Եղվարդում ՀԱԿ-ի նախընտրական քարոզչության ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եղվարդցիներին համոզում էր, որ ՀԱԿ-ից բացի չկա որեւէ ուժ, որը կարողանա այս երկրում իշխանափոխության հարցը լուծել: Նա հայտարարում էր. «Կոչ ենք անում կանգնել մեր կողքը: Այլ ուժ չկա, որը կարող է այս խնդիրը լուծել: Այլ քաղաքական ուժ, որը կարող է իշխանություններից ազատվելու այս բարդ խնդիրը լուծել՝ ՉԿԱ: Այդ թիմի ղեկավարն է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր համախոհներով: Էս թիմով, էս ասելիքով եւ էս ծրագրով մենք էս խնդիրը լուծելու ենք: Բացի Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից, Հայաստանում այսօր չկա ուժ, որը լուծի Հայաստանի իշխանափոխության խնդիրը եւ Հայաստանի ներգաղթի խնդիրը, սոցիալական լարվածության թուլացման խնդիրը, իրավական հասարակարգ, լեգիտիմ իշխանություն կառուցելու խնդիրը»: Նույն օրը Եղվարդում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես նշեց. «Էս միակ ուժն է, որը քերելու է: Մենք քերթելու եւ մաքրելու ենք Հայաստանն այս աղբից»:
Մինչդեռ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում օրերս հայտարարել էր, որ երկրում այսօր կա Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ ոչ թե մեկ, այլ՝ երկու խոշոր քաղաքական ուժ` «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ՀԱԿ-ը:
Այսօր Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ Արամ Մանուկյանի եւ Հրանտ Բագրատյանի այն պնդումները, թե ՀԱԿ-ը միակն է, չի՞ հակասում Ձեր այդ վերջին հայտարարությանը, ի՞նչ փոխվեց այս մի քանի ամսվա ընթացքում: Նա պատասխանեց. «Պառլամենտական ընտրություններ անցան: Իհարկե, փոխվել է»: Մեր դիտարկմանը՝ բայց առաջ՝ մի քանի ամիս առաջ միակն էիք, որը կարող էր լեգիտիմ իշխանություն ստեղծել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց շատ կարճ. «Ոչ մի հակասություն չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ