Լրահոս
Օրվա լրահոսը

Նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին. «Ախր 2500 դրամը ի՞նչ փող է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2012 17:43

Խորհրդարանը երեկ առաջին ընթերմամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որի համաձայն՝ 2013 -ի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում պետք է կազմի ամսական 35 հազար դրամ՝ ներկայիս 32500 դրամի փոխարեն: Այսպիսով հավանություն տրվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Aravot.am-ը ՀՀ որոշ քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցախույզ անցկացրեց, պարզելու՝ նրանք գո՞հ են, որ կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնում է 2500 դրամով: Մեզ հետ զրուցած քաղաքացիների մեծամասնությունը դժգոհեց, քանի որ ըստ նրանց՝ այդ չնչին բարձրացումը չի համապատասխանում թանկացումներին:

Քաղաքացիների տեսակետները ներկայացնում ենք առանց խմբագրման: Նրանցից մեկը հետևյալ կարծիքը հայտնեց. «Աշխատավարձը բարձրացրել են, բայդ ինչքանո՞վ են թանկացրել մնացած բաները: Եթե կառավարության անդամներին այդ աշխատավարձը տան, իրենք կապրե՞ն դրանով»:

Մեկ այլ քաղաքացի նկատեց. «2500 դրամը չնչին գումար է, դա մեկ օրվա ծախսի գումար էլ չէ: Դա ոչ մի բանով չի օգնի ժողովրդին»:

Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, թե բարձրացումն իրենց չի վերաբերում, քանի որ իրենք պետական աշխատող չեն:

Մեր զրուցակիցներից մեկն էլ ասաց. «Գոհ չեմ, կառավարությունը շատ պիտի բարձրացներ աշխատավարձը: Եթե դեպուտատը կարող է 40 հազար դրամով ապրել, ուրեմն գոհ եմ: Կամ՝ եթե դեպուտատը ստանում է 600.000 դրամ և դա իրեն չի հերիքում ու բիզնես է դնում, թոշակառուն, կամ նվազագույն աշխատավարձով ապրողը ո՞նց ապրի»:

Մի քաղաքացի էլ նշեց. «Ես աշխատավարձից ընդհանրապես գաղափար չունեմ: Չգիտեմ՝ մարդիկ ի՞նչ են ստանում, բայց թանկացումները մեզ վրա ազդում են: Ախր 2500 դրամը ի՞նչ փող է, մի հատ սիգարետի, մի հատ զաժիգալկայի փող: Գոնե 30-40 հազարով բարձրացնեին… »:

Քաղաքացիներից մեկն էլ այսպես արտահայտվեց. «Այդ բարձրացումն, իհարկե, բավարար չէ: Ժողովրդի վիճակն ի՞նչ է, որ այդ գումարով ապրի: Ինչքան էլ բարձրացնեն՝ չի բավարարի մարդկանց պահանջները, հատկապես երիտասարդներինը: Իսկ եթե դրսի հետ ենք համեմատվում, ապա պիտի աշխատավարձն էլ դրսին համապատասխան լինի: Ես, իհարկե, աշխատում եմ, բայց անցնելու եմ թոշակի և ի՞նչ թոշակ…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031