Այսօր ամեն քայլափոխի անարդարությունը կրնկակոխ հետապնդում է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությանը, եւ տպավորությունը մեկն է. միայն դարերի ընթացքում եւ ձնագնդիի էֆեկտով աճելու պարագայում այն կարող էր ընդունել այսպիսի աննկարագրելի չափեր: Գինեսի ռեկորդների գիրքը զարմանքից կայրվեր, եթե այնտեղ գրանցվեին Հայաստանում առկա անարդարությունների մասին իրական տվյալները:
Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ արդարությունը շատ կարեւոր, պահանջված, մշտապես չբավականացնող, անգերագնահատելի բնական անհրաժեշտություն է, որի գաղափարը գալիս է դեռեւս նախնադարյան ժամանակաշրջանից եւ հավանաբար կշարունակվի մինչեւ մարդկության ավարտը: Արդարություն կոչվող երեւույթի փիլիսոփայությունը շատ բարդ է, ուստի մենք շատ չենք խորանա նրա բովանդակության մեջ եւ կփորձենք ավելի շատ խոսել տարբեր ժամանակներում նրա գոյության կորի մասին: Արդարությունը որոշակի ստանդարտների չի ենթարկվում ու կոնկրետ չափելի չէ: Այն պայմանավորված է բազմապիսի հանգամանքներով, որոնց շարքում կարելի է հատկապես առանձնացնել` տվյալ երկրի ժողովրդի իմացության մակարդակը, նրա ակտիվությունն ու մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներին, պետության կայացածության մակարդակը եւ նմանատիպ մի շարք բաներ: Միամիտների կարծիքով, արդարությունը` դա իդեալական հավասարությունն է, իրականում` այն պետության ներսում սահմանված կանոնների` հնարավորինս անթերի պահպանումն է: Դիտարկենք արդարություն կոչվող երեւույթի անցած ճանապարհի` խորհրդային ժամանակներից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակաշրջանի վիճակագրությունը եւ փորձենք վեր հանել այն գործոնները, որոնցով հնարավոր կլինի որոշակի չափով պատնեշել առկա անարդարություններին: Հետագա համեմատությունների հարմարության առումով նշված ժամանակաշրջանը պայմանականորեն բաժանենք երեք ժամանակահատվածների. առաջին՝ մինչեւ 1988թ. փետրվար, երկրորդ՝ 1988թ. փետրվարից մինչեւ նորանկախ Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների ավարտ եւ երրորդ՝ դրանից հետո` մինչեւ մեր օրերը: Մարդիկ, ովքեր միաժամանակ ապրել են այդ երեք ժամանակահատվածներում, կարող են վկայել, որ Հայաստան երկրում արդարության կորը փոքրիկ վայրիվերումներով հանդերձ` որոշակի չափով առկա է եղել առաջին ժամանակահատվածում: Այն զրոյականին մոտ չափով` մերթընդմերթ նկատելի է նաեւ երրորդ ժամանակահատվածում: Երկրորդ ժամանակահատվածն էականորեն տարբերվում է այդ երկուսից, քանզի այդ տարիներին արդարության կորը հասել էր անհամեմատ բարձր նիշի` այդ ողջ ընթացքում արձանագրելով համարյա կայուն վարքագիծ: Այն սկսեց կտրուկ նվազել այդ ժամանակահատվածի ավարտից անմիջապես հետո եւ կարելի է ցավով արձանագրել, որ գնալով` վայրէջքի կանգառի միտում չի էլ նկատվում: Այդ տարիներին այնպիսի յուրահատուկ վիճակ էր Հայաստանում, որ թվում է` խոսքը գնում է ոչ թե Հայաստանի, այլ մեկ այլ` կայացած երկրի մասին: Փորձենք հասկանալ, թե այդ երեք ժամանակահատվածներն ինչպիսի առանձնահատկություններով էին տարբերվում իրարից: Ի տարբերություն առաջին եւ երրորդ ժամանակահատվածների, Հայաստանում այդ տարիներին` փաստացի երկիշխանություն էր. դե ֆակտո` համազգային շարժման իշխանություն եւ դե յուրե` կոմունիստական: Իրավիճակն այդ տարիներին այսպիսին էր. կոռուպցիա, կաշառակերություն, տարատեսակ հանցագործություններ, հատկապես` գողություն համարյա թե չկար: Օրենքը գործում էր ողջ ուժով, պետական համակարգն ու չինովնիկներն աշխատում էին օրենքի շրջանակներում, ինչպես ասում են, թերեւս առաջին անգամ` իշխանությունն իրոք ծառայում էր ժողովրդին: Իհարկե, շատերը կարող են նաեւ տարակուսել եւ հարց տալ. չէ՞ որ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում իշխանությունը դե յուրե կոմունիստական էր, բա ժողովուրդն ինչպե՞ս կարողացավ այդպիսի արդյունքներ արձանագրել: Կարծում եմ՝ հարցի պատասխանը հենց հարցի մեջ է. դե ֆակտոն հաղթեց դե յուրեին: Այս ամենին զուգահեռ, արժե հիշատակել նաեւ մի ցավալի նոտայի մասին. այդ օրերին մենք այնքան էլ չէինք հասկանում արդարության գինը եւ ինչպես սովորաբար լինում է, մենք դա պետք է հասկանայինք այն ժամանակ, երբ այն արդեն չէր լինի: Անկարելի է չնշել շատ զարմանալի, սակայն հաճելի մի վիճակագրական թվի մասին եւս. այդ տարիներին հանցագործությունների թիվը երկրում նվազել էր մոտ հարյուր անգամ: Ասվածը եւս մեկ վկայություն է, որ այդ տարիներին` ժողովրդի ակտիվության շնորհիվ, Հայաստան երկրում թագավորում էր արդարությունը, որի մասին, հավանաբար, դեռ շատ երկար կերազենք, եթե, իհարկե՝ ժողովուրդը շարունակի իրեն պահել այսօրվա պասիվ վիճակում:
Եվ վերջապես, միգուցե չարժե շատ ոգեւորվել, հնարավոր է, որ այս ամենը հրաշքի արդյունք էր եւ ուրիշ ոչինչ: Իրականում, այդ տարիներին հայ ժողովրդի համար ոչ մի հրաշք էլ տեղի չունեցավ, իսկ եթե որեւէ հրաշք էլ եղավ, դա ընդամենը Տիրոջ բարի կամեցողությունն էր մեր ժողովրդի հանդեպ: Իսկ եթե առաջնորդվենք հայկական հոգեբանությամբ, ապա ասվածը կարելի է ձեւակերպել այսպես. այդ տարիներին մեր ժողովուրդը վաստակել էր Տիրոջ բարեհաճությունը:
Հայ ժողովուրդ. ուզո՞ւմ ես արդարություն, ուրեմն` վաստակիր, քանզի` այն երբեք հրաշքով չի տրվում…
Կարդացեք նաև
ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ