Լրահոս
Օրվա լրահոսը

Թանգարաններում պետք է լինի ոչ միայն հետաքրքիր, այլեւ ուրախ

Հոկտեմբեր 27,2012 13:34

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան այս տարվա սկզբից Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության հետ, ինչպես նաեւ վրացական «Դրոնի» կազմակերպության հետ համատեղ իրականացնում է ծրագիր Արեւելյան գործընկերության շրջանակներում, որը մշակութային ուղղվածություն ունի: Երիտասարդ կանանց ասոցիացիան խրախուսում է կանանց ներգրավածությունը մեր երկրում տարբեր ոլորտներում, այդ թվում նաեւ մշակութային, այս ծրագիրը հետեւում ու բխում է մեր առաքելությունից: Ծրագրի նպատակը մեկը չէ` հիմնական նպատակները երկուսն են: Առաջինը` նպաստել թանգարանային ոլորտում թանգարանների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խթանմանը, 2-րդը, որպեսզի ծրագրի շրջանակներում կարողանանք խրախուսել նորարարական մոտեցումները եւ ծրագրերը թանգարանային ոլորտի զարգացման ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մշակույթի նոր շունչ. Հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի մասին խոսեց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Նրա պնդմամբ թանգարանները կայուն ու ստատիկ մոտեցում ունեն, քաղաքականությունն էլ ըստ էության նման ձեւով է վարվում, բայց այսօր աշխարհում կան բազմաթիվ փորձեր եւ բարեհաջող իրականացվող քաղաքականություն, որոնք թույլ են տալիս մտածել այն ուղղությամբ, որ թանգարանը ոչ միայն ինքը ստատիկ ինչ-որ տարածք է, այլ այն կարող է լինել լավ հարթակ ոչ ֆորմալ կրթության համար, մասնավորապես երիտասարդության համար. «Նպատակն է համագործակցությունը սերտացնել, իսկ հասարակական կազմակերպությունները կօգնեն թանգարաններին հարթակ ձեւավորել: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նոյեմբեր ամսին ՀՀ-ում կազմակերպել 2 եռօրյա դասընթացներ տեղական հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական նախաձեռնողական խմբերի, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար»:

Ուկրաինայի «Տոտեմ» կազմակերպության նախագահ Ալյոնա Աֆանասեւայի համոզմամբ 3 երկրներում էլ` Հայաստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում իրավիճակը նույնն է. «Կան թանգարաններ, որոնք միմիայն տուրիստների համար են, սակայն այն պետք է լինի ոչ միայն տուրիստական օբյեկտ, արխիվ եւ պահպանված թանկարժեք գանձերի պահեստ, այլեւ մշակութային կենտրոն տեղացիների համար: Անհրաժեշտ է երկուսը մեկում համատեղել եւ չմոռանալ, որ անհրաժեշտ է աշխատել տեղացիների համար եւս: Որպեսզի թանգարանը պահանջարկ ունենա, անհրաժեշտ է ակումբներ, դասընթացներ, զրույցներ իրականացնել, հետեւաբար կայցելեն երիտասարդները: Եթե նման արդյունքի հասնենք, ապա հեշտ կլինի ապացուցել, որ թանգարանները անհրաժեշտ են: Թանգարաններում պետք է լինի ոչ միայն հետաքրքիր, այլեւ ուրախ: Մեր նպատակն է համագործակցել եւ արդյունք ունենալ: Քաղաքում գտնվող թանգարանները գոյատեւում են, իսկ տարածաշրջանայինները մահանում: Պետք է ապացուցել, որ դրանք պետք են»:

Ծրագրի բաղադրիչներում է համագործակցության փոքր դրամաշնորհային մրցույթ հասարակական կազմակերպությունների եւ թանգարանների համար: Կտրամադրվեն դրամաշնորհներ ՀԿ-ների եւ թանգարանների համատեղ ծրագրերն իրականացնելու համար:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031