Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Գեւորգյանց . Մասոնները ուսանողական վարձեր էլ են վճարում

Հոկտեմբեր 26,2012 15:00

Անցյալ տարի Հայաստան այցելած Grand Orient De France ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն  ասուլիսում հայտարարել էր, թե մեր երկրում կա իրենց օթյակի 15-20 անդամ: Նաեւ ասել էր, որ այդ անդամները չեն բացահայտվում, որովհետեւ Հայաստանում դեռ օթյակ չկա: Արսիզեն հայտարարել էր, որ ինքը Հայաստան է եկել, որպեսզի այդ օթյակի ձեւավորման հնարավորությունները դիտարկվեն: Հրապարակումներ  եղան նաեւ այն մասին, թե Հայաստանի գերագույն օթյակ (Grand Lodge of Armenia) անունը կրող Հայաստանի մասոնական կազմակերպության ստեղծման եւ ճանաչման համար անհրաժեշտ է եղել առնվազն երեք երկրի հավանություն: Եվ ըստ նույն աղբյուրի,  Հայաստանում Գերագույն մասոնական օթյակ ունենալուն հավանություն են տվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասոնական կազմակերպությունները: ԶԼՄ որոշ հրապարակումների համաձայն, Հայաստանի մասոնները նույնիսկ տարածք են ձեռք բերել Վահագնի թաղամասում եւ ցանկություն ունեն մասոնական տաճար կառուցել:

Վերջերս հայաստանյան մամուլում եւ սոցցանցերում կրկին թեժացել է մասոնության թեման. առաջիկայում մասոնների հայոց գերագույն օթյակում կամ Ազատ քարտաշների գերագույն օթյակում քննարկվելու է Հայաստանի 2013թ. նախագահական ընտրությունների հարցը եւ անգամ թեկնածուն է «գծագրվելու»: Հավաքի ազդեցիկ  դեմքերի թվում շրջանառվում է  ամերիկահայ իրավաբան Արմին Ջանյանի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորման նախագահ,   ռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի եւ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Լևոն Ռուխկյանի անունները:

Aravot.am-ը  Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորման նախագահից հետաքրքրվեց՝ հատկապես ո՞ր դպրոցներին են հայ մասոնները համակարգիչներ տրամադրել ու նյութապես աջակցել, ինչպես ինքը նշել էր օրերս «Իրավունք- Հետաքննություն» թերթին տված հարցազրույցում:

«Դա փակ տեղեկություն  է, ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց պարոն Գեւորգյանցը, որը չի թաքցնում իր մասոն լինելը:

Մեր հաջորդ հարցին՝ մի՞թե ազգայնականությունն  ու մասոնությունը համատեղելի են, չէ՞ որ ինքը ծայրահեղ ազգայնական է, կինոմիության նախագահը պատասխանեց.  «Չկա նման բան, էդ ո՞ր թերթն է գրել…, էդ իրանց ա թվում, որ համատեղելի չեն»:

Ավելի ուշ նա  կրկին նշեց, որ հայ մասոնները բարեգործություն են անում. «Ուսանողներին թոշակներ ենք տալիս…թոշակ չէ, վարձեր…տարբեր տարիներին տարբեր բաներ ենք արել, այս տարի 2-3 հոգու վարձ ենք վճարել»: Իսկ կինոյի հետ կապված որեւէ աջակցություն եղե՞լ է: «Մեր առաքելությունը  ոչ մի կապ չունի կինոյի հետ»,- շտապեց հայտնել կինոմիության  գլուխը:

Ձեզ ձեր ո՞ր հատկանիշների համար են ընդգրկել մասոնական օթյակում, ո՞րն է այն սկզբունքը, որին համապատասխանում եք ու դավանում: Aravot.am-ի այս հարցի  առիթով էլ Ռուբեն Գեւորգյանցը նորից ասաց. «Դա փակ ինֆորմացիա է, բայց ինչ-որ պետք է, ինտերնետ կա՝ մտեք, կարդացեք, թե չէ՝ մամուլում շատ սուտ բաներ են գրում»:

Հիշեցնենք, որ 2008-ին «Առավոտին» տված հարցազրույցում  Rotary International կազմակերպության անդամ Հովսեփ Սեֆերյանն էլ, չբացառելով ռոտարիական ցանցում մասոնների գոյության փաստը, նշել էր, թե,  օրինակ, Եղեռնի 90-ամյա տարելիցի  առիթով

Հայաստանի Ազգային օպերային թատրոնը «Գայանե» բալետով հյուրընկալվել էր Թուրքիայում եւ բոլոր ծախսերը հոգացել էին թուրք ռոտարիականները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031