Հարցազրույց ՀՀ ազգային հերոս, ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:
–Դուք ավարտեցիք աշխատանքը ձեր կյանքի թերեւս ամենակարեւոր գրքի վրա. Կարեն Դեմիրճյանի մասին «Հիշատակ» գիրքն արդեն տպագրվել է:
-Այո, եւ դրանով մասամբ կատարեցի իմ պարտքը Կարենի հիշատակի առջեւ: Ես հասցրի ավարտել գիրքը, դա շատ կարեւոր էր, որովհետեւ այն, ինչ ես գիտեմ, ես կասեմ։ Այնպես, ինչպես ես եմ ճանաչել Կարենին, ոչ ոք չի կարող դա լրացնել։ Սակայն գիրքը գրելու ընթացքում շատ դժվարություններ կրեցի, հիմնականում բարոյական։
Մտածում էի’ արդյո՞ք բավարար են ուժերս, իմ անփորձության իմաստով, որովհետեւ բացի մեթոդական աշխատանքներից եւ դասագրքից՝ այլ բան չեմ գրել, արդյո՞ք կպահպանեմ ճշմարտությունը, օբյեկտիվությունը: Այդ բոլորը հաղթահարեցի: Սակայն մի հարց ավելի ինձ տանջեց, գրելու ընթացքում վերապրեցի ամբողջ անցյալը, տառապեցի, բայց կամա, թե ակամա իմ առջեւ կանգնեց շատ կարեւոր մի հարց, արդյոք ճի՞շտ էր այդպես ապրելը, որովհետեւ երբ նայում եմ ժամանակակից աշխարհին, որը շատ է փոխվել, մարդիկ են փոխվել, շեշտադրումները արժեքային համակարգում փոխվել են. արդյո՞ք ճիշտ ապրեց, արդյոք չպե՞տք է մի քիչ էգոիստ լիներ, իր մասին, ընտանիքի մասին մտածեր:
Երկար չմտածեցի. շատ կարճ ժամանակում ինքս ինձ պատասխանեցի. այո, ճիշտ է ապրել: Կարենի սկզբունքներից մեկն արտահայտվել է իր խոսքերում. ՙԲարձրագույն արժեքներն են պետությունն ու ժողովուրդը, եւ մենք մեր գործունեության մեջ պետք է ելնենք նրանց շահերից՚… Կարո՞ղ էր արդյոք նա ուրիշ ձեւով ապրել, երեւի թե ոչ…Նա այդպես էր ծրագրավորված եւ նրա մոտեցումն այսպես, թե այնպես անդրադառնում էր ընտանիքի վրա:
–Ի՞նչ իմաստով:
-Մենք շատ բաներից ենք զրկվել՝ ես, տղաներս, բայց ոչ մի բանի համար չենք զղջացել, ինչպես ասում են՝ ամեն ինչի համար վճարել է պետք: Եւ այն հարգանքը, այն հիշատակը, որ նա ունի ժողովրդի մոտ, ես չեմ վախենում ասել, այն սերը, որ նա վայելում է, պահանջեց այդպիսի վճարում, այդ գնահատականը իր ապրած կյանքի արդյունքն է: Շատ քչերին է դա հաջողվում պատմության մեջ ընդհանրապես: Բայց ամենահանգստացնող այն է, որ նա գնահատվեց, եւ չնայած իր ողբերգական վախճանին, ես գտնում եմ, որ երկրորդ անգամ Կարենի ասպարեզ դուրս գալը, ունեցավ նաեւ անձնական շատ մեծ նշանակություն։ Նա տեսավ, որ տարիների ընթացքում ժողովրդի վերաբերմունքն իր հանդեպ չի փոխվել. հասարակությունը նույն կերպ է իրեն վերաբերում: ՙՀետադարձ հայացք ձգելով՝ գտնում եմ, որ կյանքիս խնդիրը կատարել եմ, սխալներ չեմ գործել՚.նա կարող էր այդպես վստահ գրել’ տեսնելով համաժողովրդական սերը:
–Տիկին Դեմիրճյան, տասներեք տարի է անցել այն չարաբաստիկ օրից: Ցավը որոշ չափով մեղմվե՞լ է:
– Չնայած 13 տարի է անցել, բայց ոչ հեռավորությունը, ոչ տարածությունը, ոչ նույնիսկ կյանքի ընթացքը, կենցաղային հոգսերը մոռացության չեն տալիս ոչինչ. երբեմն թվում է, թե ցավը մեղմվել է, բայց մի փոքր մտքի շարժում, հուշ՝ ամեն ինչ վերականգնվում է ամենայն մանրամասնությամբ։
Հիշում եմ այդ օրը. ամեն ինչ այնպես չէր, ինչպես միշտ. նախաճաշի ժամանակ նրա կողքին չէի նստած, չճանապարհեցի,ինչպես միշտ էի անում: Ես նրան ձայն չտվեցի, երբ արդեն բնակարանից դուրս էր եկել, որ մեկ էլ տեսնեմ, ամեն ինչ այնպես չէր այդ օրը: Նախաճաշը պատրաստեցի եւ գնացի ինձնով զբաղվելու, որովհետեւ դասախոսության էի շտապում: Դա իմ վերջին դասախոսությունն էր, ի դեպ, դրանից հետո ինձ չկարողացան համոզել շարունակել աշխատանքս, որովհետեւ իմ հիշողության մեջ մնաց այդ վերջին դասախոսությունը, երբ ընդամենը ժամեր էին բաժանում ինձ այդ ողբերգությունից, իսկ ես ոչինչ չգիտեի:
Բայց ինձ համար ամենացավալի իրողությունն այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք խոսել. մենք միշտ կիսվում էինք, խոսում էինք, միմյանց մտահոգիչ խնդիրներից տեղեկանում էինք, այս անգամ էլ էր այդպես, ես հասկանում էին նրա լրիվ մտահոգությունը, չնայած նա հմտորեն թաքցնում էր, բայց երկուսս իրար խնայում էինք, բարձրաձայն չէինք խոսում խնդիրների մասին: Ինչպե՞ս խոսեինք, նա խնայում էր ինձ ավելորդ հոգեբանական բեռից:
Մանրամասները կարդացեք այստեղ: