2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից անցել է գրեթե հինգ տարի, տասը զոհերի ընտանիքներն անհուսության մեջ են, գործի բացահայտումից որևէ հույս այլևս չունեն, ապրում են սոցիալական ծանր պայմաններում` պետության, իշխանության, ընդդիմության կողմից մոռացված ու անտեսված:
2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, վերջին մեկ տարում մնացել է մենակ: Որդու մահից հետո ամուսինը չդիմացավ, երկու կաթված ստացավ, մահացավ, կորցրեց նաև ծեր սկեսրոջը և մնաց իր ցավի հետ մեն-մենակ: Երրորդ կարգի հաշմանդամ կինը տառապում է ռևմատրոյիտ արտրիտ հիվանդությամբ, դժվարանում է քայլել, տեղաշարժվել, մինչդեռ հիմա էլ ուզում են զրկել նրան երրորդ կարգի հաշմանդամության թոշակից` պատճառաբանելով, որ եթե երկու հարկ կարողացել է բարձրանալ` ստուգում անցնելու համար, ուրեմն ի վիճակի է նաև աշխատելու: Հաշմանդամության թոշակը 30 հազար դրամ է, ինչն անգամ դեղերի գումարին չի բավականացնում:
1in.am-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ երեք նախագահներն էլ պատասխանատվություն են կրում իր որդու մահվան, առհասարակ` մարտի 1-ի համար:
Հիշում է, որ մեծ տղան խնդրում էր մորը եղբորը չուղարկել բանակ` իմանալով բանակում տիրող վարք ու բարքը, սակայն ընտանիքով ընդդիմացան, թե` հայ զինվոր է, պետք է ծառայի: Տիգրանը անկախության ծնունդն էր. նրա հայրը, նաև ընկերները պատերազմից հետո որոշել էին նույն տարում որդիներ ունենալ, որոնք զինվոր են լինելու հայրենիքի համար, սահման են պաշտպանելու, բայց ոչ` անիմաստ քաղաքական խաղերի զոհ դառնալու, մանավանդ` ոչ մի կուսակցության անդամ չէին, ոչ մի ցույցերի չէին գնում:
Կարդացեք նաև
«Հանձնաժողով կազմեցին, չորս տարի է անցել, արդեն հինգ տարի կլինի, բայց սայլը տեղից որևէ կերպ չշարժվեց: Նախագահը տարիուկես առաջ հրաման տվեց, որ նախաքննությունը փակուղի է մտել, նոր քննիչ նշանակեցին, դեմքը մինչև այսօր չեմ տեսել: Գոնե Վահագն Հարությունյանը կանչում էր, ուսերը թոթվում, ասում` կներեք, չգիտեմ` ինչ անել: Ոչ մի բան չի արվում, այդ գործերը Նիկոյանի հանձնաժողովից հետո ծալել-դրել են արխիվում, այդպես էլ մնացել է»,- ասում է տիկին Ռուզաննան:
Ռուզաննա Հարությունյանն արդեն իր համար պարզել է եղելությունը: Ըստ նրա` մարտի 1-ին քաղաքական խաղեր էին թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից, իսկ մարտի մեկի զոհերի անունն էլ շահարկվեց:
Նրա խոսքով` բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել մարտի մեկին, ինչ սարքեցին ժողովրդի գլխին, բայց բոլորը ձեռքերը տարածում են, թե` անզոր են, ասում են` երկաթի կտոր է տղային դիպել, մինչդեռ մոր համար պարզից էլ պարզ է, որ դիպուկահարի արձակած գնդակն է կպել որդուն:
«Իմ ամուսինը միշտ ասում էր` նյարդերդ մի փչացրու, դեմ ես առել պատին, ճակատդ պատին ես տալիս, բայց մեկ է` չես իմանա, թե ով խփեց քո տղուն»,- ասաց տիկին Ռուզաննան, որը համոզված է` տղան հրաշալի իրավաբան կդառնար:
Տիգրան Աբգարյանը առանց տարկետման ընդունվել էր ՀՊՄՀ պատմաիրավագիտության ֆակուլտետ, հրաշալի պատմություն գիտեր, տան ամենաաշխույժն էր ու բանիմացը: 18 տարեկան էր, երբ բանակ գնաց: Մինչ այդ մեծ տղան զգուշացրել է ծնողներին բանակ չուղարկել Տիգրանին, մինչդեռ ծնողները ընդդիմացել են, թե` ինչպե՞ս իրենց տղան բանակում չծառայի: Տիգրանը ծառայության յոթ ամսում 30 կգ նիհարել էր, բայց որևէ անգամ չի տրտնջացել, ժպիտը չի կորել երեսից:
Հիմա տիկին Ռուզաննան որոշել է հանդիպել երեք նախագահներին` հարցնելու, թե հանուն ինչի՞ զոհվեց իր տղան, թեև հիշում է, թե ինչպես երկու անգամ իրեն թույլ չտվեցին մոտենալ Սերժ Սարգսյանին:
«Դա այն ժամանակաշրջանն էր, որ երեքն էլ իրար կողք կանգնած էին, երեքն էլ պատասխանատու են իմ երեխու մահվան համար: Ի՞նչն էր պատճառը` նա ո՛չ ցուցարար էր, ո՛չ անկարգությունների մասնակից, հրամանի տակ կանգնած սպա էր»,- հուզվում է տիկին Ռուզաննան` հիշելով Նիկոյանի խոսքերը, թե իր տղային պատահական գնդակ է կպել: «Պատահականությանը չեմ հավատում, ասել եմ ու կասեմ` իմ երեխուն սնայպերը խփեց: Իմ երեխայի դեմը այդ ժամանակ ոչ մի ցուցարար չի եղել, այդ կրակոցները ուրիշ տեղից են եղել»:
Նա նաև պատմեց, որ մարտի 1-ի տասը զոհվածների ընտանիքները թշվառ վիճակում են:
«Այդքան բարեգործական ընկերություններ, հիմնադրամներ կան, որ կարող էին աջակցել, մի՞թե տասը գործարարի Սերժ Սարգսյանը չկարողացավ ասել, որ յուրաքանչյուրը մեկ զոհվածի ընտանիքի մինչև կյանքի վերջն ապահովի: Դավիթ Պետրոսյանի մայրը Կիրովականում ընկել էր, ծունկը կոտրել, ծայրահեղ աղքատության և միայնության մեջ է… ոչ մեկի մտքով չի անցնում, թե ինչպես ենք ապրում մենք»:
Տղային գերեզման հանձնելուց հետո` ամեն շաբաթ տիկին Ռուզաննան գնում է գերեզման, խոսում տղայի հետ. տարիներն անցնում են, բայց կորստի ցավը, մրմուռը որևէ կերպ չի թեթևանում…