«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի եւ «Ժառանգության» պառակտումը նախագահական ընտրությունների շեմին «Ժառանգության» վարկանիշի վրա ինչպե՞ս ազդեց: Այսօր Aravot.am-ի այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանց. «Գիտեք, յուրաքանչյուր մարդ, ով ունի պարտավորություններ եւ պատասխանատվության զգացում, պետք է դա իրականություն դարձնի: Չի կարելի շրջանցել: Հասարակությունը պետք է սովոր լինի, որ այն մարդիկ, ովքեր իրենց պարտավորությունների եւ պատասխանատվության զգացումը կորցնում են, պատժի են ենթարկվում, եւ դա է ճիշտը: Անպատժելիության մթնոլորտը շատ վտանգավոր է»:
Մեր հարցին՝ այս պատասխանատու փուլում «Ժառանգության» վրա հարված չեղա՞վ, հիմա մարդիկ, եթե նույնիսկ հավատում ու ընդունում են, որ Խաչատուր Քոքոբելյանը խոսքի տերը չի եղել, «Ժառանգությանն» են մեղադրում, որ այդքան թույլ է՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ժառանգությունը սովոր է հարվածներին: Բնականաբար, պետք է լինեն «Ժառանգության» նկատմամբ հարվածներ: Բնականաբար, մենք հասկանում ենք ինչ ճանապարհ ենք անցնելու: Դա մեր համար սովորական առօրյա է: Ինչպես տեսել եք այս հինգ տարիների ընթացքում, նույնը շարունակվում է: Այնպես որ, մեզ համար դա նորություն չէ: Մենք այսօր այնպիսի գործողությունների մեջ ենք, որ բնականաբար, այդ ամեն ինչը պետք է տեղի ունենա, եւ ցանկացած քաղաքական կազմակերպությունում կարող են նման իրադարձություներ տեղի ունենալ: Այնպես չի, որ մարդը սխալվել չի կարող: Մարդը սխալական է եւ սխալվելու տեղիք է տալիս, բայց ամենակարեւորը նա է, որ ցանկացած սխալին եթե հորդոր ես կատարում, փորձում ես, որ մարդը սխալն ուղղի, բայց չի իրականացնում, ապա պետք է կրի պատիժ»:
Մենք հիշեցրինք նախորդ նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի «Տեր ես» կարգախոսը, որի ետեւից հասարակության լայն զանգված էր գնում, իսկ հիմա ի՞նչ ունի «Ժառանգությունը»՝ Զարուհի Փոտանջյանը պատասխանեց. «Այսօր էլ: Այսօր «Ժառանգություն» խմբակցությունը մուտք է գործել խորհրդարան Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակության շնորհիվ»: Մեր դիտարկմանը, որ «Ժառանգություն» խմբակցության կազմը գնալով փոքրացավ՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Փոքր կազմով չէ: Այսօր եթե հաշվի ենք առնում, որ 700 հազար ուռճացված ձայներ են եղել, մեր շուրջ 100 հազար ձայները դա ուղղակի հերոսություն էր»:
Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններին իրենց ամբողջ խնդիրը իրավիճակի փոփոխությունն է՝ ստեղծելու այնպիսի Հայաստան, որը կպատկանի իրապես ՀՀ քաղաքացուն:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ