«Ելակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին վերջերս Կորեայում տեղի ունեցած միջազգային աստագիտական օլիմպիադայի հայ մասնակիցները եւ Հայաստանի օլիմպիական թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը: Նա հայտնեց, որ Կորեայի միջազգային աստագիտական օլիմպիադային Հայաստանը մասնակցում էր 13-րդ անգամ՝ ընդհանուր առմամբ նվաճելով 7 ոսկե մեդալ. «Անցկացվեցին օլիմպիադայի դպրոցական, մարզային եւ հանրապետական փուլերը, որից հետո ընտրված թիմը մեկնեց Կորեա՝ ԿԳ նախարարության եւ Կորեայի հանրապետության ֆինանսավորմամբ: Մինչ մեկնումը երեխաներն ինտենսիվ պարապում էին ԵՊՀ-ին կից Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում, իսկ Բյուրականի աստղադիտարանում իրականացնում էին գիշերային դիտումներ: Մենք աստղացուցարանի կարիք ունենք, քանի որ Բյուրականի դիտումները անորոշ ժամանակով են տեղի ունենում եւ կորցնում էֆեկտը, այդ պատճառով էլ «կաղում ենք»: Հայաստանում աստղագիտությունը դրված չէ պատշաճ մակարդակի վրա»:
Տիկին Գյուլզադյանը փաստեց, որ երեխաների հաջողությունների գործում իրենց ներդրումն ունեն նաեւ ուսուցիչները, սակայն աստղագիտություն առարկան, ցավոք, մասսայականացված չէ եւ դասավանդումը համատարած բնույթ չի կրում:
Կորեայում հայ պատանիների հետ մրցել են 20-ից ավելի երկրի՝ Չինաստանի, Ինդոնեզեայի, Թայլանդի. Չեխիայի, Ռուսաստանի երեխաները:
«Մինչ օլիմպիադայի բացումը բոլոր երեխաներն անցել են մարզումներ, իսկ բացման ընթացքում ներկայացրել իրենց երկրի մշակույթը: Մեր օլիմպիականներից Սիրանուշ Բաբախանովան հայկական պար ցուցադրեց, ինչից բոլորը հիացած էին: Նախկինում մասնակիցները լսել են Հայաստանի պատմությունը, բայց այս անգամ մենք որոշեցինք մեր մշակույթը յուրահատուկ կերպով ներկայացնել»,-ասաց Մարիետա Գյուլզադյանը:
Կարդացեք նաև
Ֆիզմաթ դպրոցի սան Սիրանուշ Բաբախանովան Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ օլիմպիադայի մասնակիցների հետ շփվելու շատ ժամանակ չի ունեցել, բայց սոցցանցով կապ է պահպանում ռումինացի եւ ռուս տարեկիցների հետ. «Կցանկանայի հաջորդ տարի՝ Լիտվայում նույնպես տեսնել նրանց: Առհասարակ, օլիմպիադան մեզ համար ոչ թե քննություն էր, այլ գիտության տոն: Մենք հնարավորություն ունեինք ժամերով կենտրոնանալ առաջադրված խնդրի վրա եւ ուժերը միավորելով՝ դառնալ մեկ ամբողջություն: Ինձ հատկապես դուր եկավ Կորեայի ազգային ուտեստը եւ տարազները, անգամ թույլ տվեցին հագնել դրանք եւ լուսանկարվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ