Լրահոս
Օրվա լրահոսը

«Օլիմպն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Հոկտեմբեր 26,2012 17:32

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը: Դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց հերթական նախնական դատական նիստը:

Պատասխանողներ են ճանաչվել Հայաստանի Հանրապետությունը եւ

«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը: Հայաստանի Հանրապետության կողմից դատարան ներկայացավ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, իսկ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը խնդրել էր հետաձգել դատական նիստը՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով:

Ինչպես դատավորը, այնպես էլ «Օլիմպի» ներկայացուցիչը՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը, նկատեցին, որ հունիսից է այդ գործը դատարանում եւ որ պատասխանողը նոր է լիազորագիր տվել իր ներկայացուցչին:

Հայցվորը պահանջում է պատասխանողներին պարտավորեցնել հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը օտարելու պայմանագիր կնքել:

Հայցվոր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը պետությունից 13.06.1995թ. գնել է Երևանի Աբովյան 4 հասցեում գտնվող սրճարանի շենքը, որի վերաբերյալ նույն օրը կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր: Շինությունը եղել է 3 հարկանի: Նույն օրը` 13.06.1995թ.-ին ՀՀ ԿԱ Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունը դիմել է Երքաղխորհրդի գործկոմի շենքերի և շինությունների անձնագրավորման և հաշվառման վարչությանը, որպեսզի կոոպերատիվին տրվի սեփականության վկայագիր: Հայցվորը տեղեկացնում է, որ 23.06.1995թ. կոոպերատիվին տրվել է սեփականության վկայական, որտեղ եռահարկ շինության միայն երկու հարկերն է հաշվառվել օրինական: Երրորդ հարկի` 112.3 քմ մակերեսը ներառվել է սեփականության վկայականում որպես ինքնակամ շինություն, իսկ 90,2 քմ մակերեսով նկուղը ընդհանրապես չի ներառվել վկայականում:

1995 թ.-ից նշված տարածքը անընդմեջ և բացահայտ օգտագործվել է որպես սեփական գույք և ավելի քան 15 տարի այն ծառայել է որպես էլիտար հագուստի խանութի ցուցասրահ (1-ին և 2-րդ հարկեր), ինչպես նաեւ՝ վարչական տարածք (3-րդ հարկ):

Համաձայն կառավարության 25.01.2007թ. թիվ 108-Ն որոշման՝ կոոպերատիվի սեփականությունը ընդգրկվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում: Ըստ այդ որոշման, տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ.Մ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի պահանջով կոոպերատիվին ուղարկվել է գույքի նկարագրության արձանագրությունը: Արձանագրությունները կազմված են եղել Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Հարությունյանի, նրա տեղակալ Ս. Մկրտչյանի և այլ աշխատակիցների, ինչպես նաև` «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի տնօրենի կողմից:

Ուշադրության արժանի է այն , որ «Օբյեկտի նկարագիրը» հատվածում նշված է, որ շինությունը բաղկացած է երկու հարկից և մանսարդից:

«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերությունը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: 17.07.2009թ.-ին դատարանը հայցը բավարարել է և վճռել է «Ավոյի» հայցը բավարարել:

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պարտավորեցնել «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության հետ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Աբովյան 4 հասցեում գտնվող նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր՝ ըստ հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊ ընկերության կողմից ներկայացված գործում առկա պայմանագրի։

2010 թվականի մարտին կոոպերատիվը վտարվել է նշված հասցեից, իսկ 2011թ. ամռանը նշված գույքի երեք հարկերը քանդվել են:

Տուժած կոոպերատիվից Երևանի քաղաքապետը 03.12.2010թ.-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ գույքահարկի, ապառքի և տույժի բռնագանձման պահանջների մասին: Հայցվորը դատարանից պահանջել է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվից բռնագանձել 498.384 ՀՀ դրամ, որից 355.170 ՀՀ դրամը գույքահարկի ապառք, 143.214 ՀՀ դրամը՝ որպես ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ հաշվարկված տույժ, և նախապես վճարված 9970 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը:

Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ կոոպերատիվի սեփականությունը երեք օրինական հարկերից է բաղկացած:

Հայցվորի կարծիքով, ՀՀ դատարաններում չի քննվել այն հանգամանքը, որ կոոպերատիվի գույքի 3 հարկերն էլ համարվել են օրինական և Հայաստանի Հանրապետությունը գույքահարկի հաշվարկման ժամանակ հաշվարկել է բոլոր 3 հարկերը, և այդ 3 հարկերի համար բռնագանձել գույքահարկ:

Հայցվորը պահանջում է պատասխանողին կնքել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հետ Երևանի Աբովյան 4 հասցեում գտնվող և նախկինում կոոպերատիվին պատկանող շինության 2-րդ հարկի` 125.22 քմ ընդհանուր մակերեսով, 3-րդ հարկի 112.3 քմ ընդհանուր մակերեսով, նկուղի` 90.2 քմ ընդհանուր մակերեսով և շինությամբ ծանրաբեռնված 189 քմ ընդհանուր մակերեսով հողամասի դիմաց փոխհատուցման պայմանագիր:

Դատավոր Գ. Կարախանյանը նկատեց, որ հայցվորը պետք է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնի դատարան՝ ասվածը հիմնավորելու համար, իսկ քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ խնդրեց, որպեսզի հայցվորը հստակեցնի, թե հայցվորի պահանջը ում դեմ է՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի:

Դատական նախնական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031