Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազգ արվեստագետները կներկայացնեն բռնության հանդեպ մոտեցումները (տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2012 15:16

Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց  «Լռեցնելու (եւ ձայն տալու) ռազմավարություններ» (ԼՁՏՌ) խորագրով երկօրյա գիտաժողովը, որի նպատակն է՝ ի մի բերել տարբեր  երկրների արվեստագետների եւ գիտնականների` մի քանի տարի տեւած գեղարվեստական համագործակցությունը,  ոչ պաշտոնական զրույցների եւ հանրային քննարկումների արդյունքում ձեւավորված եզրահանգումները:

Գիտաժողովի կազմակերպիչ Նիրի Մելքոնյանը հայտնեց, որ  ԼՁՏՌ-ի անցկացման գաղափարը ծնվել է 2010թ-ին՝ Մանհեթթենում  տարբեր երկրների արվեստագետների մասնակցությամբ կազմակերպված «Կույր ժամադրություններ» ցուցահանդեսից հետո. «Ցուցահանդեսում ներկայացրեցինք այն ամենը,  ինչ մնացել է ժամանակին  Օսմանյան կայսրության բազմազան աշխարհագրության մասը կազմող   ժողովուրդներից եւ մշակույթներից: Այս գիտաժողովը փորձ է՝ ուսումնասիրելու վերակառուցումների տարբեր  տիպի հետեւանքները ժամանակակից փորձառությունների շրջանակներում:  ԼՁՏՌ-ն կենտրոնանում է գեղարվեստական պրակտիկայի, գրականության, իրավունքի  եւ էթիկայի ոլորտներում առկա զուգահեռների հետազոտության վրա: Համաժողովը կանդրադառնա նաեւ  խորհրդային  վարչակարգին եւ սառը պատերազմին վերաբերող իրողություններին»: Մելքոնյանը հավելեց, որ հաջորդ տարի «Կույր ժամադրությունները» կկազմակերպվեն Ստամբուլում եւ Երեւանում:

Կազմակերպիչը նաեւ ասաց, որ գիտաժողովին մասնակցում են արվեստագետներ Հայաստանից, Իսրայելից, Թուքիայից, Գերմանիայից, ովքեր կխոսեն բռնության հանդեպ իրենց վերաբերմունքից եւ մոտեցումներից:

Փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը ներկայացնելու է զեկույց՝  Չարենցին որպես փիլիսոփա դիտարկելով:  Իսկ մշակութաբան Հրաչ Բայադյանն ասաց, որ տարիներ շարունակ ուսումնասիրել  է ինքնություն եւ ազգային գաղափարախոսություն հասկացությունները եւ դրանք վերլուծելու հարցերը. «Զեկուցման առաջնային խնդիրն է՝ ներկայացնել օրիենտալիզմի հարցերը Խորհրդային Ռուսաստանում»:

Գիտաժողովին մասնակցում է նաեւ  միջազգային համբավ վայելող բենգալական հնդիկ հեղինակ Ամիթավ Գոշը, ով զեկուցելու է  1916-1918թթ Սիրիայի մահվան ճամբարներում հնդիկ  եւ հայ գերիների միջեւ հարաբերությունների մասին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031