Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակոց օդ»

Հոկտեմբեր 26,2012 14:13

Կամ՝ ինչու Դիլիջանի կոմպոզիտորների տունը չի անվանակոչվում Էդվարդ Միրզոյանի անունով

Վերջերս իր մահկանացուն կնքեց հայ երաժշտարվեստի երեւելիներից մեկը՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, եւ մեր իշխանությունները արտահայտեցին պատշաճ վերաբերմունք նրա վաստակի հանդեպ:

Ի դեպ,  արտերկրյա անվանի արվեստագետներ եւ այլ ոլորտների գործիչներ ՀՀ նախագահին ուղղված ցավակցական հեռագրում նաեւ ցանկություն են հայտնել՝ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանակոչել Էդվարդ Միրզոյանի անունով: «Առավոտին» հասած հավաստի տեղեկություններով՝ ասվածը միանշանակ չի ընդունվել հայաստանցի արվեստագետների կողմից: Կուլիսային խոսակցություններում հնչում են կարծիքներ, օրինակ՝ ինչո՞ւ Ռուսաստանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը չի անվանակոչվել, ասենք՝ Շոստակովիչի անունով, եւ այլն: Ասում են՝ Վալերի Գերգիեւն էլ է  ամենօրյա հեռախոսազանգերով Միրզոյան ընտանիքից հետաքրքրվում ասվածի առիթով:

ՀՀ կոմպոզիտորների միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը փոխանցեց հետեւյալը. «Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը կոնկրետ առաջարկներով, այն է՝ Դիլիջանի ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգասրահը վերանվանել Միրզոյանի անունով եւ հիմնել Միրզոյանի անունը հավերժացնող միջազգային մրցույթ, դիմել է վարչապետին, ինչը չի արժանացել կոմպոզիտորի ընտանիքի հավանությանը: Համոզված եմ, որ այս հարցը պետք է քննարկվի եւ լուծում ստանա հենց Կոմպոզիտորների միությունում: Եվ հետո, դեռ ընտանիքը սգի մեջ է, ու պետք է մի քիչ սպասել»:

Վլադիլեն Բալյանը մեզ հետ զրույցում,  ողջունելով իր կոլեգաների առաջարկը, ասաց. «Միրզոյանը իր կյանքի օրոք ստեղծեց այդ հիանալի հուշարձանը: 1965թ. Դիլիջանում էր 20-րդ դարի անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենը, Հայաստանից  վերադառնալով հայրենիք, «Թայմս» թերթում գրեց՝ «Անգլիացի կոմպոզիտորները կերազեին ու կնախանձեին հայ կոմպոզիտորներին՝ տեսնելով նրանց համար ստեղծված պայմանները»:  Ժամանակին, երբ Դիլիջանում Բեթհովենի անվան համերգասրահի կառուցման համար պետք էր հատել 1000 ծառ, բնապահպանության նախարարությունը ըմբոստացավ: Միրզոյանը խոստացավ յուրաքանչյուր հատված ծառի փոխարեն տնկել հազարը. նա իր խոստումը ոչ թե պահեց, այլ գերազանցեց այն՝ տնկվեց միլիոնուկես ծառ»:

Յուրի Հարությունյանը նշեց, որ ՀՀ նախագահին դիմած արտերկրյա կոլեգաների խնդրանքը «օդ կրակոց» է եղել, հետո էլ հավելեց. «Պետությունն ու կառավարությունը չեն, որ պետք է նման որոշումներ կայացնեն: Կոմպոզիտորների միությունը հասարակական կառույց է ու նման որոշում պետք է կայացնի հենց միությունը: Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, ով թաղման հանձնաժողովի կազմում էր, նմանատիպ առաջարկություն  արել  է վարչապետին, սակայն  Միրզոյան ընտանիքը չի ընդունել այն»:

Մարտին Վարդազարյանի խոսքերով՝ եթե Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը պետք է որեւէ մեկի անունով կոչել, ապա երկու կարծիք լինել չի կարող, միանշանակ՝ Էդվարդ Միրզոյանի:

Արամ Սաթյանն էլ գտնում է. «Եթե այսօր ունենք Դիլիջանի կոմպոզիտորների տուն, պարտական ենք Միրզոյանին: Անհրաժեշտ է անմահացնել մեր մեծերին ու եթե նրանցից որեւէ մեկի հանդեպ ինչ-ինչ վրիպակ լինի, նշանակում է՝ առանց չափազանցության ջնջել անցյալը»:

Վարդան Աճեմյանն ասաց. «Դիլիջանյան դրախտային այդ վայրը գտել էր հենց Միրզոյանը: Հետագայում այդտեղ նա կարողացավ ստեղծել այնպիսի ջերմ եւ ստեղծագործական մթնոլորտ, որի համբավը դուրս եկավ միջազգային ասպարեզ: 20-րդ դարի մեծերից շատերն են ստեղծագործել Դիլիջանում ու հիացել այդ գողտրիկ անկյունով: Կարճ ասած՝ Դիլիջանի կոմպոզիտորների տունը Միրզոյանի զավակն է»:

Երեկ ողջ օրվա  ընթացքում մեզ չհաջողվեց կապվել ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի հետ,  բայց պատրաստակամ ենք տպագրել նաեւ նրա տեսակետը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031