Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում Լոռու մարզի գյուղական համայնքներից 1011 ընտանիք է ներգրավված:
«Գլենդել-Հիլզ» ՓԲԸ-ի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության ծրագրի մեկնարկից մինչ օրս Լոռու եւ Շիրակի մարզերում (չհաշված Գյումրի քաղաքը եւ Ախուրյան համայնքը) 831 բնակարան է կառուցվել: Այժմ էլ մոտ 300 անհատական բնակելի տան եւ բնակարանի շինարարություն է ընթանում:
Սպիտակում ընթանում է նաեւ բազմաբնակարան շենքի շինարարություն, որի բոլոր 49 բնակարանները 1 սենյականոց են:
Կարդացեք նաև
Ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 1011 ընտանիք, Սպիտակ քաղաքում 220-ը, 69-ն էլ Շիրակի մարզում այս պահի դրությամբ ճանաչվել են աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շահառու:
Ընկերությունը փաստում է, որ թեեւ տարվող աշխատանքները փոքր-ինչ դանդաղ են ընթանում, սակայն դա չի խոչընդոտում ծրագրի ընթացքին:
«Աշխատանքների փոքր-ինչ դանդաղեցման պատճառ է համապատասխան աշխատուժի պակասը, ինչն այս պահի դրությամբ էական ազդեցություն չի ունենա ծրագրի ընթացքի վրա: Բնակարաններն ու անհատական բնակելի տները կկառուցվեն նախատեսված ժամկետներում եւ քաղաքաշինական ներկայիս պահանջներին համապատասխան, բոլոր տները մոնոլիտ կառույցներ են, առնվազն 9 բալ սեյսմակայությամբ»,- տեղեկացնում են ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:
ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր
«Առավոտ» օրաթերթ