«Մենք 7 հոգով կարողանում ենք նեղել 70 հոգու»,- այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելո՞ւ է, թե՞ չէ, ՀՅԴ-ն էլ չգիտի՝ մասնակցելո՞ւ է, թե՞ չէ, չե՞ք կարծում, որ այսպես ՀՀ-ում կստեղծվի երկկուսակցական համակարգ՝ նա պատասխանեց. «Դուք շատ օպտիմիստ եք: Հայաստանում կա մի կուսակցության համակարգ, դա գողերի եւ ավազակների դիկտատուրա է: Բնականաբար, մեր բոլոր ջանքերը, քաղաքական բանակցությունները ուղղված են մի բանի՝ որ Հայաստանում առաջանա նախագահական ընտրություններում ժողովրդի մասնակցությամբ հաղթական քաղաքական կատեգորիա»:
Հարցին՝ ո՞ր ընտրակեղծիքներն են այս ընտրություններում մեծ պահանջարկ վայելելու, ի՞նչ եք անելու, եթե կեղծիքները որոշեն ընտրությունների արդյունքները՝ նա պատասխանեց. «Եթե կեղծիքները որոշեն արդյունքները, մենք էլ պետք է որոշենք ընտրակեղծարարների բախտը: Պետք է որոշենք ընտրակեղծարարների ձեռքը ոնց ենք բռնելու»: Լեւոն Զուրաբյանի վերջին հայտարարությունից հետո, որ եթե 2013-ին Սերժ Սարգսյանը ընտրվի, կամայացնի քաղաքական դաշտը, ՀՀԿ մի քանի անդամներ՝ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Հովհաննես Սահակյանը այսպես մեկնաբանեցին դա, որ Զուրաբյանը տեղ է փնտրում: Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ այսօր Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ իր ականջին էլ են հասել, որ անձնական վիրավորանքներ են հնչել իր հասցեին. «Հարցը մենակ այն հայտարարության մեջ չէ, որը վերաբերում է ԲՀԿ-ին: Հարցը կոմպլեքս է: Ես տեսնում եմ, որ լարվածությունն աճում է: Նրանք ոչինչ չունեն հակադրելու, բնականաբար անցել են անձնական վիրավորանքի: Գիտեք ինչ, պատկերավոր ասեմ՝ եթե պոռնիկը ասում է բարոյական մարդուն պոռնիկ՝ դրանից ոչ մի բան չի փոխվում: Բարոյականը մնում է բարոյական, պոռնիկը ավելի է բացահայտում իր էությունը: Մարդը չպիտի նեղանա հաչոցից»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների հետ որոշակի բանակցություններ են վարվում, ո՞ր կուսակցությունների հետ են վարվում, եւ արդյո՞ք այդ անձը Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կներեք, ես չեմ ցանկանա հիմա որեւէ բան պարզ ասել: Որեւէ չափազանց բաց մեկնաբանություն իմ կողմից միայն կարող է խանգարել»: Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ ինքը համագործակցության կոնտեքստում Ռոբերտ Քոչարյանի անունը ընդհանրապես չի տվել. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործոն չէ այսօր բացարձակապես: Ընդհանրապես իր անունը համագործակցության որեւէ կոնտեքստում իմ որեւէ հարցազրույցում երբեք չի շոշափվել: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կարող եմ ասել հետեւյալը. Մենք ունենք քաղխորհուրդ, քաղխորհրդում նախագահը կոնսենսուսով որոշել է ՀԱԿ-ի վարվող քաղաքականությունը: Մենք քաղխորհրդից դուրս տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկել ենք համագործակցության հետ կապված խնդիրներ՝ որպես օրակարգային հարց: Ի թիվս այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության՝ քննարկվել է նաեւ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը: Եվ այդ հարցում օգոստոսին նիստերից մեկում ընդունվել է հետեւյալ որոշումը՝ որ քաղխորհուրդը վստահում է այդ հարցում Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը եւ որեւէ կերպ նպատակահարմար չի համարում կաշկանդել իր գործունեությունը՝ այդ ուղղությամբ: Սա է իրավիճակը, եւ այստեղ ես որեւիցե խնդիր չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ