Սիրիահայ համայնքի աջակցության «Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են: Երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Սիրիական ավիաուղիների Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա տեղափոխվեց մոտ երկու տոննա մարդասիրական օգնություն՝ այդ թվում առաջին անհրաժեշտության դեղորայք։
Ըստ նախնական ծրագրի, կորդեգրվի հումանիտար բեռը փոխադրելու այս ճանապարհը՝ չբացառելով նաև չարթերային բեռնատար թռիչքները։
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության կողմից ծրագրեր են իրականացվելու նաև Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական կարիքները հոգալու նպատակով «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5000000 (5մլն) դրամի փոխանցում է կատարել ՙՔաշաթաղ՚ հիմնադրամին։
Կարդացեք նաև
Առաջիկա օրերին պարենային աջակցություն կցուցաբերվի Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքների։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ