Թեեւ մենք՝ լրագրողներս, շարունակում ենք հարցեր տալ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին՝ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ հարցերը, մեծ հաշվով, առանձնապես իմաստ չունեն: Պատճառը պարզ է. այն մարդիկ, ում մենք հարցեր ենք տալիս, որեւէ բան չեն որոշում: Մեր հարցերին կարող են պատասխանել միայն տվյալ կուսակցությունների առաջին դեմքերը, որոնք, սակայն, լրագրողների համար մատչելի չեն: Իսկ երկրորդական դեմքերը (այսինքն՝ մնացած բոլորը) տեղյակ են «վերեւներում» կատարվող պրոցեսներին ճիշտ նույն չափով, որքանով տեղյակ ենք մենք: Բայց, ի տարբերություն մեզ, որոշումն ընդունելուց հետո նրանք կգտնեն շատ համոզիչ եւ պերճախոս փաստարկներ, որոնք կհիմնավորեն իրենց «շեֆերի» քայլը, ինչպիսին էլ այն լինի: Օրինակ՝ բոլոր հնարավոր եւ անհնարին տարբերակների դեպքում՝ կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը, թե՞ չի առաջադրվի, կպաշտպանի Գագիկ Ծառուկյանի՞, Վարդան Օսկանյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ էպոսագետի թեկնածությունը, կամ ընդհանրապես ոչ մի թեկնածություն չի պաշտպանի, միեւնույն է, այն մարդիկ ՀԱԿ-ում, որոնց մենք վերոհիշյալ հարցերը տալիս ենք, կհայտարարեն, որ դա իմաստուն կեցվածքի գագաթնակետն է, ինչպես նաեւ պրագմատիզմի եւ «ռեալպոլիտիկի» վերջնական հաղթանակը:
Նույնը վերաբերում է Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի երկրորդական դեմքերին:
Իմաստազուրկ հարց է, օրինակ՝ գործո՞ւմ է արդյոք հիմա կոալիցիոն հուշագիրը: Մարդկության պատմության ընթացքում այդպիսի՞ հուշագրերի վրա են թքած ունեցել քաղաքական գործիչները, երբ դրա անհրաժեշտությունն է առաջացել: Կամ՝ ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ: Եթե նույնիսկ ընթանում են, ապա երկրորդական դեմքերի մակարդակով, իսկ դա նշանակում է, որ դրանց ընթացքը վերջնական որոշման վրա էական ազդեցություն չի ունենա:
Այս հարցերի շուրջ տեղեկատվության այն հեղեղը, որը կա լրատվամիջոցներում, նախեւառաջ՝ համացանցում, երեք տեսակի է բաժանվում. 1/ գործընկերները պարզապես ցանկանում են ընթերցող գրավել սենսացիոն նորություններով, որոնք հիմնված են «խիստ հավաստի աղբյուրների» վրա, 2/ «խաղի մասնակիցները» իրենք են լրատվամիջոցներ «նետում» այս կամ այն հորինվածքը՝ մնացած մասնակիցներին ինչ-ինչ ուղերձ հասցնելու կամ էլ նրանց ինչ-որ քայլերի սադրելու նպատակով, 3/ նույն խաղացողները պարզապես ձգտում են իրար վարկաբեկել: Երեք դեպքերում էլ, բնականաբար, այնքան էլ կարեւոր չէ, թե որքանով են այդ մոգոնած լուրերը «խելքին մոտիկ»: Վերջերս, օրինակ, ես մի տեղ կարդացի, որ ՀԱԿ-ը բանակցում է Քոչարյանի որդիների հետ՝ համենայնդեպս սրամիտ է:
Կարդացեք նաև
Բայց նման «տեղեկատվական հոսքերը» եթե ոչ խրախուսելի, ապա սովորական, բազմաթիվ այլ երկրներում տարածված երեւույթներ են: Մեր խնդիրն այլ տեղում է. Հայաստանում, բացի առաջին դեմքերից, մնացած բոլորը երկրորդական դեմքեր են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ