2012թ. հունվարի 1-ից «Ունիսաոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Բազմազանության խթանում հանուն հավասարության» նախագիծը: Դրա շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Շրջանակից այն կողմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը Aravot.am-ին ասաց, որ առաջին անգամ Հայաստանում որպես մոդել հանդես են եկել հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներ: Իր խոսքով, բուն նպատակը հասարակության վերաբերմունքի փոփոխումն է հաշմանդամների նկատմամբ: Ըստ նրա, պետք է դուրս գալ այն կարծրատիպերից, որոնց մեջ հիմա մեր քաղաքացիներն են: «Առաջին հայացքից կարող է թվալ, որ հաշմանդամ կինը եւ ֆոտոմոդելը համատեղելի չեն, բայց մենք փոխեցինք այդ մարտահրավերը եւ ապացուցեցինք, որ դա հնարավոր է»,- ասում է Ալավերդյանը:
Մոդելների ընտրությունը կատարվել է ոչ միայն արտաքինի չափորոշիչներով, այլ նաեւ իրենց պատրաստակամությամբ: «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրենի կարծիքով ֆոտոմոդելները ազատ մտածելակերպ ունեն: «Շրջանակից այն կողմ» ֆոտոցուցահանդեսին ներկայացված էին նաեւ լուսանկարիչ Եվգենի Էվոյանի 22 աշխատանքները: Թեմատիկությունը ռոմանտիկան էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մեծ հաճույք է ստացել հաշմանդամ աղջիկների հետ աշխատելիս: Ուրախ է, որ իրեն հնարավորություն է տրվել նկարել նրանց: Յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է: Նրան գեղեցկացնում է ոչ թե դեմքը, այլ ներաշխարհը- կարծում է լուսանկարիչը ու ավելացնում, որ հաշմանդամները նորմալ մարդիկ են, միգուցե սովորական մարդկանցից էլ մի գլուխ բարձր են ու ուժեղ: Հայաստանի կինոմատոգրաֆների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը մեծ տպավորություն ուներ ցուցահանդեսից: Ասում է` հուզիչ էր: Ըստ նրա, նման միջոցառումներ պետք է շատ անցկացվեն: Կարծում է, որ այս նախաձեռնությունը զարգացնել է պետք. «Հաջորդ անգամ պետք է հավաքվի հանգանակություն, որպեսզի ստեղծագործական մարդկանց, ովքեր հաշմանդամներ են, կարողանան գնել իրենց անհրաժեշտ իրը: Մեկի համար դա կլինի ֆոտոխցիկը, մյուսի համար` համակարգիչը»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ