Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների հատման վայրում ընկերության “Արևմուտք” շահագործման տնօրինության “Մաշտոց” տեղամասի աշխատակիցներն Աջափնյակի բաշխիչ ցանցի գոտիավորման աշխատանքների շրջանակներում օգնում էին կապալառու “Շինմաստեր” ՍՊԸ-ին 500մմ տրամագծով ջրագծի վրա փոխարինել վթարված փականը:
Ինչպես նշեց տեղամասի ջրամատակարարման գծով ճարտարագետ Մյասնիկ Մելքոնյանը, տվյալ խոշոր ջրագծից է սնուցվում Աջափնյակի շուրջ 40 տոկոսը: Ավելին՝ խոսքը տվյալ պարագայում, ըստ էության, վարչական շրջանի ջրամատակարարման սխեմայի զգալի փոփոխության մասին է, որի արդյունքում շահագործումից հանվում է երկու՝ 300մմ և 150մմ տրամագծով հին և ֆիզիկապես մաշված ջրագծեր: Իսկ դա և ջրի կորուստ է, և անկանոն ջրամատակարարում: Այստեղից՝ դժվար չէ պատկերացնել իրականացվող աշխատանքներից ակնկալվող դրական արդյունքը: Իսկ դրանից կօգտվեն առաջին հերթին նույն Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Ջանիբեկյան, Լևոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապ, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան փողոցների և հարակից տարածքների բնակիչները, որոնց ջրամատակարարումը կվերսկսվի, ինչպես և հայտարարվել էր, հոկտեմբերի 26-ին ուշ երեկոյան:
Իսկ Քանաքեռում, Սարկավագի փողոցին զուգահեռ երկաթգծի պաստառին հարակից այգում տարվող աշխատանքների պատճառով, հոկտեմբերի 26-ին դադարեցվել էր Ծարավաղբյուր, Յաղուբյան, Լեփսիուսի 1, 2 փողոցների՝ ներառյալ նրբանցքները և 6 փ-ցի, Դրոյի փ. 4, 18, 24, 26, 28 շենքերի և 15-23 շենքերի՝ ներառյալ կոտորակները, Յ.Ռայնիսի փ. 88, 89, 90, 105 շենքերի և առանձնատների, Նորաշխարհյան փողոցի 17, 17/1 շենքերի և առանձնատների, Գոգոլի փ. 5ա, 85, 26, 87 շենքերի և 90-ից բարձր համարների առանձնատների, Մ.Ավետիսյան 1, 2, 3, 4 փողոցների, Պ.Սևակ փ. 106, 90, 92 շենքերի, Շովրոյան փ. 12,14,16 շենքերի, Ռուբինյանց փ. 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 17-21 20, 22, 23, 23/, 24, 26, 27/4, 27/4ա, 28 շենքերի՝ ներառյալ կոտորակները, Ուլնեցի փ. 1,2, 70/1, 72, 74, 76 շենքերի, 2-րդ նրբանցքի 6 շենքի, 3-րդ նրբանցքի շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես տեղեկացրեց “Արևմուտք” շահագործման տնօրինության “Զեյթուն” տեղամասի գլխավոր ճարտարագետ Գրիգոր Գևորգյանը, ”Քանաքեռ” օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դուրս եկող տարանցիկ 600մմ տրամագծով ջրատարի վրա հարկ էր տեղադրել ջրի ճնշման կարգավորիչ: Բանն այն է, որ վերը նշված տարածքների բաշխիչ ցանցում պահանջվում է ապահովել առավելագույնը 5 մթն. ճնշում, մինչդեռ ջրատարում ճնշումը կազմում է 7-8 մթն.: Իսկ դա թե հանգեցնում է խողովակի լրացուցիչ մաշվածությանն ու ավելացնում վթարների վտանգը, թե հանգեցնում ջրի ավելորդ կորստի բաշխիչ ցանցում և թե թույլ չի տալիս “Քանաքեռ” ՕԿՋ-ի ջուրն արդյունավետ օգտագործել:
Իսկ ջրի ճնշման կարգավորիչի տեղադրումից հետո՝ հոկտեմբերի 27-ից, տվյալ թերությունները կդառնան պատմություն, լուրջ խթան հաղորդելով Քանաքեռի ջրամատակարարման հետագա բարելավման գործին:
«ԵՐԵՎԱՆ Ջուր» ընկերության հաղորդակցության բաժին