Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառ կտրելը Սիսիանում դարձել է մոլուցք

Հոկտեմբեր 26,2012 23:26

Ամեն տարվա ջեռուցման սեզոնին ընդառաջ` Սիսիան քաղաքի տասնյակ ու տասնյակ ծառեր զոհ են գնում քաղաքային համանքի ենթակայությամբ գործող մանկապարտեզներն եւ արտադպրոցական հաստատությունները ջեռուցելու գործին:

Եվ «զոհաբերվում են» հատկապես հաստաբուն ու երկարամյա ծառեր, որոնց բնափայտը, բնականաբար, մի քանի տասնյակ խորանարդ վառելափայտ պիտի ապահովի: Արանքում, ձեռի հետ,  չեն զլանում կտրել նաեւ նախորդ տարիներին մի քանի անգամ «էտահատման ենթարկված» , նաեւ` միմյանց բավականաչափ մոտ գտնվող ծառեր` «արանքից քաղհանելով» դրանք:

Լրագրողի հարցին, թե ինչու են այսպես անխնա կտրատում Նժդեհի փողոցի մի քանի հաստաբուն ուռենիները, նրա` դեպքի վայրում անակնկալ հայտնվելուց առանձնապես դժգոհ կոմունալի բրիգադավար Սոս Օհանյանը պատասխանեց, որ ծառերը կտրում են, որ  հանկարծ դրանք չընկնեն անցորդների գլխին: Ի պատասխան լրագրողի զարմանքի, թե այսքան տարի որ չեն ընկել, հիմա ինչու՞ պիտի ընկնեն, Սոս Օհանյանը պատասխանեց, թե` ծառերի բները փտած են ու տանում են մանկապարտեզների ջեռուցման համար: «Բա որ փտած են, ինչպե՞ս են տաքացնելու» մեր հարցը, իսկապես, հունից հանեց բրիգադավար Սոսին, եւ նա, գուցե չպատկերացնելով, կամ`շատ լավ պատկերացնելով լրագրողի` դեպքի վայրում գտնվելու  հետեւանքները, բայց, բարգավաճած քաղաքապետի մտերիմը լինելու երաշխիքով  «պաշտպանված»` դիմեց իրեն «անհանգստացնող» լրագրողին` ասելով  «Գործ չունե՞ս, գնա գործիդ: Էդ ապարատն էլ հեռու տար, խանգարում ա, կամ էլ` կջարդեմ», մոռանալով, որ լրագրողն այդ պահին հենց իր իսկ աշխատանքի մեջ էր:

Իսկ թե ինչու են ձեռի հետ էլ կտրում նույն փողոցի երիտասարդ ծառերը, ի համեմատ «փտածների»մեր հարցին, Սոս Օհանյանը վրդովմունքով ասաց` «Կտրում ենք, որ կողքի յոլկեքին չխանգարեն»:

Միայն «յոլկեքի» համար չէ, որ «սրտացավ են» բրիգադիր Սոսն ու մյուսները, հապա նրանց կողմից կատարված ծառերի «գեղարվեստական մշակումները…» Սիսական փողոցում: Ցանկացած դիզայներ ու գյուղատնտես կնախանձեր ծառերի տեսքի  ««ձեւափոխման» այն մեթոդին, որ կիրառում են Սիսիանում (տես` լուսանկարում), հետո էլ ասում են` փտած ա…

Անցորդներն էլ, տեսնելով վայրագ ծառաջարդը, տարակուսած ու ափսոսանքով հարցնում էին` ինչու՞ են այսպես անում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Սիսիան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031