Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Տիգրան Սարգսյանը պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»

Հոկտեմբեր 26,2012 14:54

Այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հավաստիացումներին, որ դեռ ուժի մեջ է կոալիցիոն նախորդ հուշագիրը՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, որ ուժի մեջ է նաեւ Սեւրի պայմանագիրը: Նույն տրամաբանությամբ՝ Տիգրան Սարգսյանը հիմա շարունակում է մնալ ԱԺՄ անդամ եւ ելնելով այդ տրամաբանությունից՝ Տիգրան Սարգսյանը պարտավոր է պաշտպանել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»:

ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ իրականում հուշագրի հարցը ԲՀԿ-ում գոյություն չունի, եւ այդ հարցը ԲՀԿ-ից դուրս է քննարկվում:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Գոյություն չունի կոալիցիա ԲՀԿ-ով ՕԵԿ, Հանրապետական ֆորմատ, եւ պարտադիր չէ դրա մասին հայտարարի պարոն Ծառուկյանը, որպեսզի մենք բոլորս տեղեկանանք, որ նման կոալիցիա այդ ֆորմատով գոյություն չունի: Ես չգիտեմ նոր հուշագրի մասին տեղեկատվությունը, իդեա, նպատակ, ցանկություն ով եւ ինչու է համառորեն դնում շրջանառության մեջ, որեւէ քաղաքական ուժի հետ որեւէ հին, կիսահին, կիսաթարմացված հուշագրի վերաբերյալ՝ այդ կարգի բանակցություններ չի վարվում»:

Հարցին՝ դուք անընդհատ քննադատում եք կառավարությանը, չեք քնադատում Սերժ Սարգսյանին, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե կառավարությունը փոխեն, ամեն ինչ իր տեղը կընկնի՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Երկրում տարվող սոցիալ տնտեսական քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է»:

Ինչու Գագիկ Ծառուկյանը չի խոսում նախագահական ընտրությունների մասին, ըստ տիկին Զոհրաբյանի, բնական է հանրային հետաքրքրությունը, որովհետեւ այո, ԲՀԿ-ի որոշումից շատ բան է կախված լինելու, «բայց թույլ տվեք մենք որոշենք այն պահը, երբ կորոշենք»: Նախագահական ընտրություններին, թե ում թեկնածությունն է առաջադրելու ԲՀԿ-ն՝ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իր անձնական տեսակետը. «Իմ անձնական դիրքորոշմամբ՝ ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը»:

Ասուլիսից քիչ առաջ Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ՀԱԿ-ը մի շարք կուսակցությունների հետ այս պահին բանակցությունների փուլում է գտնվում: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ միասնական թեկնածուով հանդես գալու շուրջ իրենք չեն բանակցում ՀԱԿ-ի հետ: Վահե Հովհաննիսյանն էլ շեշտեց, որ այս պահին որեւէ բանակցություն չկա մյուս քաղաքական ուժերի հետ, հետեւաբար առաջիկա նախագահական ընտրություններում ում թեկնածությունը կպաշտպանեն՝ հստակ չէ:

Թե ինչու է ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկել նվազագույն աշխատավարձի վերաբերյալ օրինագծին՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք նպատակ չունեինք օրինագիծը տապալելու, եթե թեկուզ մի քանի ընտանիքների մի քանի օրվա հացի խնդիրը կարող է լուծել այդ 2500 դրամը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031