Լրահոս
Օրվա լրահոսը

1+1-ը միշտ չէ, որ 2 է

Հոկտեմբեր 27,2012 14:03

Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել՝ թեկուզ ելնելով ձայների այն քանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ կուսակցությունները անցած խորհրդարանական ընտրություններում: Բա էլ ո՞վ: Խաբված «Ժառանգությո՞ւնը», չկողմնորոշված Դաշնակցությո՞ւնը: Գուցե «Նոր ժամանակնե՞րը» կամ ԱԻ՞Մ-ը:

Բայց, չգիտես ինչու, երբ այդ սովորական, ինքնըստինքյան հասկանալի գաղափարն արտահայտեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, դա ընկալվեց որպես սենսացիա եւ արժանացավ հանրապետականների կոշտ արձագանքին: Ընդ որում, այդ արձագանքի ինտոնացիան խիստ անհամապատասխան էր այն անձնավորությանը, որի մասին նրա գործընկեր պատգամավորները խոսում են: «Տեղ է ման գալիս», «հաց է փնտրում»՝ դա Լեւոն Զուրաբյանից նույնքան հեռու է, որքան ինձնից, ենթադրենք, Լիլու անունով երգչուհու «արվեստը»:

Ինձ թվում է՝ եկել է ժամանակը, երբ պետք է ոչ միայն հրաժարվել անձնական վիրավորանքներից, այլեւ երեւույթների մասին դատել սառը՝ առանց էմոցիաների: Եթե ես, օրինակ, ասում եմ, որ մեր ընտրական խմբում Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ հավասար հիմունքներով կարող է մրցել Դանիան, դա չի նշանակում, որ ես հավանում եմ այդ երկու հավաքականներին կամ երկրպագում եմ նրանց: Ոչ, ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, պարզապես փորձում եմ օբյեկտիվորեն գնահատել բոլոր թիմերի ուժերը: Գուցեեւ սխալվում եմ:

Ճիշտ նույն ձեւով, կարծում եմ, պարոն Զուրաբյանն է սխալվում, երբ մտածում է, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միավորումը իշխանությունների համար մղձավանջ կլինի: Ինձ թվում է՝  դա կլինի իշխանությունների երազած տարբերակը, երկու ուժերն են այդ դեպքում խոցելի դառնալու: ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը «մարտի 1»-ի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն է՝ եթե նրանք «ներեն» այն ուժին, որը առնվազն կողմ է քվեարկել հատուկ դրությանը, 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, չի դատապարտել քաղբանտարկյալների առկայությունը եւ այլն, ապա ՀԱԿ-ը իր քաղաքական կապիտալը կկորցնի: Իսկ ԲՀԿ-ի ուժեղ կողմն է զուսպ, սոլիդ, հեղափոխական ծայրահեղություններից զուրկ գործելակերպը, որն անհամատեղելի է ՀԱԿ-ական «գավրոշների» հախուռն փողոցային պայքարի հետ: Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում երկու ուժերի միավորումը անպայման չէ, որ հանգեցնի դրանց գումարային արդյունքի:

Ինչ մնում է Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը նույն ջանադրությամբ պատասխաներ, օրինակ, գազի սակագնին վերաբերող նրա դիտարկումներին: Այստեղ իշխանությունը քառ լռություն է պահպանում, որն այս հարցում մեզ լավ բան չի խոստանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031