Երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավագանու արտահերթ նիստ հրավիրելով, մի լավ շշպռեց ավագանու արդեն հեռացող անդամներին` Գյումրու հողատարածքները վերջին երկու ամսվա ընթացքում ցածր գներով հապշտապ օտարելու պատճառով, այնուհետ հաշիվ պահանջեց Գյումրու ճարտարապետական տեսքի համար: «Ես ուզում եմ խոսել Գյումրիի համայնքի ղեկավարին կից ճարտարապետական խորհրդի անհրաժեշտության մասին: Մենք երեկ հավաքվեցինք, երևի դուք լրատվությամբ տեսաք, որ լուրջ մասնագետներ ենք հավաքել` ՀՀ ճարտարապետների միության նախագահ, Սաշուր Քալաշյան, Եղոյան և այլն, և այլն: Այսինքն, մարդիկ, որոնք մտնելով խորհրդի կազմի մեջ, իրենք կառաջարկեն ճարտարապետին, որովհետև շատ ծանր են քաղաքի քաղաքաշինական խնդիրները. ճարտարապետություն ընդհանրապես չկա», -ասաց Սամվել Բալասանյանը ` որպես օրինակներ մեջբերելով Վարդան Ղուկասյանի երկու ամենամոտ ընկերներին պատկանող օբյեկտները: Իհարկե, պարոն Բալասանյանը անուններ չնշեց, սակայն նրա թվարկած փողոցներից ու կառույցներից ակնհայտ էր, թե ում մասին խոսքը:
«Եթե էսօր մտնում ես Շիրակացի փողոց, ուրեմն հասկանում ես` որևէ ճարտարապետություն չկա: Հաղթանակի պողոտա մտնում ես, երբ որ արդեն հասնում ես այգու մեջ` կանաչ գոտում, էնտեղ չգիտեմ ինչ-որ քարային հրուշակեղենի չգիտես ինչ է բարձրանում, որը վերջերս նաև պաժառ ընկավ ու նաև քարերով շարունակեցին կառուցել, էս որակով աբսուրդի հասնող բան է , երբ որ աջ կողմի վրա էդպիսի գեղեցիկ բաներ են խոյանում, իհարկե գեղեցիկը չակերտավոր: Չի կարող էդպիսի քաղաքաշինություն ունենալ Գյումրի քաղաքը»,- զայրացավ պարոն Բալասանյանը:
Նշենք, որ Գյումրու Շիրակացի փողոցում մեկը մյուսի հետևից վեր են խոյանում Գյումրու քաղաքապետարանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` Հովհաննես Գրքիկյանի օբյեկտները: Գյումրեցիները Շիրակացի փողոցը կատակով անվանում են «Գրքիկյանի բդեշխություն», իսկ Հովհաննես Գրքիկյանը Վարդան Ղուկասյանի ամենամոտ ընկերներից մեկն է:
Գյումրու կենտրոնում` Հաղթանակի պողոտայի և Մայակովսկի փողոցների հատման անկյունում գտնվող «Պուրակ» խմորեղենի սրահն էլ, որտեղ վերջերս հրդեհ բռնկվեց, պատկանում է քաղաքապետ Ղուկասյանի մտերիմներին` Հովհաննես և Վարդան Մարտիրոսյաններին: Վարդան Մարտիրոսյանը Վարդան Ղուկասյանի համադասարանցին է: Մեր տեղեկություններով, Սամվել Բալասանյանը իր պաշտոնավարման առաջին օրերին դեմ է եղել, որ հրդեհված «Պուրակը» նորից վերանորոգվի, պատճառը եղել է այն, որ այդ տարածքը կանաչ գոտի է, և օրենքի խախտմամբ է հատկացվել Ղուկասյանների մտերիմներին:
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ «Կումայրի արգելոցը» նախկին կարգավիճակին են բերելու , արդեն իսկ նամակ են հղել վարչապետին :Իսկ այն կառուցվելու է «ճիշտ» ճարտարապետական ոճով, որը ըստ պարոն Բալասանյանի, հարիր է մեր քաղաքին: «Ուզում ենք տուրիզմը զարգացնել, բայց ո՞նց, պետք է բան ունենանք ցույց տալու տուրիստներին, ասենք, որ սա մեր «Կումայրի արգելոց» թանգարանն է, էստեղ էս շենքն է, ամեն մի շենք ունի իր պատմությունը: Էսօր որ գնում ես Փարիզ,ամեն մի շենք վերականգնվել է և հազարամյակներով եկել է այդ շենքի պատմությունը, ամեն մի շենք ունի իր պատմությունը, Գյումրին ևս` Կումայրի արգելոցի ամեն մի շենք նույնպես ունի իր պատմությունը»,- ասաց Սամվել Բալասանյանը` ավագանուն նախազգուշացնելով, որ այսուհետ Գյումրիում մի թեթևակի շինարարություն ծավալելու դեպքում անգամ պետք է լինի ճարտարապետների խորհրդի թույլտվությունը:
Ի դեպ, Սամվել Բալասանյանն ասաց, որ ինքն էլ՝սովորական քաղաքացի, պետք է ենթարկվի իրեն կից ստեղծված խորհրդին, որպեսզի հետո մեկնումեկը չասի. «Բալասանյանը եկավ, քաղաքը ծախեց»:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր փողոց առ փողոց , տուն առ տուն նկարահանում է, որպեսզի չընկնի գարեջրի գործարանի օրը, երբ որ նախորդ քաղաքապետը պատեհ-անպատեհ հայտարարում է, թե գործարանը նվեր է տվել Բալասանյանին: Սամվել Բալասանյանի ասելով, ինքը նկարել է, թե ժամանակին ինչ քանդուքարափ վիճակում էր գարեջրի գործարանը և հիմա ինչ դարձավ: «Եթե նկարած չլինեի, կարող է ելներ ու ասել՝ ես դրանից լավ վիճակում եմ տվել , հիմա ավելի վատ վիճակի մեջ է: Դրա համար տուն առ տուն, փողոց առ փողոց նկարում եմ, որպեսզի չորս տարի հետո ասեմ` այ քաղաքը էսպես փոխվեց, ոչ թե օտարվեց ու էսպիսի այլանդակ քաղաքաշինական իրավիճակ ստացանք, ինչպիսին հիմի կա, այլ ունեցանք էն, ինչ որ անհրաժեշտ էր:Էդ ժամանակ թող մեղադրեն, եթե վատ կլինի», -ասաց նորընտիր քաղաքապետը:
4 տարի շարունակ Վարդան Ղուկասյանի ենթակայության տակ որոշումներ կայացնող ավագանին այս անգամ էլ միակողմ քվեարկեց Սամվել Բալասանյանի` ճարտարապետական խորհուրդ ստեղծելու առաջարկին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ