Նախօրեին Գյումրու նորընտիր ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը պարտքերի եւ չարաշահումների մի հսկայական ցուցակ է հրապարակել, որը ժառանգություն է ստացել ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից: Կարո՞ղ է նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի նման նրան էլ է «քարտ բլանշ» տվել, մանավանդ որ դեռ նախընտրական շրջանում, Գյումրիում նախագահը հայտարարեց, որ Բալասանյանին ինքն է առաջարկել մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Aravot.am-ի այս դիտարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձեց. «Ախր ինչի՞ եք այդպես պրիմիտիվացնում հասարակական կյանքը, քաղաքական կյանքը: Քարտ բլանշ է տվել… քարտ բլանշը օրենքում ա գրած, որ եթե մարդը զբաղվել է չարաշահումներով, գողություններով, ատկատներով եւ այլն, այդ մարդը պտի դատվի՝ անկախ նրանից ԲՀԿ-ական ա, ՀՀԿ-ական ա, թե՝ նեոնացիստ ա»:
Պարոն Բադեյանից հետաքրքրվեցինք՝ հավանական համարո՞ւմ է, որ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործ կհարուցվի: «Կարծում եմ, որ՝ այո»,- ասաց նա: Հարցից՝ ՀՀԿ-ում մինչ այս տեղյակ չէի՞ն Վարդան Ղուկասյանի գործունեությունից, պարոն Բադեյանը վրդովվեց. «Ախր կուսակցությունը հետաքննչական մարմին չի, ո՞նց կարա կուսակցությունը տեղյակ լինի: Տեղյակ են լինում սովորաբար իրավապահ մարմինները եւ լրագրողները: Դուք տեղյա՞կ էիք: Բարձրաձայնել եք դրա մասին»:
Հստակեցրեցինք, որ մամուլում քանիցս գրվել է Վարդան Ղուկասյանի տարբեր գլուխգործոցների մասին ու հարցրեցինք՝ իրավապահնե՞րն էին թերացել, Մանվել Բադեյանը վրա բերեց. «Այո, եթե իրոք հանցագործություն կա եւ իրենք դրանով չեն զբաղվել, ուրեմն մեղավոր են»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ