Երեկ Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները գնահատում են ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին Aravot.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից: Հիվանդանոց տեղափոխված մնացած 8 մարդու վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։
Երեկ Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետեւանքով էլ երկու մարդ էր ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նախարարությունից հայտնեցին, որ տուժածների վիճակը մասնագետները գնահատում են ծանր, չնայած դրան երկուսն էլ գիտակցություն ունեն։ Նրանցից մեկին, ում մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում եւ սալջարդ, կողոսկրերի կոտրվածքներ` այսօր կվիրահատեն, քանի որ վնասվել է փայծաղը։
Երկրորդ տուժածի մոտ ախտորոշվել է սուր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, սուր շնչառական անբավարարություն։