Գյումրու ամենակոլորիտային քաղաքապետը` Վարդան Ղուկասյանը, իր հեռանալուց 2 օր առաջ` Գյումրու տոնակատարության ժամանակ, հայտարարեց, որ իր ամենամեծ ձեռքբերումը քաղաքի հողերը վաճառելն էր ու այս ձևով ներդրումներ կատարելը: Նա ասաց, որ ի ուրախություն գյումրեցիների, քաղաքում այլևս ոչ մի հողակտոր չկա վաճառքի ենթակա և դրա համար որոշ մարդիկ ոչ թե պետք է վատ զգան, այլ իր պես քաղաքապետին պետք է պարգևատրեն շքանշանով: «Այսինքն դա հսկայական ներդրում է, որ Հայաստանի Հանրապետության, Երևանը չհաշվարկած, բոլոր քաղաքները և գյուղերը միասին մասնավորի կողմից էդքան ներդրում չի արվել, ոնց որ Գյումրի քաղաքում: Դա նրանից էր, որ առանց քաշքշուկի, առանց տանել-բերելու, առանց հախերի կարողացանք մարդկանց հողհատկացում անել, և Փառք Աստծո, էսօր 85 միլիարդ դրամի մասնավորը շինարարություն է արվել, և եթե փոխանցիկ շինարարությունն էլ հաշվարկենք` 100 միլիոն դրամից կանցնի էն կողմ:Մեր ամենամեծ ձեռբերումներից մեկը ես համարում ես սա», -հպարտորեն հայտարարեց Վարդան Ղուկասյանը:
Մինչդեռ երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը մի լավ քննադատեց թե նախորդ քաղաքապետին և թե ավագանու անդամներին, ովքեր քաղաքում ոչ մի ազատ հողատարածք չեն թողել, իրենց հեռանալուց առաջ, մեկ ամսվա ընթացքում, անչափ ցածր գներով ամբողջն օտարել են: «Ասեմ, որ լուրջ բողոքներ ունենք քաղաքապետարանի ընդհանուր գործառույթների ու ծառայությունների հետ կապված , մոտավորապես երևի 60-80 նամակ ենք օրական ստանում, նույնիսկ չենք կարողանում ասել , թե որը պետք է ինչի հետևից գնա, որովհետև էնքան շատ են ապօրինությունները , ես էսպիսի բան չեմ պատկերացնում:Միայն հողի գծով ասեմ, որ հողահատկացումները երևի ձեր` ավագանու անդամների ընդհանուր որոշումներով են եղել , էդքան օտարում է կատարվել մանավանդ հուլիս ամսից հետո` ավագանու նիստերով, ես ուղղակի ապշած եմ նաև դրա վրա, թե լավ, էս ինչի՞ համար են էսպես արագացված տեմպերով օտարել էսքան հողատարածքներ:Նորմալ է, բան չունեմ ասելու,ես շատ ուրախ եմ, որ բնակիչները ունեն համապատասխան հողատարածքներ, պետք է անպայման կառուցապատեն:Էսպիսին է խնդիրը, որպեսզի մենք կարողանանք ունենալ այն, ինչ անհրաժեշտ է քաղաքի կառուցապատման համար, բայց ոչ էն, որ ասենք տարբեր մարդկանց անուններով փաստորեն ինչ-որ տեղ օտարվել է , և հիմա պետք է վերավաճառեն, չկա էդպիսի բան: Մենք հաջորդ ավագանով արդեն իսկ հարց կմտցնենք, որպեսզի կարողանան կառուցապատել, ժամկետ է տրվելու, նախագիծ և այլն:Ինձ համար զարմանալի է, որ մոտավորապես 115 միլիոնի օտարում է կատարվել ` շատ ցածր գներով: Էսպես ասեմ, Մուշ 2 թաղամասում օտարվել է 700 կամ 1000 քառակուսի մետր հողատարածք` 2 միլիոն 2 հարյուր հազարով, էդ նույնը քաղաքի կենտրոնում` ընդամենը 285 հազարով:Այսինքն տեսեք, չի կարող էդպես լինել, երևի ուշադիր չեք եղել օտարումներին , ինչի՞ համար էսպիսի խոշոր տարբերություններ կան:Իհարկե, ես ասի աուդիտ հրավիրենք, դուք չհամաձայնվեցիք , հաջորդ ավագանին կհաստատի, աուդիտը կգա և կասենք ` այ ժողովուրդ ջան, պետք էր, էլի», -նեղսրտեց Բալասանյանը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ