ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին իր թեկնածուի եւ մասնակցության հարցը կհստակեցնի դեկտեմբերին կայանալիք ԳՄ ժողովի ժամանակ: Այդ մասին այսօր ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Հարցին, եթե պարզվի, որ ձեր թեկնածուն չի համախմբում ընդդիմադիր դաշտը, դուք կհամախմբվե՞ք ուրիշ թեկնածուի շուրջ՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Եթե ասում ենք՝ այս առաջնահերթությունները կան, մենք դրանք նշել ենք, ազգային խնդիրներ, ժողովրդավարություն, սոցիալական արդարության հետ կապված խնդիրներ, այդ առումով եթե դրանք չեն կատարվում երկրում՝ անիմաստ է ընդհանրապես խոսել որեւէ բանի մասին: Թեկնածուն եթե առաջ բերվի, բոլորը կասեն իմ թեկնածուն ամենալավն է, եկեք իմ թեկնածուին պաշտպանեք ու այդտեղ էլ կավարտվի: Բոլորն ասում են՝ հա, միասնական թեկնածուն լավն է, եթե այդ թեկնածուն մերն է: Չպիտի սայլը դրվի եզներից առաջ»: Պարոն Ռուստամյանը նշեց, որ ով էլ լինի այդ թեկնածուն, չի կարող 5 տարի վայելի նախագահական աթոռի բերած հնարավորությունները: Նա պիտի գա ասի՝ ես եկել եմ այս համակարգը փոխեմ: Ինքը գալուն է վճարի այն գինը, որ լինելով նախագահ՝ չի օգտվելու նախագահական իր լիազորություններից հինգ տարի»: Լրագրողները ճշտեցին՝ բայց դուք պատրա՞ստ եք հրաժարվել ձեր թեկնածուից, եթե ավելի լավ թեկնածու լինի՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք մեր թեկնածուին չենք էլ ներկայացրել, որ հրաժարվենք: Ըստ էության, բոլորն արդեն ներկայացրել են, բոլորն ասում են՝ էս ա մեր թեկնածուն, ամենալավն է: Կգտնվի այն թեկնածուն, որին ժողովուրդը կվստահի, հասարակությունը կվստահի»: Հարցին՝ ո՞ր ընտրակեղծիքներն են այս ընտրություններում մեծ պահանջարկ վայելելու եւ ի՞նչ եք անելու, եթե կեղծիքները որոշեն այս ընտրությունների արդյունքները՝ նա պատասխանեց. «Այսօր ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը չունի այն լծակները, հնարավորությունները, որ փաստի կեղծիքների ծավալը: Ասում են՝ ասեք, ո՞ւր են կեղծիքները: Մի քանիսը որ նշում ես, ասում են՝ դե լավ, մի երկուսը եղել են, բայց դրանով հո ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն չե՞ն գործել: Մենք ասում ենք տվեք մեզ ավելի մեծ լիազորություններ»: Հարցին, եւ, այնուամենայնիվ, ի՞նչ եք անելու, եթե կեղծիքները որոշեն արդյունքները՝ նա պատասխանեց. «Կեղծվել են արդեն, ի՞նչ ենք անում հիմա: Մենք հենց սկզբից ենք ասում՝ այս ընտրություններն ընդհանրապես ի՞նչ իմաստ են ունենալու: Այս ընտրությունները եթե չի ծառայելու իշխանությունները, որ պիտի փոխվի, որ ընտրողը կարողանա իր ընտրելու իրավունքը լիարժեք օգտագործի եւ գիտի, որ բան կփոխվի երկրում՝ ընտրություններն իրենց իմաստն են կորցնում»: Լրագրողները խնդրեցին խոսել մինչեւ վերջ՝ հետեւաբար ի՞նչ եք անելու՝ Արմեն Ռուստամյանը հստակեցրեց. «Կարող է չմասնակցենք ընդհանրապես ընտրություններին: Շատ հնարավոր է, որ հայտարարենք, որ չենք մասնակցելու: Եկեք ուրիշ ճանապարհներ գտնենք, ժողովրդին համախմբենք: Մենք պետք է կարողանանք ընտրական կառուցվածքին զուգահեռ այլընտրանքային ընտրական համակարգ ձեւավորել, որ 2000 ընտրատեղամասերում կարողանանք ֆիքսել խախտումները եւ սրա հիման վրա հետընտրական գործընթաց սկսել՝ ընտրություններն անվավեր ճանաչելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև