Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՌԵՐԸ

Հոկտեմբեր 26,2012 14:40

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ ութերորդ

ՎՐԱՑԻՆԵՐԻ ՏԱՌԵՐԸ

Եվ Ներսիսյանը ժպտալով շարունակեց՝ «այս օջախի դռները մշտապես բաց են ուրախության ու ծիծաղի առջեւ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընդ որում՝ առո՛ղջ ծիծաղի եւ առո՛ղջ ուրախության առջեւ են բաց» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ընդ որում՝ կրնկի՛ վրա են բաց» եւ մի քիչ էլ մտածեց ու մեզ նայելով ավելացրեց՝ «այնպես որ, ազատորեն կարող եք ծիծաղել եւ ուրախանալ, հարգարժան հյուրեր», եւ մենք սրտանց ծիծաղեցինք, եւ Ներսիսյանը մեզ կանխելով ասաց՝ «ինչքան  ծիծաղեցինք՝ բավական է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես ամենեւին մտադիր չեմ տիար Ֆերեշեթին երկար սպասեցնել», եւ Ֆերեշեթը Ներսիսյանին հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Ներսիսյանը պատասխանեց ու ասաց՝ «խմելո՛ւ իմաստով», եւ Ֆերեշեթը նեղացած ասաց՝ «ես խմելու իմաստով հեչ չեմ շտապում», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «իսկ ի՞նչ իմաստով եք շտապում», եւ Ֆերեշեթը պատասխանեց ու ասաց՝ «ոչ մի իմաստով» եւ մի քիչ մտածեց, նայեց ժամացույցին ու ասաց՝ «ժամուկես առաջ շտապում էի, բայց հիմա ոչ մի տեղ չեմ շտապում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «հանդգնում եմ հարցնել ՝ ժամուկես առաջ ո՞ւր էիք շտապում», եւ Ֆերեշեթը կմկմալով պատասխանեց ու ասաց՝ «շտապում էինք գանք էստեղ», եւ Ներսիսյանը փռթկացնելով հարցրեց՝ «գայիք էստեղ, որ ի՞նչ անեիք», եւ Ֆերեշեթը կմկմալով պատասխանեց ու ասաց՝ «որ քեզ տեսնեինք», եւ Ներսիսյանը սեւեռուն նայեց Ֆերեշեթին ու չափազանց խիստ տոնով ասաց՝ «դուք համառորեն վերապնդում եք ձեր այն տեսակետը, որ ձեր խոնարհ ծառան տեսարժան վայր է», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ուզում էինք առաջինը քո նոր տարին շնորհավորենք», եւ Վահանը ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «Վարդանը ճիշտ ա ասում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց, նայեց ժամացույցին ու ասաց՝ «նոր տարվա շնորհավորանքի իմաստով փոքր-ինչ շտապել եք, պարոնայք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «տեսարժան վայրի ընտրության հարցում էլ չարաչար եք սխալվել» եւ մի քիչ էլ մտածեց ու բարեհամբույր ժպտալով ասաց՝ «բայց եթե եկել եք, գլխիս վրա տեղ ունեք» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին նայելով ասաց՝ «փաստորեն, շնորհ եք արել ձեր խոնարհ ծառայի ամանորն առաջինը շնորհավորել», եւ Ֆերեշեթը ժպտալով ասաց՝ «ճիշտ այդպես», եւ Ներսիսյանը ժպտալով հարցրեց՝ «բա ինչո՞ւ չեք շնորհավորում. կարելի՞ է իմանալ՝ ում եք սպասում», եւ Ֆերեշեթը ժամացույցին նայելով ասաց՝ «նոր տարվան դեռ չորս ժամից ավել կա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «դուք ձեզ հակասում եք, երիտասարդ պատվելի» եւ մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով ավելացրեց՝ «չնայած, գինովցած մարդկանց մոտ ինքնահակասման երեւույթը հաճախակի պատահող բան է», եւ Ֆերեշեթը քթի տակ փնթփնթալով ասաց՝ «համարյա բան չեմ խմել», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ այդ համարյան յուր մեջ քանի գավաթ է պարունակում», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեք» եւ մի քիչ էլ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «ամենաշատը՝ չորս», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «հուսով եմ՝ կեղծ համեստություն եք անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չնայած… ձեզ պես մի վտիտ ու վեհերոտ մտավորականին չորս գավաթն էլ է միանգամայն բավական», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու կմկմալով հարցրեց՝ «ինչի՞ համար ա բավական», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակն առաջ հրելու համար», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «երիտասարդ եւ խոստումնալից պատվելին արդյոք ի վիճակի չէ՞ այնպես անել, որ նոր տարին չորս ժամ շուտ երեւան գա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ավելի ճիշտ, ոչ թե երեւան գա, այլ՝ Երեւա՛ն գա. մեծատառո՛վ», եւ Ֆերեշեթը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «առայժմ ոչ ոքի չի հաջողվել ժամանակի ընթացքն ու արագությունը փոխել», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «իսկ ձեր խոնարհ ծառային մշտապես թվացել է թե՝ գինովցած անձինք ամենակարող են» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մեր հինավուրց նախնիք իզուր չեն ասել՝ ծովը խմածի ծնկներից է», եւ Ֆերեշեթը քթի տակ դժգոհ փնթփնթաց, եւ Ներսիսյանը Ֆերեշեթին ասաց՝ «ինչո՞ւ եք փնթփնթում, երիտասարդ. ես ձեր ու ձերնմանների կապակցությամբ մեր հինավուրց ժողովրդի ասած բառը նրբանկատորեն շրջանցելով՝ հարբածի փոխարեն խմած բառն օգտագործեցի» եւ ինձ ու Վահանին նայելով  ավելացրեց՝ «հիմա կասի՝ ընդամենը չորս բաժակ եմ խմել», եւ Ֆերեշեթը  մի քիչ մտածեց ու փնթփնթալով ասաց՝ «էդ չորրորդը լրիվ չխմեցի էլ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «կարելի՞ ա՝ մի հարց էլ ես տամ», եւ Ներսիսյանը հիացած նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «եթե այդպիսի բան անեք, ես ինձ առնվազն ժամանակավորապես երջանիկ կզգամ», եւ Ֆերեշեթը ժպտալով Ներսիսյանին հարցրեց՝ «իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակը չորս ժամով առաջ գցել», եւ Ներսիսյանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որպեսզի ձեր նվիրական երազանքն իրականություն դառնա», եւ Ֆերեշեթը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ նվիրական երազանք», եւ Ներսիսյանը բարեհամբույր ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «քիչ առաջ դուք ասացիք, որ ցանկություն եք ունեցել առաջինը  ձեր խոնարհ ծառայի նոր տարին շնորհավորել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե ժամանակը չորս ժամով առաջ գցելու ընդունակություն ու առաքելություն ունենայիք, հենց հիմա ձեր խոնարհ ծառայի նոր տարին կշնորհավորեիք եւ կգնայիք ձեր տները», եւ Ֆերեշեթը ժամացույցին նայելով ասաց՝ «չորս ժամից կշնորհավորենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «չորս ժամ կհամբերենք», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այսպիսի դեպքերում մեր հինավուրց ժողովուրդը մի շատ խորիմաստ հարց է տալիս», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ հարց ա տալիս», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «այսպիսի դեպքերում մեր հինավուրց ժողովուրդը հարցնում է՝ դուք տունտեղ չունե՞ք», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «անցյալ տարի էլ սկզբում քո նոր տարին շնորհավորեցի, հետո նոր գնացի մեր տուն», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով  Ֆերեշեթին հարցրեց՝ «այս  տարի է՞լ եք մտադիր  նույնն անել», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «այսպիսի դեպքերում մեր հինավուրց եւ իմաստուն ժողովուրդն ասում է՝ «իշտահիդ քացախ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «նմանատիպ դեպքերում մեր հինավուրց ու իմաստասեր ժողովուրդը մի բան էլ է ասում», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ ա ասում», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «այսօրինակ իրավիճակներում մեր հինավուրց ու իմաստասեր ժողովուրդն ասում է՝ «էն վաղ էր, որ էշը կաղ էր» եւ մի քիչ մտածեց ու սեղանին հենած իր ձեռնափայտը բարձրացնելով ավելացրեց՝ «անցյալ տարեմուտին ձեր խոնարհ ծառան մտքով էր կաղ, իսկ հիմա՝ ընդամենը ոտքից» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «լավ է կաղ ոտոք, քան կաղ՝ մտոք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  Ֆերեշեթին ասաց՝ «երիտասարդ պատվելի, դուք մի կարեւորագույն հանգամանք, այնուամենայնիվ, անտեսում եք», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ի՞նչն եմ անտեսում», եւ Ներսիսյանը ժպտալով ասաց՝ «ես հիմա Մաշտոցի պողոտայի բնակիչ եմ, մինչդեռ անցյալ տարեմուտին  ընդամենը Սայաթ-Նովայի պողոտայի բնակիչ էի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «համաձայն չե՞ք, որ տիար Մաշտոցը մի ամբողջ աստիճանով բարձր է մեր մեծագույն գուսանից», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չեմ հասկանում», եւ Ներսիսյանն անսպասելի գոռաց՝ «չհասկանալու ի՞նչ կա» եւ մի քիչ մտածեց ու ձայնը ցածրացնելով  Ֆերեշեթին հարցրեց՝ «չեք հասկանո՞ւմ, որ եթե մեծն Մաշտոցը հայոց գրերը ստեղծած չլիներ, իմ ու ձեր կողմից չափազանց հարգված Սայաթ-Նովան ստիպված կլիներ ընդամենը վրացերեն եւ ադրբեջաներեն տաղեր գրել», եւ Վահանը ժպտալուվ ասաց՝ «վրացերենն էլ չէր գրի», եւ Ներսիսյանը զարմացած նայեց Վահանին ու հարցրեց՝ «կարելի է հարցնել՝ ինչո՞ւ», եւ Վահանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ վրացիների տառերն էլ ա Մաշտոցը ստեղծել», եւ Ներսիսյանը մի քիչ  մտածեց  ու ծիծաղելով Վահանին հարցրեց՝ «տաշեղների պատմությո՞ւնը նկատի ունեք» եւ մի քիչ էլ  մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ցավոք սրտի, Մաշտոցի եւ վրացական  տաշեղների տարբերակը գիտական ապացույցների կարիք ունի», եւ Վահանն ասաց՝ «էդ թեմայով ահագին հոդվածներ են գրվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դրանցից մի քանիսը կարդացել եմ», եւ Ներսիսյանը հիացած  նայեց Վահանին ու ժպտալով ասաց՝ «չափազանց անբնական ու անտրամաբանական կլիներ, եթե Իշխանյան տոհմի երիտասարդ ներկայացուցիչն այդ հոդվածները կարդացած չլիներ», եւ Ֆերեշեթն ասաց՝ «ես էլ եմ մի քանի հոդված կարդացել», եւ Ներսիսյանը  ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ընդամենը մի քանի  հոդվա՞ծ եք կարդացել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ էլ թվում էր՝ կարդացած երիտասարդ եք», եւ Ֆերեշեթն ըմբռնումով ժպտաց, մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «նույնիսկ վրացիներն են էդ թեմայով հոդվածներ գրել», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «ո՞ր թեմայով», եւ Ֆերեշեթը փռթկացնելով  պատասխանեց ու ասաց՝ «տաշեղների» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «այսինքն, որ իրանց տառերը Մաշտոցն ա ստեղծել», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին, աչքերը ճպճպացրեց ու ժպտալով հարցրեց՝ «ծովը ծնկների՞ցդ է, եղբայր պատվական», եւ Ֆերեշեթն ըմբռնումով ժպտաց ու ոչինչ չասաց, եւ Ներսիսյանը նախ Ֆերեշեթին նայեց, այնուհետեւ նայեց մեզ ու Ֆերեշեթին հարցրեց՝ «պատրա՞ստ եք», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «ինչի՞ն», եւ Ներսիսյանը հարցրեց՝ «պատրա՞ստ եք իմ կենաց խոսքն ունկնդրել», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «միշտ պատրաստ ենք», եւ Ներսիսյանը Ֆերեշեթին հարցրեց՝ «խոստանո՞ւմ եք, որ ավելորդ ու անհոդաբաշխ ծպտուններ չեք հանի», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «խոստանում ենք», եւ Ներսիսյանը հանդիսավոր ասաց՝ «ես առաջարկում եմ խմել կենացը  անկրկնելի ու բացառիկ մի անձնավորության», եւ Ֆերեշեթը չարաճճի ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «բա նոր ասում էիր՝ անձնավորված կենացներ չենք խմելու», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց հանգիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «ես ճիշտ հակառակն եմ ասել, երիտասարդ», եւ Ֆերեշեթը հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու միանգամայն հանգիստ տոնով ասաց՝ «միակ շնորհը, որ Տերն ինձ լիուլի է շնորհել, համբերությունն է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ես պատրաստ եմ եւս մի քանի անգամ կրկնել, որ այս տարածքում անձնավորված կենացներ խմելու իրավունքը միայն ու միայն այս օջախի օրինական տիրոջն է վերապահված» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «այլ ոչ թե՝ հյուրերին» եւ Ֆերեշեթին նայելով ու ձայնը խստացնելով ավելացրեց՝ «հատկապես եւ առանձնապես  անկոչ ու անսթափ հյուրերն են այդ իրավունքից զրկված», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «գիտեմ, որ հանաքով ես ասում, դրա համար էլ չեմ նեղանում», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «գիտեմ, որ չեք նեղանա, դրա համար էլ ասում եմ», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «բայց մի բանից շատ նեղացա», եւ Ներսիսյանը զարմացած հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ ով է ձեզ նեղացրել», եւ Ֆերեշեթը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դու», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին հարցրեց՝ «կարելի՞ է իմանալ՝ երբ է ձեր խոնարհ ծառան ձեզ նեղացրել», եւ Ֆերեշեթը  ժպտալով պատասխանեց ու ասաց՝մի քիչ առաջ», եւ Ներսիսյանը չափազանց խիստ տոնով Ֆերեշեթին ասաց՝ «ավելի՛ կոնկրետ», եւ Ֆերեշեթն ամոթխած ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «չթողեցիր կենացդ խմեմ», եւ Ներսիսյանը մի քիչ մտածեց ու չափազանց մեղմ ժպտալով ասաց՝ «ես պատրաստ եմ անձնավորված կենացներին առնչվող իմ տեսակետը հազար անգամ կրկնել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ երիտասարդ վունդերկինդների համար», եւ Ֆերեշեթը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «ես չորրորդ դասարանում էի վունդերկինդ», եւ Ներսիսյանը հիացմունքով նայեց Ֆերեշեթին ու ժպտալով ասաց՝ «դուք այսօրվա դրությամբ էլ եք վունդերկինդ հանդիսանում» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «ցավոք սրտի, հետամնաց հասարակության մեջ ամեն ինչ է հնարավոր» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին  նայելով ավելացրեց՝ «անշուն գյուղ եք մտել՝ անփետ ման եք գալիս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սա արդեն  մեր հինավուրց ու իմաստասեր ժողովրդի կարծիքն է, այլ ոչ թե՝ ձեր խոնարհ ծառայինը», եւ Ֆերեշեթը ժպտալով ասաց՝ «գիտեմ», եւ Ներսիսյանը ժպտալով Ֆերեշեթին ասաց՝ «դուք ամեն ինչ գիտեք, որովհետեւ գործող վունդերկինդ եք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց դուք ամենակարեւորն եք մոռանում, երիտասարդ», եւ Ֆերեշեթը ժպտալով հարցրեց՝ «ամենակարեւորը ո՞րն ա», եւ Ներսիսյանը ձեռքը գցեց  ձեռնափայտին, ձեռնափայտը բարձրացրեց ու գոռաց՝ «դուք մոռանում եք, որ իմ տրամադրության տակ բավական ծանրակշիռ փայտ կա» եւ մի քիչ մտածեց, գավազանը տեղը դրեց ու ասաց՝ «կարծում եմ՝ սույն առարկայի օգտագործման անհրաժեշտությունը չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆերեշեթին նայելով ավելացրեց՝ «առա՛յժմ չկա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031