Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեում կիսակառույց շենքի ապօրինի տեղադրված բեռնատար վերելակի շահագործման համար երեկ արդեն քրեական գործ է հարուցվել եւ այս պահին ճշտվում է վերելակ տեղադրող ընկերությունը, որն էլ ըստ էության պատասխանատվություն պետք է կրի:
Ապօրինի տեղադրված վերելակը 19-րդ հարկից պոկվել է եւ ընկել վերելակի հորանը, ինչի արդյունքում երեկ 2 զոհ եւ 2 վիրավոր է եղել:
Շենքի շինարարության պատվիրատուն, ըստ էության մեղքի բաժին չունի էլ, քանի որ այն մեկ այլ ընկերության է պատվիրել վերելակ տեղադրել: Շինարարության պատվիրատուն այսօր ոստիկանությանը պետք է ներկայացնի պայմանագրերը, ըստ որի էլ պարզ կլինի թե որ կազմակերպությունն է տեղադրել տեխնիկական ոչ մի չափանիշի չհամապատասխանող վերելակը:
Aravot.am-ի հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երեւան քաղաքի փորձաքննության ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանն ասաց, որ դեպքի համար պատասխանատու անձիք ճշտվում են, իսկ նման վերելակ ընդհանրապես գոյություն չունի էլ. «Նման բարձրահարկ շինարարություններում շինանյութերը տեղափոխելու համար օգտագործվում են հատուկ ամբարձիչներ եւ կռունկներ, իսկ Դավիթաշենի դեպքում ընդամենը մետաղյա ինքնաշեն հարթակ էին կառուցել եւ ճոպաններով բարձրացնում-իջեցնում էին այդ շենքի վերելակը»:
Կարդացեք նաև
Պարոն Հովսեփյանի խոսքերով, նման ապօրինի եւ տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող վերելակներ շահագործելու 1-2 դեպք եւս եղել է, բայց դրանց բացահայտելուց անմիջապես հետո դադարեցվել եւ արգելվել է շահագործումը:
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետեւանքով շինարարության աշխատակիցներ Յուրան եւ Հուսիկը տեղում մահացել են, իսկ 1969 թվականի ծնված Խաչիկ Եփրեմյանը եւ 1954 թ. ծնված Գևորգ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք. նրանց վիճակը ծանր է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ