏվ Ռ ԾՏրՖՍՈ»-ի հայտնի պատմությունը: Տիկին Սարգսյանը նկատեց, որ Շարմազանովի գնահատականներն առնվազն անխոհեմություն են. «Դա անզգուշություն է, որ թույլ է տվել Շարմազանովը: Իշխանությունները նման բաներ անում են սեփական վախը թաքցնելու համար: Շարմազանովը դեռ երիտասարդ է, հավանաբար դեռ լավ չի պատկերացնում ՀԱԿ-ի իրական ուժն ու արժեքը: Լավ կանի՝ ՀՀԿ-ի արբանյակներին տեսնի ու հասկանա, որ ՀԱԿ-ի հետ նման կատակներ անել չի կարելի»:

Երեկ մամուլի ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը հայտարարեց, թե այն, որ մինչեւ այժմ որեւէ մեկը չի բարձրաձայնել իր առաջադրման մասին, ուղիղ ապացույցն է նրա, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Ի դեպ, այս առիթով ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ասել էր, որ նրանք, ովքեր կմտնեն նախագահական ընտրապայքար, պայքարելու են երկրորդ տեղի համար: «Եթե այդպես մտածենք, եթե Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, ուրեմն դա կնշանակի, որ Հայաստանն արդեն իսկ կործանվել է: Իսկ իրականում Սերժ Սարգսյանը լուրջ մրցակիցներ ունի: Եվ նախեւառաջ՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի»,- ասում է մեր զրուցակիցը՝ ՀՀԿ-ականների նմանօրինակ հայտարարությունները հռետորաբանություն որակելով, որոնք նպատակ ունեն ժողովրդին հաշտեցնելու այն մտքի հետ, թե Սարգսյանը միեւնույն է՝ հաղթելու է, ու իմաստ չունի իրենց ձայներն այլ թեկնածուների տալ: Տիկին Սարգսյանը գտնում է, որ առողջ մրցակցությունը նախեւառաջ Սերժ Սարգսյանին է անհրաժեշտ, իսկ ժողովրդի համար դա «կենաց ու մահու» խնդիր է: «Այլընտրանքն ուղղակի պարտադիր է, եւ դա Սերժ Սարգսյանը կունենա՝ ինքը դառնալով նրա այլընտրանքը երկրորդ, նույնիսկ երրորդ տեղի համար»,- խոստացավ տիկին Սարգսյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031