Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր եւ որդի Ղուկասյանները սպառնում են դատի տալ Սամվել Բալասանյանին

Հոկտեմբեր 26,2012 13:10

 Գյումրու նորընտիր քաղաքապետին 1,2 միլիարդ պարտքերի տակ գցած Վարդան Ղուկասյանը այժմ էլ իր եւ որդու պարտքերն է պահանջում նրանից

Երեկ Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավագանու արտահերթ նիստ հրավիրելով, մի քանի հետաքրքրաշարժ բացահայտումներ արեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ իրեն ժառանգություն թողած պարտքերի մասին՝ հասկացնելով, թե ինչ տեսակ յուրացումներ են կատարվել: Նշենք, որ նախորդ քաղաքապետը այնպես է արել, որ Սամվել Բալասանյանը պարտատեր դառնա թե իրեն պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցին եւ թե իր որդուն՝ «ասֆալտչիկ» Սպարտակին: Վերջինս, ըստ տարածված խոսակցությունների, իր ամենամոտ ընկերոջ՝ Արման Բադալյանի հետ համատեղ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի բաժնետեր է, որին եւ վստահվել են Գյումրու փոսալցման աշխատանքները, ու համայնքային բյուջեի փողերը ուղղորդվել են դեպի իրենց:

Այս ամենից նեղված՝ Գյումրու նորընտիր քաղաքապետը բավականին երկար ելույթ ունեցավ՝ ըստ էության խոսելով Վարդան Ղուկասյանի «ատկատներից»: «Ես ուզում եմ Ձեզ ներկայացնել կոմունալի հետ կապված ծախսերը, որն ինձ համար զարմանալի է՝ 826 միլիոնի պարտք ունենք կուտակած կոմունալի ոլորտում: Եթե բյուջեն ուսումնասիրում ենք, տեսում ենք, որ ընդամենը մեկ տարվա մեջ հավաքել են 800 միլիոն, հավաքագրումը էդպիսին է եղել նախատեսված բյուջեի կառուցվածքում: Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, մենք փաստորեն պետք է 2013 թվականին աշխատենք, ոչ մի բան չանենք, ուղղակի պարտքեր տանք, եւ դա բավարար չի լինի, եւս 300 միլիոն էլ 2014 թվականից պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք էս պարտքերը մարել: Դե, հիմա ասում են՝ դե, արի դիմացիր. ի՞նչ պետք է անես, քաղաքապետ նորընտիր, որի վրա մեծ հույս ունի դրած ժողովուրդը, նորընտիր ավագանի է ընտրել եւ այլն, եւ այլն: Ես ասեմ, որ ձեզ համար շատ հետաքրքիր պատկեր է ստացվել՝ կապված ասֆալտապատման եւ շինարարության հետ»,- դիմելով հին ավագանուն ՝ ասաց Սամվել Բալասանյանը: Այնուհետեւ նա սկսեց ներկայացնել կոմունալ ոլորտի պարտքերը՝ ժամերով թվարկելով այն կազմակերպությունների ցանկը, որոնք աշխատանքներ են իրականացրել, սակայն դրա դիմաց չեն վճարվել: «Ախուրյան կոոպշին» ՍՊԸ-ին՝ 59 միլիոն պարտք, «Մագնոն» ՍՊԸ-ին՝ 3 միլիոն 900 հազար, «Անիկո» ՍՊԸ-ին՝ կապիտալ վերանորոգման հետ կապված ծախսեր են, «Վերելակային տնտեսությանը»՝ 41 միլիոն արտաքին լուսավորության պարտք, սա միայն մի կազմակերպությանը: Էստեղ երկու կազմակերպություն կա, կուտակվել են փաստորեն պարտքերը: Հանդիպեցի բաժնետիրական ընկերության տնօրենի հետ, մի կին էր, ինքը հետեւյալը ներկայացրեց, որ ընդամենը 6 միլիոնով երեւի ամեն ամիս դուրս է եկել, հիմա եթե մտածում ենք, մեկ տարի արտաքին լուսավորության պարտք չենք տվել, չի կարող էսպես լինել, ես ձեզ հավատացնում եմ՝ նման կոմունալ ծախսերով չի կարող շնչել համայնքը, էսպիսի պլանավորումով, որը պլանավորված էլ չի եղել: Փաստորեն «Մերձմոսկովյան»՝ 94 միլիոն, հետո «Գաքս» շենքի ներքին հարդարման համար, հլը շենքը հարդարում ենք եւ 20 միլիոն ծախսել ենք, «Հավերժ հիշատակ», գիտեք էդ որն է, պարտք ենք, 500 հազար գումար կարողացանք տալ, էս էն տեղն է, որտեղ մարդը պետք է կարողանա գերեզմանների փոսերը փորի, այլապես հնարավոր չէ, չեղած գումարից տալիս ենք, մեկ-մեկ ասում եմ՝ արեք իմ գրպանից տամ, հանկարծ ռիթմը չկորի: Մինաս Ավետիսյան, շատ լավ է, որ վերջապես որմնանկարը բերեցինք տեղ հասցրեցինք, մեկ միլիոնը տվել ենք, 5-ն էլ կտանք: Ես ընդունում եմ սա, որովհետեւ սրա հետ կապված ես նույնիսկ Ազգային ժողովում հարց եմ բարձրացրել: Քանդակագործ Զավեն Կոշտոյանին եւս պարտք ենք. փոքր գումար է, բայց պարտք ենք, Ֆերդինանդ Առաքելյանին, էսօր եկել էր գումարի հետեւից, «Մելանխոլինդ»՝ սա երկրորդ կազմակերպությունն է արտաքին լուսավորության՝ 14 միլիոն էլ սրանց ենք պարտք»,- ժամերով ցուցակը ընթերցեց քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ին ունեցած պարտքերին: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ոչ միայն այս կազմակերպությունն է պատկանում Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակին, այլեւ քաղաքի լուսավորությամբ զբաղվող «Վերելակային տնտեսությունը»: Եվ փաստորեն բյուջեից ահռելի գումարներ են գնացել Սպարտակ Ղուկասյանի հաշվին: «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի յուրացումների մասին Սամվել Բալասանյանն ասաց. «Զարմանալի պարտք է՝ 427 միլիոն: Ճիշտն ասած, զարմանալի բան է, նախեւառաջ իրենք ընդհանուր հանել են, թե ինչպիսի շարժ են տվել, տարվա ընթացքում փոխանցվել է 335 միլիոն, դոտացիայի գումարները, որը որ աշխատավարձ պետք է տրվեր, փոխանցվել են այս ընկերությանը, մեծ գումարներ: Ի՞նչ է կատարվել, 335 միլիոնին գումարենք 427, մոտավորապես 750 միլիոն դրամ այս ընկերությունը. ասֆալտապատման աշխատանքներ է կատարել, այդ ասֆալտապատումը եղել է փոսային նորոգումներով, եւ դա եղել է հիմնականում հուլիս ամսից հետո: Հուլիս ամսից հետո մենք էդքան աշխատանք ենք կատարել փոսալցման: Ճիշտն ասած, ինձ համար աուդիտ կանչելը ճիշտ կլինի, որպեսզի մանրամասն ուսումնասիրվի՝ արդյոք սա իրատեսակա՞ն է համարվում, թե՞ ոչ, որովհետեւ ես խիստ կասկածում եմ՝ հուլիսից հետո փոսի նորոգում ես միայն Սովխոզի վրա եմ տեսել, բենզակալոնկի մոտ, ուրիշ տեղ ես փոսի նորոգում չեմ տեսել: Չունեն լիցենզիա, լիցենզիան չենք կարող գտնել, իրավունք չունեին ասֆալտապատման աշխատանք իրականացնել, բացի դրանից՝ չկան պայմանագրեր, պայմանագիրը 400 միլիոն է եղել, չէր կարող լինել 700 միլիոն, հիմա դուք մտածեք, թե ինչ է կատարվել, ո՞նց կարող ենք աուդիտ չբերել»:

Քաղաքապետը նաեւ ասաց, որ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն անգամ նամակ է գրել ու սպառնացել դատի տալ Բալասանյանին, եթե հանկարծ նա համարձակվի պարտքերը չվճարել: Հետաքրքիրն այն է, որ Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը եւս գրություն է ուղարկել քաղաքապետարան՝ պահանջելով 3 միլիոն 700 հազար դրամի գումարի պարտքը, այլապես սպառնացել է դատի տալ: Մինչդեռ, ըստ Բալասանյանի, իտալացիների համար կատարված այդ ծախսը որեւէ փաստաթղթում ֆիքսված չէ: «Հերիք չէ՝ պարտքեր են արել, մի բան էլ դատի են տալիս մեզ, հիմա դուք մտածեք: Ճիշտն ասած, զարմանալի է ինձ համար, ո՞նց կարող ենք աուդիտ չկանչել, կատարված շինարարական աշխատանքներից եւ ոչ մեկը ես իրատեսական չեմ համարում՝ ոչ 142 միլիոնը, ոչ 94 միլիոնը, ոչ 427 միլիոնը: Բոլորը ստուգվելու են, փորձաքննություն է անցկացվելու, հիմա երկու կազմակերպություն դատի են տվել արդեն, մենք ասել ենք՝ փորձաքննություն կանցնենք, դրանից հետո մենք ձեզ պատասխան կտանք»,- ասաց պարոն Բալասանյանը: Սակայն ներկա գտնվող ավագանու 9 անդամներից 6-ը դեմ, 3-ն էլ ձեռնպահ քվեարկեցին Սամվել Բալասանյանի՝ աուդիտ հրավիրելու առաջարկին՝ այսպիսով «չծախելով» Վարդան Ղուկասյանին: Նորընտիր քաղաքապետը այս հարցը խոստացավ լուծել նոյեմբերի 19-ին՝ նորընտիր ավագանու միջոցով, երբ վերջինս կգումարի իր առաջին նիստը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031