Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու պատերազմների մասնակցած տարեց մարդը նկուղում է ապրում

Հոկտեմբեր 26,2012 14:02

Չնայած կառավարությունը Երեմ Ղուկասյանին խոստացել է սենյակ հատկացնել, բայց այս ձմեռը նա երեւի նորից նկուղում կանցկացնի

76-ամյա Երեմ Ղուկասյանը մի քանի տարի է՝ բնակվում է, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ գիշերում է նկուղում: Այս տարեց մարդն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ տարիներ առաջ՝ ամուսնալուծվելուց հետո, սեփական որդիները նրան զրկեցին իր իսկ բնակարանից, ինչից հետո նա դարձավ թափառական. մի քանի տարի ապրել է Արցախում, հետո՝ Աբովյան քաղաքի ծերանոցում եւ արդեն մեկ տարուց ավելի է, ինչպես ինքն ասաց՝ իր նախկին բնակարանից մի հարկ ներքեւ է իջել, խոնավ ու ցուրտ ապաստան գտել շենքի նկուղում, որտեղ նրա հարեւաններն են առնետներն ու ջրագծերը. «Մի հատ տախտակ քցած՝ ապրում եմ, էլի: Սաղ օրը վերեւից ջուրը չռռում ա: Իմ վերեւն էլ նախկին կինս ու էրեխեքս են ապրում: Ոչ լույս կա, ոչ կարում եմ շոր լվամ, ոչ լողանամ, դե, շենքի պադվալ ա, ի՞նչ հարմարություն պիտի լինի: Չգիտեմ… խոնավությունն ուտում ա ինձ: Հազար ու մի հիվանդություն ունեմ, սաղ օրը հիվանդ եմ»:

Երեմ Ղուկասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ 20 տարի առաջ դատարանի անարդար վճռի պատճառով է զրկվել սեփական տանիքից:

Բոլոր փորձերը՝ հայրենիքում մի տաքուկ անկյուն գտնելու, ապարդյուն են անցել. 76-ամյա ծերունին նույնիսկ փորձել է հայրենիքից հեռանալ, ցուցապաստառը ձեռքին օտարերկրյա դեսպանատներին է դիմել՝ իրեն այլ երկրում ապաստան տալու համար, սակայն կրկին ապարդյուն:

Հայրենական եւ Արցախյան պատերազմին մասնակցած այս ծերունին ամիսներով կառավարության շենքի առջեւ, արդեն մի քիչ մաշված ցուցապաստառը ձեռքին՝ բողոքի ակցիա է անում, բայց այդպես էլ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա նրան ուշադրության չի արժանացնում, ոչ ոք նույնիսկ «ձեւի» համար չի մոտենում ու հետաքրքրվում, թե՝ ի՞նչ դժգոհություն ունի ծերունին:

Երեմ Ղուկասյանը «Առավոտի» խմբագրություն էր եկել այն նույն ցուցապաստառով, որի վրա գրված էր՝ «Պետության կողմից կողոպտված ու թալանված եմ, խնդրում եմ վերադարձրեք իմ՝ «Հայխնայբանկ»-ում կուտակած ռուսական ռուբլիները, որպեսզի հեռանամ Ձեր երկրից: Ես չեմ կարող ապրել այսպիսի երկրում, որտեղ թալան, կողոպուտ ու կաշառակերություն է տիրում: Գտնվում եմ փողոցներում, չորս կողմը տիրում է խաբեբայություն, սուտ ելույթներ՝ բոլոր ղեկավարների ու նախարարների կողմից: Երկու պատերազմում մասնակցել եմ պաշտպանության մարտերին, բայց գտնվում եմ փողոցում: Գիշերելու տեղ չունեմ, անօթեւան եմ, մի տեղ տվեք կամ էլ վերադարձրեք իմ բնակարանը»:

Երեմ պապը մի քանի անգամ փորձել է «4 պատ» գտնել հանրապետության տարբեր ծերանոցներում եւ անօթեւանների համար նախատեսված կացարաններում, սակայն ոչ մի կերպ չի հարմարվել միեւնույն սենյակում 3-4 մարդու հետ բնակվելու պայմաններին. «Ես կանտուզիա տարած մարդ եմ, մի քանի հոգու հետ նույն փոքր սենյակում չեմ դիմանում: Խոստացել էին Մարալիկում աղքատների համար սարքած շենքում տուն տալ, բայց ոչ էլ տվեցին: Ասում են՝ քեզանից կարեւոր մարդիկ կային, տվել ենք իրանց: Ասում եմ՝ այ մարդ, իմ փողերը՝ 180 հազար ռուբլին, որ սովետի ժամանակ բանկում եմ դրել, տվեք գնամ էս երկրից, գնամ մի տեղ իմ գլխի ճարը տեսնեմ: 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, էդ չի հերիքում հացին ու դեղերին, էլ ուր մնաց թե՝ տուն վարձեմ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ «Առավոտին» վստահեցրին, որ Երեմ Ղուկասյանը հաշվառվել է Մարալիկում սոցիալական բնակարան ստանալու համար. «Բայց քանի որ Մարալիկի սոցիալական բնակարան ստացողների ցուցակները վերջնական ճշգրտելու ժամանակ չենք կարողացել կապվել Ղուկասյանի հետ (հետագայում պարզվել է, որ նա այդ ժամանակաշրջանում հանրապետությունից բացակայում էր), նա չի ընդգրկվել բնակարան ստացողների ցուցակի մեջ: Ելնելով Ղուկասյանի սոցիալական եւ առողջական (նա վերին աստիճանի հյուծված, թերսնված, վերջերս տարել է աչքի վիրահատություն) վիճակից՝ նրան առաջարկել ենք մինչեւ սոցիալական բնակարանների համալիրի նոր շենքերի շահագործման հանձնումը տեղավորվել տուն-ինտերնատներից որեւէ մեկում: Այժմ քաղաքացի Ղուկասյանը հրաժարվում է գնալ տուն-ինտերնատ եւ պնդում է իր ցանկությունը՝ անհապաղ ստանալ բնակարան Մարալիկի սոցիալական բնակարանային համալիրից»:

Նախարարությունից նաեւ վստահեցրին, որ Երեմ Ղուկասյանին սոցիալական համալիրի հերթական շենքերը շահագործման հանձնելուց հետո կտրամադրվի բնակարան:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031