Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանաքը մազի լաքով եւ ացետոնով կարելի է մաքրել»

Հոկտեմբեր 26,2012 13:24

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը՝ ՀԱԿ-ի առաջարկած ընտրական փոփոխությունների մասին

Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Փաթեթում ընդգրկված են 22 առաջարկներ: Դրանք այժմ քննարկվում են ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Անցած շաբաթ հրավիրած մամուլի ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն առաջարկներից մեկը որակեց «հեղափոխական»: Այն, ըստ հեղինակների, հնարավորություն է ընձեռելու բացառել «ընտրական կարուսելը»: Ըստ այդմ, ՀԱԿ-ն առաջարկում է, որպեսզի քվեաթերթիկները չունենան հաշվառման կարգավիճակ՝ համարակալված կամ որեւէ հղումով չլինեն: Փոխարենը նման կարգավիճակ է տրվում ծրարին, որում պետք է հանգրվանի արդեն քվեարկված քվեաթերթիկը: Այսպիսով՝ ընտրողը, ներկայացնելով անձնագիրը, ստանում է ոչ թե քվեաթերթիկ, այլ ծրար: Քվեախցում լրացնելով ազատ քվեաթերթիկը՝ նշում է կատարում իր հայեցողությամբ: ՀԱԿ-ում համոզված են, որ այս մեխանիզմի կիրառումը ընտրողի քվեարկությունը վերահսկելու որեւէ տարբերակ բացառում է: ՀԱԿ-ն առաջարկում է նաեւ վերացնել Ազգային ժողովի ձեւավորման մեծամասնական ընտրակարգը եւ ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգի, տեսանկարահանել քվեարկության օրվա ողջ գործընթացը (նման համաձայնություն եղավ նաեւ խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծված ընտրությունների վերահսկման միասնական շտաբում), տարանջատել բնակչության եւ ընտրողների ռեգիստրները, պարտադիր ժամկետային զինվորական ծառայողներին ընդգրկել ոչ թե զինվորական մասերում կազմվող, այլ ըստ նրանց մշտական բնակության վայրի կազմվող ընտրացուցակներում եւ այլն:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկներին, մասնավորաբար՝ «ընտրակարուսելին» վերաբերող առաջարկին՝ հիշեց դեռ 2006 թվականին ՀՀ ԸՕ-ում կատարված փոփոխությունները, որոնց ժամանակ աշխատանքային խմբում երկար վիճել են՝ ընտրության գաղտնիությունն ապահովելը պարտականությո՞ւն է, թե՞ իրավունք: 2006-ին հանգել էին այն եզրակացության, որ քվեարկողը պարտավոր է գաղտնի քվեարկել, ու ներդրեցին «ծրարների ինստիտուտը», ինչը, արդեն հետին թվով վերլուծություններ անելով, մեր զրուցակիցը համարում է, որ «իր հետ լուրջ բարդություններ բերեց»: Մարգարյանը մանրամասնում է. «Սա ֆրանսիական փորձն էր. պատկերացրեք՝ մտնում ես քվեախցիկ եւ ինչքան ուզես՝ ազատ բյուլետեն կա այնտեղ, որ պահանջեն դատարկը ետ բեր, ինչքան ուզես՝ ետ կտանես: Ուստի կոնսենսուսի եկանք, որ եւ քվեաթերթիկը, եւ ծրարը հաշվարկի առարկա են դառնում»: Իր ընտրական բազմամյա եւ մանրամասն փորձից ելնելով՝ Մարգարյանը մեջբերում է. «Հակառակ պատկերն էլ կա՝ երբ անվավեր է համարվում քվեաթերթիկը, որով ընտրողը ձայն է տվել իր նախընտրած թեկնածուին, քանի որ այն չի ուսումնասիրվել: Ասում է՝ անվավեր ծրար: Այն չի էլ բացում, որ նայի, որովհետեւ քվեաթերթիկը սահմանված նմուշի մեջ դրված չէ: Իսկ համամասնական եւ մեծամասնական ընտրությունների պարագայում գունային տարբերություններ կան, եւ հատկապես գյուղական բնակավայրերում քիչ չեն լինում շփոթմունքները»:

Մարգարյանը փաստում է, որ հաճախ լինում են չկնքված ծրարներ՝ միտումնավոր կամ անփութության պատճառով, ու ամփոփում. «ՀԱԿ-ի առաջարկը լուրջ քննարկման կարիք ունի: Իմ համոզմամբ՝ մենք ինչքան բարդացնում ենք ընտրական պրոցեսը, այնքան խճճում ենք մարդուն եւ մեծացնում ենք անճշտությունների հավանականությունը: Մենք գնալով պետք է պարզեցնենք այդ գործընթացը, իհարկե՝ գաղտնիությունն ապահովելով»:

Նա այդքան էլ լուրջ չի համարում շուրջ 2000 ընտրատեղամասերում 50 մետր շառավղով անընդհատ նկարահանելու մասին առաջարկը. «Նկարահանվում է, էլի: Ազատ իրավունք ենք տվել, ով ցանկություն ունի՝ կարող է դրսում էլ նկարահանում կատարել, այսինքն՝ 50 մետր շառավղով»: Փոխարենը՝ Մարգարյանին ուշագրավ է թվացել ՀԱԿ-ի առաջարկը՝ մատները թանաքոտելու ինստիտուտի վերականգնման մասին: Այս առումով նա հետաքրքիր մեջբերումներ արեց դեռ 2003-2004 թվականներին իր եւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի՝ Ղրղըզստանում նախագահական ընտրությունների ժամանակ կատարած դիտարկումներից. «Այդ ժամանակ Ղրղըզստանը նոր էր կիրառում դա: Ի՞նչ էին անում ընտրողները՝ նախապես իրենց մատներին մազի լաք էին փչում, հետո գնում թանաքոտում էին մատը: Ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, բոլորի ուշադրությունը հենց թանաքի առկայությունն էր, ոչ անձնագրին էին նայում, ոչ այլ բան: Այդ մարդը քվեարկում էր, դուրս էր գալիս, ացետոնով մաքրում եւ նորից մտնում էր: Փաստորեն, խնդիր է առաջացնում: Մատների թանաքոտումը ոչ թե ընդունելի չէ, այլ ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ է տեղի ունենալու: Բացի դրանից՝ մենք նաեւ մենթալիտետ ունեցող ազգ ենք. կան սպեցիֆիկ գյուղեր, որտեղ ավանդույթներ են պահպանվում: Մարդը կասի՝ հա, էլի, գնանք, որ իմ կնոջ կամ աղջկա մատը թանաքոտե՞ն, մեկն էլ փորձի ստուգե՞լ դա»:

Այս համատեքստում Հովհաննես Մարգարյանը հիշում է նաեւ, որ 2006-ին ՕԵԿ-ի առաջարկով են ներդրել կնիքների ինստիտուտը՝ կրկնակի քվեարկությունը բացառելու համար, նախ՝ զինգրքույկներում, ապա՝ անձնագրերում: Բայց քանի որ անցած ընտրություններում այս առումով էլ խնդիրներ ծագեցին, Մարգարյանն այժմ ավելի է գալիս այն համոզման, որ վաղ թե ուշ մենք պետք է ունենանք երկու անձնագիր՝ մեկը սովորական, մյուսը՝ ընտրական:

«Առաջարկում են, որ քվեատուփն այնպիսին լինի, որ մեկ ծրարից ավելի հնարավոր չլինի գցել: Կարծում եմ՝ ներկա քվեատուփերն այդպիսին են, առավել եւս՝ քվեատուփը թափանցիկ է եւ երեւում է»,- ասում է Մարգարյանը՝ հավելելով, որ ներկայիս քվեախցերի պարագայում բավականին բարդ է քվեաթերթիկները փոխելը. «Կներեք, խոսքս շուլլերների մասին չէ, սովորական ընտրողի: Այսինքն՝ ներկայիս դրությամբ կարուսելը բացառված է»: Մարգարյանը կարծում է, որ ընտրական գործընթացին խանգարող, կրկնակի քվեարկությունը բացառելու համար երեք հիմնական խնդիր կա՝ առավել հստակեցնել մարդկանց գրանցման եւ քվեարկության մեխանիզմները, որը ընդունել ենք, բայց պետք է օրերի քանակը ավելացնենք, որպեսզի վերահսկողության մեխանիզմ լինի, ապա՝ լավ չտեսնող ընտրողների հարցը եւ տարբեր գույնի գրիչներով քվեարկությունների բացառումը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031