Այսօր Ազգային ժողովի այգում` 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի ունենեցավ հիշատակի արարողություն:
«Սա մոռանալու ոճրագործություն չէ, մենք միշտ պետք է դատապարտենք: Սա ցեղասպանություն էր ազգի նկատմամբ, պետության նկատմամբ, եւ մենք բոլորս հավաքվել ենք եւս մեկ անգամ մեր հարգանքի տուրքը մատուցելու մեր զոհված քաղաքական, պետական գործիչների համար: Եթե կան ինչ-որ թաքնված պետք է հայտնաբերվեն եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ դրանք բացահայտվեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հարցին ի պատասխան, թե ձեռնարկվո՞ւմ են արդյոք քայլեր, ոճրագործության բոլոր մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ, Հովիկ Աբրահամյանն ասել է.«Ես համամիտ չեմ, որ ջանք չի օգտագործվել, միշտ էլ օգտագործվել է եւ նույնիսկ ժամանակին մարդիկ են ներգրավված եղել այդ գործում եւ իրոք շատ շահագրգիռ ենք մինչեւ վերջ բացահայտելու համար: Համամիտ չեմ, որ կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ այս ոճրագործությունը բացահայտվի, դա մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության պատիվն է, որ մինչեւ վերջ բացահայտվի եւ մենք հասկանանք, որ եթե կան մարդիկ, ովքեր հայտնաբերված չեն, թող հայտնաբերվեն: Հոկտեմբերի 27-ին մի պահ գլխատվեց ամբողջ իշխանությունը եւ իրոք սա ցեղասպանությունից բարձր ոճրագործություն էր»:
Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ տիկին Ռիմա Դեմիրճյանը, շնորհակալություն հայտնեց խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին՝ ոճրագործության զոհերի հիշատակն անմար պահելու, Ազգային ժողովում ամեն տարի հիշատակի արարողություն կազմակերպելու համար։