Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը մեծ սիրով կհամագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ

Հոկտեմբեր 26,2012 13:15

«Լյուցիֆեր չկա, դրանք հեքիաթներ են: Մարդուց մեծ սատանա գոյություն չունի: Հետեւաբար` կհամագործակցենք ցանկացածի հետ,  այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, որպեսզի ժամ առաջ ազատվենք այս  իշխանություններից»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀԱԿ-ը ներկայացնող ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:  Նա խայտառակություն է համարում նախօրեին խորհրդարանի ընդունած նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու մասին նախագիծը: Ասում է. «Նախագահական ընտրություններից առաջ կառավարությունը մարդկանց 2500 դրամ շպրտեց, որպեսզի իր համար թվերով իջեցնի աղքատների թվաքանակը: Բայց դրանից Հայաստանում սովածների թիվը չի պակասում: Ու եթե այսօր խոսում ենք տնտեսական աճի մասին՝ ՀՀ քաղաքացուն ապուշի տեղ ենք դնում: Վարչապետ կոչվածը հայտարարում ա, ասում ա՝ բա ի՞նչ անենք, թողնենք մնան երկրում, որ հեղափոխություն անե՞ն»:

ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության անընդհատ շահարկվող թեմաներում նա տեսնում է Սերժ Սարգսյանի ստվերը՝ «բաժանիր, որ տիրես»  քաղաքականությամբ. «Պետք ա ինտրիգը մտցնել, որպեսզի մենք հարձակվենք իրար վրա, իրար ուտենք, որպեսզի իշխանությունը վերարտադրվի»: Լրագրողների դիտարկումներին՝ «մարտի 1»-յան իրադարձություններում ԲՀԿ-ի մասնակցության եւ մեղավորության մասին, Եղիազարյանը հակադարձեց. « Մարտի 1-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում եւ գնդակահարեցին 10-ից ավելի մարդ, 180 երեխա մեր զինվորներից վիրավորեցին, բոլորին ոտքից, հետեւից կրակած: Չեք  կարող  մի ձայնագրություն ցույց տալ, որտեղ ես մեղադրում եմ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին: Ես նույնիսկ էն գեներալներին չեմ մեղադրի: Երկու մարդ կա, որ ուղիղ պատասխանատու են «մարտի 1»-ի համար՝ Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան»:

Այս իրավիճակում,Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության թեման, ըստ Գուրգեն Եղիազարյանի, պետք է լինի հետեւյալը. «Եկեք նստենք, իրար հետ որոշենք. դուք էլ եք հայ, չէ,՞ ոնց որ: Համախմբվենք՝ երկիրն այս վիճակից հանենք: Պաշտոն-մաշտոն պետք չի: Եկեք ստորագրենք ձեր թղթի տակ, որ վաղը պաշտոնի չենք գալու: Մեծ սիրով կհամագործակցենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Ի պատասխան այս ամենին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձեց. «Հասկանալի է: Միշտ նույն բանի մասին են խոսում: Կհամագործակցենք՝ իշխանափոխություն կազմակերպելու նպատակով: Չգիտեմ, ո՞նց են ուզում համագործակցել՝ իշխանափոխություն կազմակերպելու համար»: «Ասենք՝ քո հետ չստացվեց, ցավդ տանեմ, գնա տուն: Հոգուդ մեռնեմ»,- վրա բերեց Գուրգեն Եղիազարյանը: Մանվել Բադեյանն էլ՝ նկատի ունենալով առաջին նախագահի հրաժարականը՝ հակադարձեց. «Մենք գիտենք ով ա գնացել, որովհետեւ չի ստացվել: Այ էն ժամանակ չի ստացվել, դրա համար շնորհակալություն, որ գնացել ա»:

Նա էլ համաձայնեց, որ 2500 դրամով նվազագույն աշխատավարձը բարձրացնելը «շատ քիչ ա», բայց անկեղծորեն խոստովանեց, որ դա է «ռեսուրսների թույլատրելի աստիճանը» ու հիշեց, որ խորհրդարանում իր հարցին Լեւոն Զուրաբյանն այդպես էլ չէր պատասխանել, թե ինչն են ինչով բազմապատկել, որ ասում են, թե նվազագույն աշխատավարձը կարելի է 72 հազար դրամ դարձնել: Ու այստեղ սկսվեց ավանդական երկար բանավեճը՝ «էն ժամանակների»՝ առաջին նախագահի իշխանության տարիների ու ներկայիս տնտեսական իրավիճակների համեմատությունների շուրջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031