«Վրաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը վերջին տարիներին բերեց նրան, որ թուրք-ադրբեջանական գործոնը Վրաստանում ուժեղացավ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Չեմ կարող պնդել, որ վրաց-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որովհետեւ դրանց խոչնդոտող հանգամանքներ կան, առաջին հերթին Վրաստանի ադրբեջանական համայնքն է, գումարած սահմանային խնդիրները եւ այլն: Գլոբալ քաղաքական եւ տնտեսական շահերը ստիպում են վրացական եւ ադրբեջանական իշխանություններին զանց առնել հակասությունները եւ առավելությունը տալ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական գործոններին, եւ այդ քաղաքականության հիմնական մեխը՝ Հայաստանը տարածաշրջանային տնտեսական կոմունիկացիոն եւ այլ բնույթի պրոցեսներից հեռու պահելն է: Այդ քաղաքականությունը արտահայտվեց պրակտիկ ձեւով. Կարս-Ախալքալաք-Թբիլիսի- Բաքու երկաթգծի կառուցման տեսքով եւ վրաց-ադրբեջանական էներգակիրների շուրջ ունեցած փոխհարաբերությունների տեսքով, մասնավորապես ադրբեջանական էներգակիրները ամբողջապես տեղափոխվում են Վրաստանի տարածքով Բաքու-Ջեհյան նավթամուղը, գազամուղերը եւ այլ ծրագրեր, այն դեպքում, երբ այդ ծրագրերը Հայաստանի տարածքով կառուցելիս էապես էժան էր նստելու Ադրբեջանի վրա»,- նշեց Թորոսյանը ըստ որի՝ այստեղ ակնհայտ քաղաքականություն էր դրսեւորվում:
Ինչ վերաբերվում է վրաց-թուրքական հարաբերություններին, ապա ըստ Թորոսյանի, թուրքական իշխանությունները հանուն Հայաստանի մեկուսացնելուն շատ լուրջ քայլեր ձեռնարկեցին, որի արդյունքում Վրաստանը հաճախ զանց առնելով իր իսկ շահերը գնաց թուրք ադրբեջանական տանդեմի հետ այդ փոխհարաբերություններին, որը իրավիճակային առումով բխում էր Վրաստանի շահերից, բայց գլոբալ քաղաքական հեռանկարային առումով, ակնհայտորեն Վրաստանի շահերի ոտնահարում էր նշանակում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ