Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի գաղութում անգամ բժիշկ չկա՞

Հոկտեմբեր 26,2012 15:13

Այս մասին տեղեկացրեցին Aravot.am-ի  խմբագրություն ահազանգած   Վանաձորի քրեակատարողական  հիմնարկի դատապարտյալները: Նրանք  դժգոհ էին  ոչ միայն ,  իրենց բառերով ասած,  այնտեղ տիրող «գեստապոյական» ռեժիմից ու խցերի  հակասանիտարական վիճակից, այլև բուժսպասարկումից: Ըստ բողոքավորների, եթե դատապարտյալներից որևէ մեկը սխալվի ու հիվանդանա , անմիջապես «դեմ են տալիս» բուժքույրի, չկա որևէ բժիշկ: Նրանք դժգոհ էին նաև սննդի որակից, խցերի պայմաններից, դատապարտյալների ասելով, այստեղ «պլիտա» արգելում են միացնել , սառնարաններ չկան, դրանք բաժին են հասնում միայն  ծանոթներին: Սակայն այս ամենից զատ,  բողոքավորները հետաքրքիր մի տեղեկություն հաղորդեցին պետի` բանտում ծավալած բիզնեսի մասին: «Հենց տեսակցության ժամ լինի, վերահսկիչի պես գլխիդ են կանգնում , հաշվի չեն առնում անգամ , թե ասենք մարդ ու կնիկ են տեսակցում:

Պետը `Արտյոմ Մխոյանը,  գործից անտեղյակ մարդ է, սովորական հարկայինի աշխատող է եղել, ինչ է Կալուգայի  Սամոյի  բարեկամն է, (ի նկատի ունեն Տաշիր ընկերության սեփականատեր  Սամվել Կարապետյանին)   բերել-գործի են դրել:Էս մարդը իր անմարդկային  վերաբերմունքով  սպանում է  մեզ, հասկացանք, ամեն մեկս մի վատ արարքի համար դատվել ենք,  բայց ի՞նչ է ասածները, էնքան են  անում , որ մի վատ արարք էլ ստեղ թույլ տաս:Վերջը մարդ ենք չէ՞, մարդ իրա կատվի ու շան հետ էսպես չի վարվի: Ասա ճաշերը ուտել կլինի՞, կամ թե Գագիկ Ծառուկյանը սպորտզալ է նվիրում գաղութին, մարդը գալիս, իրա փողերով վերանորոգում է, Կալուգայի  Սամոյի բարեկամը դատապարտյալներին չի թողնում օգտվեն,  ուրիշներին  է վարձով  տալիս»,-նեղսրտեցին  բողոքավորները:

Մեր խմբագրությանն ուղղված  բողոքների շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանից, սակայն վերջինս,  չլսելով մեր հարցերը, փոխանցեց ,  որ պատրաստվում է կես ժամից պարզաբանումներ տալ  լրատվամիջոցներին, խնդրեց նաև մեր էլեկտրոնային հասցեն` մեզ ևս  իր պարզաբանումն ուղարկելու, սակայն այդպես էլ նրանից ոչ մի պատասխան չստացանք: Համենայնդեպս  մամլո քարտուղարը   քիչ առաջ News.am-ին փոխանցել էր, թե Վանաձորի քրեակատարողական հիմնարկում ընդամենը մի դատապարտյալ է  հացադուլ հայտարարել, ով դժգոհում է իր քրեական գործերից, այնտեղ տիրող  գեստապոյական ռեժիմի  ու պայմանների հետ կապված էլ պարզաբանել էր հետևյալը.«Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006թ ընդունած թիվ 15/43  որոշմամբ գոյություն ունի իրերի,առարկաների եւ սննդամթերքի ցանկ, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել ծանրոցներով կամ փաթեթներով: Ըստ այդ ցանկի` սալօջախ կամ ճաշ եփելու հարմարանք չի թույլատրվում, իսկ սառնարան հատկացվում է դիմումի համաձայն, այսինքն` դատապարտյալը դիմում է գրում, քննարկվում է եւ խցում տեղադրում են»:

Իսկ Aravot.am-ին  այդպես էլ անհայտ մնաց, թե ինչո՞ւ քրեակատարողական   հիմնարկում որևէ բժիշկ չկա, ինչպես ներկայացնում են դատապարտյալները, կամ ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանը սպորտդահլիճը վերանորոգում, իսկ գաղութի պետը  արգելված այս հիմնարկում  բիզնեսով զբաղվում, այն վարձով է  տալիս:Ի դեպ, դատապարտյալները պնդում են, որ 45 հոգի դիմում են ներկայացրել այն մասին, որ իրենք  հացադուլ    են հայտարարում, սակայն նրանց դիմումները չեն ընդունում: Նշենք, որ կեսօրին Վանաձորի քրեակատարողական հիմնարկ է պատրաստվում այցելել  հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031