Նախորդ անգամ անդրադարձել էինք այն օտարերկրացի հայտնիներին, որոնց հայ երիտասարդները կցանկանային տեսնել որպես իրենց հայրենակից: Այս անգամ կանդրադառնանք այն հայտնիներին, որոնց հայ լինելու փաստը մեր երիտասարդներին այնքան էլ չի ոգևորում: Եվ այսպես՝ ո՞վ կցանկանայիք ազգությամբ հայ չլիներ:
Շատերը, այդ թվում նաև 22-ամյա Նարե Ծատուրյանը միանշանակ ասացին, որ ամաչում են այն փաստի համար, որ Քիմ Քարդաշյանը հայ է. «Երբեք չէի ցանկանա նրա նման անպարկեշտ ու գռեհիկ հայրենակցուհի ունենալ, հատկապես, երբ նա ապրում է այլ երկրում ու այդ երկրի ժողովրդի մի մասը հայ աղջիկների մասին կարծիք է կազմում նրան տեսնելով… ուղղակի զզվելի ա ինքը ինձ համար», – ասում է Նարեն ու ավելացնում՝ իսկ հայերն ընդհակառակը ամբողջ օրը կկարդան ու կխոսեն Քիմ Քարդաշյանի կյանքի փոփոխությունների մասին, լրատվական կայքերի ամենառեյտինգային նյութերն են լինում դրանք:
Մեր հայրենակիցներից ոմանք չէին ցանկանա, որ հայ լիներ նաև երգչուհի Սյուզի Մելիքյանը. «Անգրագետ երգչուհիները շատանում են, էլ չեմ ասում այն, որ անգրագետ լինելուց բացի՝ շատ-շատերը երգել էլ չգիտեն, այդ առումով հատկապես աչքի է ընկել Սյուզի Մելիքյանը. ոչ երգել գիտի, ոչ շարժվել, իսկ բեմի մարդու համար գոնե ձայնային տվյալներն են առաջնային: Մենք՝ հայերս շնորհաշատ ազգ ենք, իսկ իր նմանները գցում են ազգիս նկարագիրը», – ասում է 26-ամյա Լուսինե Հակոբյանը:
Վիոլետ Գրիգորյանն էլ է հայտնվել այդ ցուցակում: 22-ամյա Գարիկ Մաթևոսյանն էլ նրան չէր ցանկանա տեսնել որպես հայրենակից, ասում է՝ երանի հայերեն երբեք չխոսեր, որ ես էլ չնեռվայնանայի իր «ուչուն»-ներից 🙂
19-ամյա Հարութն էլ «տանել չի կարողանում» kamoblog-ի Կամո Թովմասյանին, և չէր ցանկանա, որ նա լիներ իր հայրենակիցը:
Երգիչ Էռնեստ The Best-ի անունը նույնպես շատերը նշեցին. «Նա իսկական հայ տղայի հակապատկերն է», -ասում է 20-ամյա Էլինա Համբարձումյանը:
Տիգրանուհի Թասլակյան