Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ պաշտպանության նախարար.Կասկած չունեմ, որ մեր զինվորն իր խրամատից առաջինը կհասնի թշնամու դիրքերը

Հոկտեմբեր 27,2012 10:21

«Երկու մարդ պատերազմ հայտարարելու իրավունք ունենՙ իմ զինվորը, որ կանգնած է առաջին գծում, եւ հանրապետության նախագահը: Իմ զինվորն ամեն օր կարող է որոշում կայացնել եւ հակառակորդին խոցել, առանց վերադասին զեկուցելու: Կասկած չունեմ, որ պատերազմի ժամանակ մեր զինվորը դիպուկ կրակելու է: Ցանկացած պայմանում, ցանկացած զենքից նա կկարողանա հակառակորդին ոչնչացնել: Կասկած չունեմ, որ մեր զինվորն իր խրամատից առաջինը կհասնի թշնամու դիրքերը: Մարտավարության առումով նույնպես կասկած չունեմ, որ մեր զինվորը կկատարի իր առջեւ դրված բոլոր առաջադրանքները: Ղեկավար կազմը նույնպես բարձր մակարդակի վրա է», ասում է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանական բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը ՙ հիշեցնելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այսօրվա հրամանատարն ավելի խելոք է, քան իրենց ժամանակ, զինվորն էլ ավելի պատրաստված:

«Այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որպեսզի համարձակորեն հայտարարենք, որ հայ զինվորը պատրաստ է, բանակըՙ մարտունակ»:

Հենց այդ մարտունակությունն ու զինվորի բարոյահոգեբանական վիճակն են ստիպում, որ հակառակորդը պատերազմ չհայտարարի, քանի որ նա գիտակցում էՙ առաջին գծում գերիշխողը հայ զինվորն է: «Եթե մեկ օր հակառակորդը գերիշխող դիրքում հայտնվի, նա կհայտարարի պատերազմ, մեր նպատակն էՙ երբեք թույլ չտալ, որ նա լինի գերիշխող»:

Առավել մարտունակ բանակ, առավել խելացի զինվոր ու հայրենասիրական մթնոլորտ բանակում – սրանք այն չափանիշներն են, որոնք պետք է հասցվեն առավելագույնի: Կատարելագործվելու ճանապարհին թույլ տված սխալներից ՊԲ-ում հետեւություններ են անում:

«Անցյալ տարի հակառակորդի կողմից ՊԲ-ն ունեցել է 9 զոհ: Նրանք զոհվել էին հակառակորդի դիպուկ կրակից եւ բոլորն էլ մահացու վիրավորվել գլխի շրջանում: Առաջին բացթողումը հենց սա էՙ մեր զինվորի մարտական հերթապահությունն անվտանգ չէ: Այդ առումով այս տարի մեծածավալ աշխատանք է կատարվել, եւ իրավիճակն առաջին գծում լիովին շտկվել է: Մեր զինվորն այսօր կարող է դիրքում հանգիստ դիտարկում անել, համարժեք պատասխան տալՙ առանց կյանքը վտանգելու»:

Նախարարը շեշտում է, որ նախորդ տարի հակառակորդը բազմաթիվ փորձեր է կատարել դիվերսիոն հետախուզության միջոցով ներթափանցելու բանակի խորքը: Մի քանի անգամ թշնամու գործողությունները հաջողվել են, մեծ մասամբ հայկական կողմը եղել է իր բարձրության վրա: Սակայն ՊԲ-ում սրանով սահմանափակվել չեն ցանկանում: Ծավալած աշխատանքի նպատակն է, որ հակառակորդը չկարողանա ծածուկ թափանցել բանակի խորքը: Այս տարի հակառակորդը 7 անգամ դիվերսիոն հարձակում է կատարել, եւ յոթն էլ կանխվել է:

«Բանակի լավագույն ձեռքբերումներից մեկը կորուստների նվազումն է», ասում է նախարարը: Նախորդ տարի պաշտպանական բանակում գրանցվել է մահացության ամենաքիչ ցուցանիշը: Թեպետ տարին չի ավարտվել, սակայն նախարարը լիահույս է, որ այս տարի այդ թիվն առավել կնվազի: Հատկապես լուրջ նվազում է նկատվում հակառակորդի կողմից գրանցված մահերի առումով: Դրան զուգահեռ աճել են ինքնասպանության դեպքերը:

Հոկտեմբերի 1-ի դրությամբՙ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել են 12189 անգամ: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում խախտումները եղել են 9,519: ՊԲ-ն պատասխան կրակ է բացել համապատասխանաբար 755 եւ 645 անգամ: «Առաջին գծում հակառակորդն անընդհատ փորձում է իրավիճակը լարված պահել: Նրանք փորձում են ամեն գնով հայ զինվորին վնաս պատճառել, կրակոցներն ուղղված են իրենց զորքի մարտունակությունն ու բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելուն»:

Մովսես Հակոբյանը շեշտում է, որ երբ Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց Ռամիլ Սաֆարովին, հակառակորդի կրակոցների թիվ գերազանցեց 1000-ը: «Նրանք նշում էին Սաֆարովին ներումը: Ես հարգանքով եմ վերաբերվում իմ հակառակորդին, բայց այն հակառակորդին, որ մարտի դաշտում կարողանում է իր դիմացինին հաղթել: Պետք չէ շատ մեծ ջանքեր գործադրելՙ բացատրելու, թե ո՞վ է մեր հակառակորդը: Զինվորը հասկանում է, որ եթե ինքը սահմանին պարտվի, ապա թշնամին կհայտնվի իր տանը, կսպանի իր երեխային ու ծնողներին եւ կարժանանա հերոսի կոչման: Մեր զինվորը հասկանում է, որ ամեն գնով չպետք է թույլ տա այդ բանը»:

«Ազգ»-ի հարցին, թե որքանով է խոցելի Ստեփանակերտի օդանավակայանն ու ի՞նչ արժեն ադրբեջանական կողմի հայտարարությունները, Հակոբյանը պատասխանեց. «Հակառակորդն ունի այնպիսի զենք, որ կարող է Ստեփանակերտի օդնավակայանը խոցել, բայց մենք էլ ունենք հնարավորություն Բաքվի օդնավակայանի բոլոր օդանավերը խոցելու: Այս տարի ՊԲ-ի հակաօդային պաշտպանությունն Ադրբեջանի տարածք է ուղեկցել 2226 ինքնաթիռ, այսինքնՙ մենք կարող էինք այդքան ինքնաթիռ խոցել: Քաղաքացիական ինքնաթիռ խոցելը լուրջ մարդու հայտարարություն չէ», ասաց նաՙ հավելելով, որ ինքը շատ հաճախ է գալիս Երեւան եւ օդանավակայանի շահագործումից հետո միայն ինքնաթիռից է օգտվելու:

Խոսելով ընթացիկ տարվա գործողություններիցՙ նախարարը շեշտում է, որ սպառազինությունն ավելացել է, սոցիալական ապահովության ծրագրերը կրկնապատկվել են: Էլեկտրոնային սարքերով կահավորվել է առաջին գիծը, որպեսզի զինվորն իր դիտարկումն ավելի հեշտ կատարի:

Մշակված նոր կարգի համաձայն էլ կթեթեւանա նաեւ զինվորների հերթապահությունը: Թեպետ հայ զինվորը դիրքում չի քնում, սակայն նա լրջագույն լարվածության մեջ է առաջին գծում: ՊԲ-ում որոշել են, որ զինվորը պետք է արթուն հերթապահություն անի 2 ժամ, քնի 4 ժամ: Դա կնպաստի, որ զինվորը շուտ չհոգնի եւ լարված իրավիճակում չանցկացնի հերթապահությունը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,
Ստեփանակերտ-Երեւան

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031