Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական առևտուր` հասարակության հաշվին

Հոկտեմբեր 27,2012 10:26

Վերջին օրերին կրկին ակտիվացել են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, ավելի ճիշտ` նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև ընթացող բանակցությունների մասին տեղեկությունները: Դրան նպաստեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով չորեքշաբթի օրը` պատասխանելով սահմանադրական փոփոխությունների ճանապարհով մեկից ավելի փոխվարչապետի սահմանման հնարավորության մասին հարցին, հայտարարեց. «Այդ հարցը մեր օրակարգում կա»: Նա նաև ավելացրել էր, որ այդ փոփոխությունը կատարվելու է կառավարության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Փաստորեն, առաջիկայում Հայաստանի կառավարության կազմում կարող է ավելանալ առնվազն ևս մեկ փոխվարչապետ` իր լիազորություններով, վարչական ապարատով, աշխատակիցներով: Այսինքն` ինստիտուտ կամ ինստիտուտներ, որոնք պետական բյուջեին տարեկան արժենալու են առնվազն մի քանի տասնյակ միլիոն դրամ, այն դեպքում, երբ այս օրերին կառավարությունը նվազագույն աշխատավարձն ընդամենը 2500 դրամով բարձրացնելու խղճահարույց նախաձեռնությունը ներկայացնում է` որպես ազգափրկիչ ծրագիր:

Ընդհանրապես, Հայաստանում անգամ վարչապետի պաշտոնը կարելի է շռայլություն համարել, քանի որ, լայն իմաստով, ամեն ինչ որոշվում է նախագահի կողմից, և կառավարությունն ընդամենը այդ որոշումներն իրագործող մեծ գրասենյակ է: Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի նոր փոխվարչապետը, որոնք չի կարող լուծել վարչապետը` ներկայիս մեկ փոխվարչապետով ու 17 նախարարներով: Այս հարցերը գուցե չառաջանային, եթե իշխանությունն ազնիվ լիներ ու հայտարարեր, որ ցանկանում է փոխվարչապետի հաստիք ավելացնել ընդամենը ներիշխանական առևտրում ԲՀԿ-ի պահանջները բավարարելու համար: Սակայն, մեղմ ասած, արժանահավատ չի հնչում, երբ որպես դրա հիմնավորում` ներկայացվում է «կառավարության գործունեության արդյունավետության բարձրացումը»:

Ընդ որում, հենց հաջորդ օրը վարչապետը, խոսելով պետական կառավարման համակարգի արդյունավետության մասին, հայտարարել է, որ «պետք է իրականացվեն կրճատումներ և աշխատավարձի բարձրացում, եթե այս խնդիրը գնալով խորանում է` պետք է աշխատատեղերը կրճատվեն»:

Այս հայտարարությունների հակասականությունը ընդամենը մեկ բացատրություն ունի. լրացուցիչ փոխվարչապետ պետք է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, տնտեսության կառավարմանը, այլ իշխանությանը` ՀՀԿ-ին` ժամանակավորապես իշխանությունից դուրս մնացած ԲՀԿ-ին իշխանություն վերադարձնելու համար: Ընդ որում, պետական բյուջեի, այսինքն` հասարակության փողերի հաշվին:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031