Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարի Թաղի գաջի հանքը կիսով չա՞փ է վտանգավոր սարիթաղցիների համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2012 16:55

Ներկա դրությամբ, Երեւան քաղաքի համար հանքի շահագործման 29 լիցենզիա է տրված: Այսօր բնապահպաններ Ինգա Զառաֆյանը եւ Վիկտորիա Բուռնազյանը մտահոգություն հայտնեցին եւս 2 հանք շահագործող ընկերություններին տրված լիցենզիաների վերաբերյալ, որոնք տեղադրված են բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

«Արմատ» մամուլի ակումբում Ինգա Զառաֆյանը, որը նաեւ «Էկոլուր» հ/կ-ի նախագահն է, ասաց. «Չնայած նրան, որ Երեւան քաղաքի Ջրվեժի գիպսատար ապարների եւ բազալտների հանք է, այնուամենայնիվ, բնապահպանության նախարարությունը հասարակական լսումների անցկացման վայրը որոշել է` Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղ: Շահագործող ընկերությունը «Գաջ» ՓԲԸ-ն է»: Ի պատասխան տիկին Զարաֆյանի մտահոգություններին, բնապահպանության նախարարության բնապահպանական փորձագիտության ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գեւորգյանը հայտնեց, որ նոյեմբերի 2-ին Ջրվեժի բնակիչների համար է հասարակական լսումներ անցկացվելու, դրանից հետո` Երեւանի. «Մենք արդեն դիմել ենք Երեւանի քաղաքապետարան, դա կազմակերպելու համար»:

Ըստ տիկին Զառաֆյանի, «Գաջեգործ» ՓԲԸ-ն, որը Սարի թաղում է գաջի հանք շահագործելու, հասարակական լսումների մասին հայտարարություն չի արել:

Պարոն Գեւորգյանը վստահեցրեց, որ կա արձանագրություն, ստորագրություն, որտեղ նշված են անուն ազգանուններ բնակիչների, որոնք մասնակցել են հասարակական լսումների:

Տիկին Զառաֆյանի դիտարկումները` տեսանյութում

Բնապահպանները նաեւ պետության ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե ինչու է հոկտեմբերի 24-ին տեղեկատվությունը դրվել կայքում, այն դեպքում, երբ հուլիսի 17-ին է լցենզիան տրվել. «Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենար իր կարծիքն ասելու, սակայն կայքում ընդամենը վերջերս է տեղադրվել»:

Մինչդեռ բնապահպաններին բնակիչները պատմել են, որ ոչինչ չգիտեին ոչ հանքավայրի մասին, ոչ ստորագրահավաքի մասին եւ շատ զարմացած են: Ինգա Զառաֆյանի խոսքերով, գաջի գործարանի մոտ թափոններ են, 50 սանտիմետրանոց փոշու կույտեր:

Բնապահպանները Հենրիկ Գեւորգյանից հետաքրքրվեցին, թե արդյոք վերոնշյալ ընկերությունները բոլոր շահագործվող հանքերի համար ունե՞ն բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, ինչին ի պատասխան նախարարության ներկայացուցիչն ասաց, որ հանք շահագործողները բոլոր փորձագիտական գործընթացներն անցել են:

Հարցին, թե վտանգ չի ներկայացնո՞ւմ գաջի գործարանի առկայությունը, պարոն Գեւորգյանն ասաց` կիսով չափ վտանգավոր է:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031