Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերջին խոսքով հանդես եկավ խուլիգանության մեջ մեղադրվող ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» հասարակական շարժման խաղաղ ցույցի ժամանակ «հասարակական կարգը խախտելու», «ներկաների անդորրը խանգարելու» համար: Վարդգես Գասպարին, հանդես գալով վերջին խոսքով, ասաց, որ ինքը ողջ դատաքննության ընթացքում իր՝ որպես ակտիվ քաղաքացու ժամանակն է վատնել, եւ իր դեմ հարուցված քրեական գործը տիպական օրինակ էր, թե ինչպես են աշխատում դատախազությունն ու ոստիկանությունը:
Նա ասաց, որ 1994 թ. սկսած հրադադարի պայմաններում՝ խաղաղ ժամանակներում 1500 զինծառայող է սպանվել, որոնցից որեւէ մեկի մահվան հանգամանքները մինչեւ օրս չեն բացահայտվել: Նա ուշադրություն գրավեց մեղադրող, Կենտրոն համայնքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի մի քանի արտահայտությունների վրա եւ նկատեց, որ դատախազը ապացույց է համարել գլխուղեղի ցնցում ստացած ոստիկան Արթուր Բաղդասարյանի եւ «գլխուղեղի ցնցում չստացած ոստիկանների» ցուցմունքները: Ըստ Գասպարիի, մեղադրողի գիտակցության մեջ տեղ չեն գտել հասարակության մաս կազմող քաղաքացիների ցուցմունքները (Լենա Նազարյան, Լալա Ասլիկյան, Զարուհի Փոստանջյան), ինչպես նաեւ ԶԼՄ-ներում եղած հրապարակումները: Նա հրապարակեց մի շարք ԶԼՄ-ների հրապարակումները, որոնք նկարագրում են անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի միջադեպը, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցը այդ կապակցությամբ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հաղորդումը «ոստիկանների կատարած հանցագործությունների մասին»: Նա հռետորական հարց ուղղեց դատախազին, թե որոնք են բարոյական այն նորմերը, որոնցով առաջնորդվում է դատախազությունը, ոստիկանությունը` «1500 որդեկորույս ծնողների համակերպո՞ւմը, որ ենթարկվե՞ն, անուս, անկիրթ, անգիտակից ոստիկանների՞ն»: Այնուհետեւ ասաց, որ թքած ունի այն կառույցների վրա, որոնք ամեն օր ձեռք են առնում որդեկորույս ծնողներին:
Դատավոր Մխիթար Պապոյանը անցավ խորհրդակցական սենյակ եւ դատական ակտը կկայացվի հոկտեմբերի 29-ին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեղադրող Ա. Աֆանդյանը միջնորդել է Գասպարիին 50.000 դրամի չափով տուգանքի ենթարկել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ